comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՏՉԵԼԻ ԻՆՏԵՐՆԵՏ` ԴՊՐՈՑՆԵՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՏՉԵԼԻ ԻՆՏԵՐՆԵՏ` ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

altՍվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հունվարի 24-ին տեղի ունեցավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի այս տարվա առաջին  հրապարակային նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր չորս հարցերը հեռահաղորդակցության բնագավառից էին, իսկ առաջինը ՙՂարաբաղ Տելեկոմի՚ կողմից ներկայացրած ՙԻնտերնետ` դպրոցներին՚ նոր սակագնային պլանի հաստատումն էր:

ՂՏ՚-ը դպրոցների համար սահմանել է DSL մոդեմով անսահմանափակ մուտքով ինտերնետ ծառայության սակագներª ըստ արագությունների, որոնք կկազմեն գործող սակագների 10%-ը: Այսպես, մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ կապի ամսավճարը սահմանվել է 279 դրամ` գործող սակագնից ( 2799 դրամ) 10 անգամ էժանª մինչև 256 կբիթ/վրկ արագությամբ կապի ամսավճարը` 479 դրամ` գործող 4799 դրամի դիմաց, մինչև 512,  1024,  2048,  3072,  4096,  6144  կբիթ/վրկ արագության դեպքում` համապատասխանաբար` 679,  879,  1179,  1479, 1779, 2179 դրամ:
Կան նաև IP հասցեի տրամադրման սակագներ  այս նոր սակագնային պլանում: Մեկ համակարգչի համար այն կազմում է 60 դրամ, 2-5 համակարգչի համարª 120 դրամ, 6-13,  14-29,  30-61,  62-125,  126-253 համակարգիչների համար համապատասխանաբարª  240,  480,  960,  1920,  3840 դրամ: 
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2012թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: 
ՙՂարաբաղ Տելեկոմի՚ ներկայացուցչի խոսքերով` այնտեղ, որտեղ ՙՂՏ՚-ն ունի ինտերնետ հասանելիության ցանց, դպրոցները կկարողանան օգտվել ինտերնետ ծառայություններից այս սակագնային պլանով: Նպատակն էª մինչև նոր ուսումնականը հանրապետության բոլոր դպրոցներին հասանելի դարձնել ինտերնետը:
Նիստում քննարկված մյուս կարևոր հարցը վերաբերում էր ռադիոհաճախականությունների տրամադրման կարգի հաստատմանը, որի անհրաժեշտությունն առաջացել էր համապատասխան օրենքի հոդվածում լրացում կատարելու կապակցությամբ: Կարգը սահմանում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության հայտի ընդունման, քննարկման, ռադիոհաճախականության օգտագործման, թույլտվության տրամադրման (մերժման), թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման ընթացակարգերը: Եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց թույլտվության: Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար վճարվում է պարտադիր վճար, որի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով:
Ընդունված որոշմամբ նաև պարզեցվեց կարգը: Նրա գործողության շրջանակները վերաբերում են 3 կՀց-ից բարձր և 1000 հՀց-ից ցածր ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող ռադիոսարքավորումներ օգտագործող անձանց և չեն տարածվում նրանց վրա, ովքեր օգտագործում են բացառապես պետական, կառավարական մարմինների կողմից, հեռուստատեսային և ձայնային ծրագրերի հեռարձակման համար օգտագործվող ռադիոսարքավորումների, սիրողական ռադիոօպերատորների, մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող թույլտվությունների վրա: Ցանկացած թույլտվություն հանձնաժողովի կողմից տրվում է մինչև 10 տարի առավելագույն ժամկետով: Սահմանված են նաև այն դեպքերը, երբ  հայտը կարող է հանձնաժողովի կողմից չընդունվել ուսումնասիրության:
Վճարների հետ կապված` հանձնաժողովը զգուշացնում է ռադիոհաճախականություններ ստացած բոլոր անձանց, որ այսուհետ, համաձայն օրենքի, ռադիահաճախականությունների օգտագործման եռամսյակային վճարները ենթակա են մուծման մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Կարգավորողն իր կողմից սահմանված ձևով մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը տնտեսավարողներին գրավոր ծանուցում է տվյալ եռամսյակի համար վճարման ենթակա պարտադիր վճարների և դրանց չափի մասին: Գումարների վճարումն ոււշացնելու դեպքում կիրականացվի տույժ:
Օրակարգային հարցերից մեկով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրվեց ՙԾիր Կաթին՚ ՍՊԸ-ին, ու նաև բավարարվեց Ստեփանակերտում գործող մեկ անհատ ձեռնարկատիրոջ հայտը` նույն գործունեության համար տրված իր լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու մասին խնդրանքով` հաճախորդներ չլինելու պատճառով:
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը տարին սկսեց սակագնային նվազեցման մասին որոշում ընդունելով: Հուսանք, որ այն  միակը չի լինի: Համենայն դեպս, հանձնաժողովի նախագահ Հ. Ղահրամանյանի տեղեկատվությամբ` առաջիկայում ծառայությունների սակագների փոփոխություն ավելացման իմաստով չի լինի: