ԱԽՈՒՆԴՈՎՅԱՆ ԽԱՌՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ

Վ. Յու. Ախունդովը, 1959թ. հուլիսի 15-ին փոխարինելով Ի. Դ. Մուստաֆաևին Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում, շարունակեց իր նախորդների ազգայնամոլ քաղաքականությունը` այն ՙհարստացնելով՚ նոր ստույգ բովանդակությամբ։ Հանդես գալով կուսակցության ԼՂ մարզկոմի պլենումում՝ Ախունդովը քննադատության ենթարկեց Ի. Մուստաֆաևի քաղաքականությունը և սուտ խոստումներ տվեց կառուցել Եվլախ-Ստեփանակերտ երկաթգիծը, կահույքի ֆաբրիկան (շինարարությունն սկսվել է 1959թ.), գործարաններ Ստեփանակերտում, գինեգործական ձեռնարկություն Մարտունի շրջկենտրոնում, վերանորոգել ոռոգիչ համակարգերն ու ջրանցքները, ընդլայնել ոռոգվող հողերի մակերեսը, մեծացնել կապիտալ ներդրումների ծավալները, լուծել բնակարանների և սոցիալ-մշակութա-կենցաղային օբյեկտների շինարարության հարցերը։
Փորձելով սանձահարել Ադրբեջանի ղեկավարության ազգայնամոլական նկրտումները` միութենական կենտրոնը Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի երկրորդ քարտուղարի պաշտոնին ուղարկեց Վ. Ե. Սեմիչաստնիին, որն այդ պաշտոնում աշխատեց 1959-61 թթ. (հետագայում դարձավ ԽՍՀՄ ՊԱԿ¬ի նախագահ)։ Տեղում ծանոթանալով Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը` Վ. Սեմիչաստնին, հանդես գալով Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի պլենումներից մեկում, ստիպված էր խոսել ոչ այնքան 1959թ. ԽՍՀՄ¬ում ընդունված` պետության զարգացման յոթնամյա ծրագրի իրագործման, որքան` աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակության խնդիրների և անհրաժեշտության մասին։
Վ. Ախունդովը խորամանկորեն օգտվեց ԽՄԿԿ Կենտկոմի 1962թ. նոյեմբերյան պլենումի որոշումներից՝ կուսակցական մարմինների, այսպես կոչված՝ արտադրական սկզբունքով վերակառուցման մասին և 1963թ. գարնանը պլենումի որոշումների իրականացման քողի տակ որոշեց վերջ տալ հայաբնակ շրջաններին։ Վերացվեցին հայկական Շամքորի, Խանլարի, Շահումյանի և Դաշքեսանի շրջանները և այդպիսով կրկին վերագծվեցին դրանց վարչական սահմանները, ինչի արդյունքում առանցքային բոլոր կարևոր պաշտոններում հայտնվեցին ադրբեջանցիներ։ Նշյալ շրջաններում չէին լուծվում սոցիալական խնդիրները, դադարեցվեց հայկական թերթերի տպագրությունը, փակվեցին հայկական դպրոցները։ Այս ամենը չհիմնավորված ծրագրերի ու առաջադրանքների հաստատման քաղաքականության դիտավորյալ ու կոպիտ անցկացման, գյուղատնտեսական մշակաբույսերի և արտադրական հզորությունների տեղակայման կամայական աշխարհագրության, գնագոյացման լրիվ կամայականության, աշխատավարձերի կտրուկ նվազման հետ մեկտեղ վատթարացրեց մարդկանց կյանքը և հանգեցրեց տասնյակ հազարավոր բնիկ հայ բնակչության՝ Ռուսաստան և Հայաստան արտագաղթին և նշված շրջանների զանգվածային  ադրբեջանականացմանը։ Բազմաթիվ նախարարություններում, գերատեսչություններում և պետհիմնարկներում հայերի, ռուսների և հրեաների փոխարեն նշանակվում էին ոչ կոմպետենտ ադրբեջանցիներ։
Ղարաբաղի հայ բնակչությունը զգում էր ախունդովյան ղեկավարության շովինիստական քաղաքականությունը բոլոր ոլորտներում. տնտեսության և ժողովրդագրության, առողջապահության և կրթության, պատմության և հոգևոր կյանքում։ Ադրբեջանի ղեկավարության ամբողջ քաղաքականությունն  ինքնավար մարզի նկատմամբ հանգում էր մարզային իշխանություններին, հիմնարկներին, կոլտնտեսություններին և խորհտնտեսություններին տարրական իրավունքներից, տնտեսական ինքնուրույնությունից զրկելուն և նպատակ էր հետապնդում ավերել ԼՂԻՄ տնտեսությունը։ 1960-ականների սկզբին մարզի կենսագործունեության բոլոր ձեռնարկությունները և ոլորտները դրվեցին ադրբեջանական ձեռնարկությունների կախվածության և դրանց ենթակայության տակ. Ղարմետաքսկոմբինատը՝ Ստեփանակերտից 180 կմ հեռավորության վրա գտնվող Նուխիից (Շաքի), որտեղ պետք է ուղարկվեր կոշտ մետաքսը՝ գունավորման, հացի գործարանը, ինչպես նաև առողջապահությունն ու դեղատների կառավարումը՝ Աղդամից, մարզային մատակարարումն ու առևտուրը՝ Բարդայից և այլն։ Հենց այդ ժամանակ փակվեցին ցարական ժամանակներից գործող մետաքսակարժական ֆաբրիկաները հայկական Ղշլաղ, Խնձրիստան, Սեյդիշեն գյուղերում։ Եթե Մուստաֆաևի օրոք 1957թ. փակվեց Մարտակերտի շրջանի Մատաղիս ավանի բնական կաուչուկի գործարանը, ապա Ախունդովն ավելի հեռուն գնաց՝ փակելով Մատաղիսի մանրահատակային և լուցկու գործարանները։ Մի քանի տասնյակ աշխատատեղերի փակումը լուրջ հարված եղավ ինժեներատեխնիկական աշխատողների և բանվորների համար։ Նույն ժամանակ փորձ արվեց ոչնչացնել թթի պլանտացիաները, ինչը կանխվեց շնորհիվ Ղարաբաղի մեծ հայրենասեր, գրող Լեոնիդ Հուրունցի, ՙԻզվեստիա՚ համամիութենական թերթի, գյուղի աշխատավորների՝ Մոսկվա ուղարկված հարյուրավոր բողոքների։ 
Ձգտելով լուրջ վնաս հասցնել մարզի գյուղատնտեսությանը` ախունդովշչինան ղեկավարվում էր կոշտ բռնապետության և կամայականության համակարգված քաղաքականությամբ, ինչը հասնում էր բացահայտ ահաբեկչության։ Առանց մարզային ղեկավարության հետ համաձայնեցնելու, Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կիրովի անվան խորհտնտեսությունը (ներկայում՝ Շուշիի շրջանի Հին շեն գյուղը) վերածվեց,  այսպես կոչված, ՙԱդրբեջանի գյուղմթերքների արտադրության և մթերման նախարարության կոմպլեքսային  զոնալ փորձակայանի գիտական բազայի՚։ Մի քանի տարի անց, համոզվելով այդ որոշման սխալ և տնտեսական աննպատակահարմար լինելու մեջ, մարզի ղեկավարությունը 1963թ. սեպտեմբերի 11-ին դիմեց Ադրբեջանի ղեկավարությանը՝ առաջարկելով  ՙԿիրովի անվան սերմնաբուծական խորհտնտեսությունը վերակազմավորել կաթնաանասնապահական խորհտնտեսության՚։ Մի քանի ամիս անց՝ 1963թ. դեկտեմբերի 3-ին, Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահ Է. Ալիխանովի պատասխան նամակը կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Գ. Ա. Մելքումյանին և մարզգործկոմի նախագահ Մ.Գ. Օհանջանյանին իր մեջ պարունակում էր բացարձակ անհեթեթություններ այն մասին, որ այդ խորհտնտեսությունը ՙկարող է Ստեփանակերտ և Շուշի քաղաքների բնակչությանն ապահովել բանջարեղենով և կաթով՚, և պատճառաբանելով նրանով, որ (խորհտնտեսությունը) Ղարաբաղի գենետիկայի և սելեկցիայի գիտափորձարարական միակ փորձակայանն է, որտեղ ՙԻնստիտուտն աճեցնում է հանրապետությունում հացահատիկային, հատիկաընդեղենային և եգիպտացորենի հիբրիդային սերմերի զգալի քանակություն՚, անհնար է համարում Կիրովի անվան սերմնաբուծական խորհտնտեսությունը կաթնաանասնաբուժականի վերածումը՚։ Մնում է սոսկ  նշել, որ այդ խորհտնտեսության տարածքը գտնվում է ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա, և բանջարեղենն այստեղ հասունանում է շատ ավելի ուշ, քան մարզի մյուս շրջաններում, առավել ևս, Ստեփանակերտին հարակից ադրբեջանական գյուղերում և մարզին հարակից ադրբեջանական շրջաններում, որոնց բնակիչները գործնականում շուկային մատակարարում էին բանջարեղենի առյուծի բաժինը։ Նույն նամակում համաձայնություն էր տրվում Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Կիրովի անվան կոլտնտեսությունը միավորել ՙԲեյուք Թաղլար (Մեծ Թաղլար) սերմնաբուծական խորհտնտեսությանը։ Այլ խոսքով՝ մարզի ղեկավարությունը չէր կարող ինքնուրույն լուծել գյուղերի միավորման հարցերը։
Նշեմ, որ տվյալ դեպքում Է. Ալիխանովը համաձայնեց գյուղը միացնելու առաջարկին, քանզի նման պրակտիկան, հակառակ գյուղի աշխատավորների կամքին, ուղղակի կարգադրվում էր Բաքվից և հանգեցնում էր մի գյուղի ուժեղացմանն ու մյուսների թուլացմանը, տասնյակ գյուղերի հայաթափմանն ու դրանց աստիճանական ադրբեջանականացմանը։ Շուտով դժգոհ գյուղացիները, իրենց մաշկի վրա զգալով նման քաղաքականության  կործանարարությունը, բազմաթիվ շրջաններում պահանջում էին առանձնացնել գյուղերը (կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ապախոշորացում)։ Հիշում ենք, թե ինչպես 1968թ. Խաչմաչից 5 հոգու գյուղն առանձնացնելու պահանջի համար Բաքվի հրահանգով ձերբակալել ու 15 օր նստեցրել էին Ստեփանակերտի ՆԳԲ քրեական մեկուսարանում։ Նրանցից երեքը՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և հաշմանդամներ Արամ Ղահրիյանը, Արմենակ Խաչատրյանը և Արամայիս Սարգսյանը 70-ին մոտ տարիքում էին։ Մինիստրների խորհրդի նախագահ Է. Ալիխանովին ուղղված՝ 1964թ. հունվարի 2-ի նամակում պարունակվում էր խնդրանք՝ ՙբացառության կարգով բանվորներին և ծառայողներին (ընդամենը երեք գյուղերի խորհտնտեսությունների - Վ.Ղ.) թույլատրել անհատական տնտեսություններում պահել մեկական գլուխ ձի կամ էլ ավանակ՝ առանց հարկավճարի՚։ Բաքվում մերժեցին անգամ այդ մանրուքը։  Ընդսմին, մերժում են նաև Ղարմետաքսկոմբինատի համար ներկման արտադրամասի կառուցման, դուռ-պատուհանների արտադրության ստեղծման (ոչ թե Կիրովաբադից և Մինգեչաուրից՝ 140-175 կմ հեռավորությունից ստանալու և այլն)  առաջարկը (ԼՂՀ պետարխիվ, ֆ. 1, 01, միավ. 23, ժող. 3, էջ 44)։
Շինարարությունում ստեղծված ծանր վիճակը մեծ  խափանումներով շարունակում էր խորանալ։ Մարզին հատկացվող կապիտալ ներդրումները չափազանց փոքր էին առաջադրված խնդիրների և հաստատված պլանների համեմատ։ Եթե մարզկենտրոնը լավ թե վատ կառուցվում էր 1936թ. գլխավոր հատակագծի համաձայն, ապա շրջկենտրոնների գլխավոր  հատակագծերն այդպես էլ չնախագծվեցին։ ԼՂՀ պետարխիվում պահպանվել է Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ա. Օրուջևի ստորագրությամբ նամակը մարզգործկոմի նախագահին. ՙԱդր. ԽՍՀ Մինիստրների խորհուրդը տեղեկացնում է, որ միջոցների սահմանափակության պատճառով Մարտակերտ, Մարտունի և Հադրութ քաղաքատիպ ավանների 1964-65 թթ. գլխավոր հատակագծերի մշակումը հնարավոր չէ՚։ Բացի այդ, հանրապետության իշխանությունների որոշմամբ  շինարարությունում աշխատավարձի ֆոնդը կրճատեցին։ 1963թ. հոկտեմբերի 25-ին Բաքու հղված նամակներից մեկում Մ. Օհանջանյանը ուշադրություն է հրավիրում այն բանին, որ մարզի համար պլանավորված 320 հազար հատ խորանարդ քարից մատակարարվել են  ընդամենը 152,5 հազարը, ՙտարին ավարտվելու վրա է, շինարարություններն ավարտին չեն հասցվում՚ (ԼՂՀ պետարխիվ, ֆ.1, պահ. 17, ժող. 2, էջ 194)։ Շինանյութերի հայտարարված ֆոնդերը կրճատվեցին, և ի հավելումն այս ամենի,  մարզի միակ շինվարչությունը դրվեց Ստեփանակերտից 150 կմ հեռավորության վրա գտնվող Մինգեչաուրի տրեստի ենթակայության տակ՚։ Հենց այնտեղ ուղարկվեցին ավտոտրանսպորտային  և շինարարական տեխնիկայի լավագույն միավորները։ Վերոհիշյալ գործոնները հանգեցրին այն բանին, որ մասնագետ շինարարների ավելի քան 30 տոկոսը աշխատանք գտնելու հույսով մեկնում էր հարևան ադրբեջանական շրջանները, որտեղ լավ էին վճարում, և շինանյութը միշտ հերիքում էր։ Նրանք ակամա մասնակցում էին Ղարաբաղի հայերի դեմ պայքարի համար ՙֆորպոստների՚, հատկապես Աղդամի, ստեղծման համար։ Ստեփանակերտցի որմնադիրները, ատաղձագործները, ներկարարները կառուցեցին Աղդամը, Մարտակերտի շրջանի շինարարները՝ Միր Բաշիրը, Մարտունու և Հադրութի շրջաններինը՝ Ֆիզուլու, Զանգելանի և Ջաբրայիլի շրջանները։ Այդ ժամանակ մի քանի հարյուր շինարարներ սկսեցին ամեն տարի մեկնել Ռուսաստան և Ղազախստան, ինչը զգալիորեն նվազեցնում էր գործազրկությունը  մարզում։ 1960-ականների կեսերին, այդուհանդերձ, ստեղծվեց ՙՄիջկոլտնտշին՚ տրեստը, որը զբաղվում էր գյուղում անասնապահական ֆերմաների շինարարությամբ։ Այն իրականացվում էր ոչ այնքան ինքնավարությանը հատկացվող կապներդրումների, որքան բուն կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ֆինանսական սուղ միջոցների հաշվին։ 1967թ. մարզի ղեկավարության բազմաթիվ  համառ պահանջներից հետո ստեղծվեց հ. 9 շինտրեստը։ Դրա կազմավորման ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը Ստեփանակերտում գոյություն ունեցող ՙԱդրգյուղշինի՚ (ք. Մինգեչաուր) 4-րդ տրեստի հ. 41 շինվարչությունը վերակազմավորեց հ. 9 տրեստի հ.  91 շինվարչության և խորամանկորեն ստեղծեց Աղդամի և Շուշիի շինվարչությունները՝ Աղդամն ու ադրբեջանականացվող Շուշին ու Լաչինի շրջանը կառուցապատելու համար։ Արդյունքում իբր մարզին հատկացվող շինանյութի ֆոնդերի մեծ մասը բաժին էր ընկնում Աղդամի և Լաչինի շրջաններին։
Միայն խանդավառության և մեծ ջանքերի գնով մարզի ղեկավարությանը հաջողվեց կառուցել կուսակցության մարզկոմի շենքը, Լենինի և Կիրովի փողոցների բնակելի շենքերը, 1966թ. կառուցվեց ՙԴինամո՚ մարզադահլիճը, 1960¬ականների վերջին ձեռնամուխ եղան ՙՄենք ենք, մեր սարերը՚ հոյակերտ հուշարձանի կառուցմանը, որի հեղինակ  Ս. Բաղդասարյանը 1965թ. Իտալիայում կայացած քանդակագործների միջազգային մրցույթում արժանացել էր ոսկե մեդալի։
Ընդհուպ մինչև 1963թ. վերջը մարզկենտրոնում հացը վաճառվում էր կտրոններով, հաճախ մեկ հացի համար մարդիկ ստիպված էին ժամերով, երբեմն էլ ամբողջ գիշերը հերթ կանգնել։ Խտրական քաղաքականությունն իրականացվում էր բոլոր ուղղություններով։ Եթե մինչև 1960-ական թվականները Ղարաբաղում լավ թե վատ նշվում էր Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման օրը, ապա Ախունդովի օրոք դա ևս արգելեցին։ Գործնականում խզվեցին բոլոր կապերը Երևանի հետ։ Մշակույթի և կրթության բնագավառում և հակառակը, ՙաճող սերնդի ինտերնացիոնալ դաստիարակության՚ նպատակով դպրոցներում հանդիպումներ էին կազմակերպվում  ադրբեջանական գրողների և բանաստեղծների հետ, ծանոթացնում արդեն ՙադրբեջանականացված՚ պարսիկ բանաստեղծ Նիզամու, Վուրղունի, Մամեդկուլիզադեի և այլոց ստեղծագործությանը։ Նման  միջոցառումների տրագիկոմիկականությունը կայանում էր նրանում, որ Բաքվից ժամանողները պաթոսով արտասանում էին ադրբեջաներեն լեզվով, իսկ ռուսական և հայկական դպրոցների աշակերտները ստիպված  նստում ու լսում, սակայն ոչինչ չէին հասկանում։
Հիշողությանս մեջ է ՙՀեռավոր ափերում՚ ֆիլմի գլխավոր դերակատարի հետ հանդիպումը. դերասանը ռուսերեն էր խոսում։ Հետագայում պարզ դարձավ, որ ֆիլմի հերոս Մեհթի Հուսեյնզադեն 1957թ. հետմահու ստացել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Պատերազմից հետո Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հանրապետության կուսակցական ղեկավարության առաջադրանքով ամբողջ 12 տարի նյութեր էր հավաքում նրա մասին, և Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, սելեկցիոներ Ի. Մուստաֆաևը դիմեց միութենական կենտրոնին՝ Մեհթի Հուսեյնզադեին շնորհել հերոսի կոչում։ Մոսկվայում հասկացան Ադրբեջանի ղեկավարության սպասումները. չէ՞ որ տիտղոսային ազգն ընդամենը 40 հերոս ունի, այսինքն՝ ոչ մեծ Ղարաբաղից ընդամենը երկու անգամ ավելի։ 
Միութենական իշխանությունները նաև շատ բանով շահագրգռված էին դրանով. չէ՞ որ ինչ-որ կերպ պետք էր համահարթել խորհրդային ժողովուրդների մասնակցությունը պատերազմին, իսկ ադրբեջանցիների դեպքում հույս ունեին ծածկել անդամախեղության, զանգվածային դավաճանությունների և գերության հանձնվելու փաստերը. ֆաշիստների կողմն անցած ադրբեջանցիների թիվը տոկոսային հարաբերությամբ ամենաբարձրն էր ԽՍՀՄ մահմեդական ժողովուրդների շարքում։ (Դա հաստատվում է բազմաթիվ փաստերով, այդ մասին գրված է և թուրքմենական հետախույզ Ագա Բերդիևի գրքում)։ Տաք հետքերով երկու գրողներ գրեցին վիպակ, ըստ որի 1958թ. ֆիլմ է նկարահանվել։ Ծագումով ղարաբաղցի տանկիստ, ավագ լեյտենանտ Վարդան Տոնյանին պատերազմի տարիներին երկու անգամ ներկայացրել են Խորհրդային Միության հերոսի կոչման, սակայն հերոսի կոչում շնորհելու հրամանագիրն այդպես էլ չարձակվեց...
Բայց ահա ծննդով Ադրբեջանից Հազի Ասլանովին դարձյալ Ադրբեջանի ղեկավարության միջնորդությամբ  1990թ. կոչում են շնորհել՝ նրան դարձնելով կրկնակի հերոս։ Մի փոքր սխալ էին թույլ տվել. Ազի Ասլանովն ազգությամբ թալիշ էր...
 
(Շարունակելի)
Վալերի ՂԱԶԱՐՅԱՆ