comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԶՐՈՒՅՑ ՍԻՐՈ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԶՐՈՒՅՑ ՍԻՐՈ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ

AA.jpgԱրմիդա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 Սիրո այս պատմությունը, որ ներկայացվում է ստորև, 1992-ի հունվարի 26-ին Քարին տակի հերոսամարտի օրը մնացել է անավարտ…

 Հիմա ես մեծ եմ: Շա¯տ մեծ:
Չխամրող հուշերիս մեջ ապրում եք դուք` հավերժ երիտասարդ:
Դուք` հավերժ սիրահարներ:
Ակամա սկսում եմ խորհրդածել ճակատագրի, սիրո և մահվան մասին:
Դուք ապացուցեցիք, որ կարելի է երջանիկ լինել նաև… զոհվելով… հանուն ապրողների: Ողջերի: Սիրո:
* * *
Ալբերտն ակամա երկարացնելով տուն տանող ճամփան, անցնում էր մեր տան մոտով` գողունի հայացք նետելով բաց պատշգամբին: Ադելան շիկնում էր (հաճախակի շիկնելու սովորություն ունեիր, քո¯ւյրս), թաքնվում: Ալբերտը չգիտեր, որ Ադելան դռան անցքից հետևում էր նրան այնքան ժամանակ, մինչև հեռանար տեսադաշտից…
Ինչպե՞ս էի տարակուսում, երբ բավական տարիքով և օտար երիտասարդը միանգամից ու ջերմորեն սկսեց բարևել ինձ: Ադելայի քույրը լինելն էր պատճառը:
Սկիզբ դրվեց մի գեղեցիկ սիրո: Շարունակվող, անվախճան:

* * *
Ծնողները որոշել էին հարսանիքը կատարել Աբոյի և Ադելայի ծննդյան օրերի (հունվարի 3-ի և 12-ի) միջև ընկած շաբաթ օրը:
Զուգադիպությո՞ւն էր: Թե՞ նախախնամության մատն էր խառը: Որոշված շաբաթը Սուրբ Ծննդյան տոնն էր նաև:
1990 թվականի հունվարի 6-ին Քարին տակում հայկական ճոխ հարսանիք էր:
ՙԵրջանկություն Արցախի նորապսակներին՚, գրված էր պատին ամրացված գորգին: Իսկ Արցախն արդեն պայքարում էր: Հարսանիքներով նաև:
Դրսում ձյուն էր: Ցուրտ: Ձյունաճերմակ էր նորահարսի հագուստ-կապուստը: Երջանկություն էր ծորում սիրահարներից: Կողքից երանի էին տալիս: Օրհնում. յոթ որդով սեղան նստեք, մի բարձի ծերանաք:
Գուցե նրանք չէի՞ն էլ լսում: Արդեն գիտեի՞ն: Զգո՞ւմ էին: Գուցե նաև խոստացել էին իրար. ոչինչ չի բաժանի  իրարից, նույնիսկ մահը:
…Տարօրինակ էր: Ամեն անգամ, երբ հայացքս հանդիպում էր ճերմակազգեստ քրոջս հայացքին, շտապում էի սրբել արցունքներս: Մի ամբողջ օր: Մի ողջ հարսանիք:
Տան շեմին շրջված ամաններ էին դրված: Փշրվեցին նրանց ոտքերի տակ: Ինչ-որ խորհուրդ կար այդ արարողության մեջ: Ի՞նչ էիք մտածում այդ պահին, սիրելիներս: Ի՞նչ: Երևիª ապրենք միասին, մեռնենք միասին, դրանով հաղթենք դաժան մահին…

* * *
Տաքարյուն էր Ալբերտը: Առաջին ավտոմատները, որ հայտնվեցին գյուղում, բաժին հասան մի քանի հոգու: Մեկը դու էիր, Աբո: Ինչքա¯ն էիր ուրախացել: Չէիր վախենում մահից: Հաճախ էիր կրկնում. ՙՄի անգամ ծնվել ենք, մի անգամ պիտի մեռնենք: Կռիվ է: Ի՞նչ անենք՚: Ապա հետևում էր լոկ քեզ հատուկ ծիծաղը (այնպե¯ս վարակի¯չ էիր ծիծաղում):
Լավ էլ երգում էիր: Տարիներ են անցել, բայց մեր ուրախության սեղաններին չենք մոռանում երգել. ՙԱրազն անցավ…՚: Քո երգը:
Լավատես էիր: Երբ մեկը թերահավատորեն հարցնում էր` Շուշին կազատագրե՞նք, համոզիչ տոնով ասում էիր. ՙՉգիտեմ, կտեսնեմ, թե չէ, բայց Շուշին մերը կլինի՚:
Շուշին մերը եղավ… Սակայն դու չտեսար, Աբո…
Հուսահատվող չէիր: Երբ վերևից սկսում էին կրակել, դու անվրդով, առանց խուճապի մատնվելու փորձում էիր գուշակել, թե որ կողմից ինչ տեսակի զենքով են կրակում:
Հարսանիքիդ ժամանակ հրամանատարդ շնորհավորեց և հայտարարեց. ՙԱմուսնանալուդ առիթով մեկ ամսով ազատում եմ…՚: Ընդամենը երեք օրով ընդհատեցիր հերթապահությունդ…
Պատմում է ընկերդ` Շուրիկը. ՙԵրբ ստեղծվեց գյուղի ինքնապաշտպանական խումբը, սկզբում յոթ հոգի էինք, մեկը Աբոն էր: Դժվար պահերին լրջանում էր, բայց երբեք խուճապի չէր մատնվում: Օրհասական պահերին անգամ կատակում էր: Յուրահատուկ ծիծաղ ուներ: Երբ պետք էր որևէ վտանգավոր գործողություն իրականացնել, առաջինն ինքն էր հայտնում իր պատրաստակամությունը: Հուսալի և հնարամիտ անձնավորություն էր, մեծահոգի՚: 
Ու շարունակում է ընկերդ հիշել քեզ: Պատմել քո մասին: Հառնում ես իմ դիմաց` ծանոթ ու անծանոթ կողմերով…

* * *
…Քույրս, հարազատս, այնպե¯ս լավ եմ հիշում քեզ:
Հիշո՞ւմ ես, մի քանի օր առաջ մեր տանը երգեցինք ու երգը ձայնագրեցինք: Դու էլ երգեցիր: Մեր ավագ քույրըª նույնպես: Մաման էլ երգեց: Դեռ պահպանվում է ձայներիզը: Մեր կյանքի երջանիկ օրն էր:
Նախապաշարմունքներ ունեիր: Հավատում էիր կանխազգացմանը, երազներին:
Քեզ միշտ մի միտք էր տանջում. ասում ենª ում գլխին երկու մազապտույտ կա, նա երկու անգամ է ամուսնանում: Քոնը երկուսն էր: Դու հավատում էիր դրան և վախենում կորցնել Աբոյին… մարտի դաշտում: Բաժանման այլ պատճառ քեզ համար գոյություն չուներ: Միայն մահը կարող էր բաժանել: Ավելի լավ է միասին մեռնել` ասում էիր:
Հիշում եմ, երբ օմօնականներն առաջին անգամ խուժեցին գյուղ. որոշվեց երեխաներին և կանանց անվտանգության համար դուրս բերել գյուղից: Բոլորն անհրաժեշտ իրերով էին: Քո ձեռքին միայն մի փոքրիկ պայուսակ կար: Մաման բացեց պայուսակդ… ՙՆոր կտակարան՚ էր և… փոքրիկ շշի մեջ քացախաթթվի ուժեղ լուծույթ: ՙԵթե լսեմª Աբոյին գերել կամ սպանել են, ես էլ կմեռնեմ՚,- ժպտացիր մեղավոր:
…Վերջին անգամ քեզ տեսել էի հունվարի 24-ին: Եկել էիր թոնրատունª թաժա հաց թխելու: Մի քանի օր չէինք տեսել իրար: Համբուրվեցինք …Հանգիստ, անշտապ տուն էիր տանում հացը: Վերևից հրե կարկուտ էր տեղում: Մաման շտապեցնում էր` վազիր: Ետ նայեցիր, ոչինչ չի լինի` ասացիր ու հեռացար հանդարտ: Զգում էիր երևի, որ քո բաժին մահն այդտեղ չէր քեզ դարանակալել:

* * *
1992 թվականի հունվարի 26-ն էր: Վաղ առավոտյան ազերիները, շրջապատելով Քարին տակը, գրոհեցին: Ալբերտ Աբաղյանն ընկերների հետ մարտի մեջ մտավ: ԱնհրաԺեշտ էր կասեցնել թշնամու գրոհը: Փամփուշտները սպառվեցին: Ալբերտը վիրավորվեց: Մարտական ընկերը նրան հասցրեց մոտակա տունը:
Կինը` Ադելան, լսելով ամուսնու վիրավորվելու լուրը, շտապեց նրա մոտ:

* * *
…Գրկախառնվել` արտասվում էիք երկուսով: Հայացքն ուղղելով երկինք` Ադելան ծնկաչոք աղոթք շշնջաց. ՙՏեր Աստված, եթե նա պետք է մահանա, թող ես էլ նրա հետ…՚:
…Ալբերտին պետք էր շտապ հասցնել հիվանդանոց:
ՙՄենք գնում ենք, կփրկվենք, իսկ գյո՞ւղը…՚,- այս հարցականն էր դաջված նրանց դեմքին:
…Մեքենան սառցակալած ճանապարհով քարշում էր տրակտորը. հայրերը չցանկացան նրանց մենակ թողնել: Թվում էր` փրկությունը մոտ է: Եվս մի քիչ, և մեքենան դուրս կգար մարտնչող գյուղից: Բայց… հայրերի աչքի առաջ մեքենան օդ բարձրացավ. թշնամին հասցրել էր նշան բռնել...
Հետո… Հետո գյուղը փրկվեց: Եղբայրդ դիրքերից ողջ ու առողջ վերադարձավ:
Վիրավոր հայրերը ստիպված էին հրկիզվող մեքենայից դուրս բերել ձեր… դիակները:
Եղբայրդ, Աբո, զոհվեց 94-ին, Մարտակերտում:
Վերջին անգամ դեմքդ չտեսանք, քույրս: Իսկ Աբո¯ն: Նրա դեմքին սառել էր ժպիտը: Կիսատ ժպիտը: Ինչի՞ մասին էիք խոսում ձեր մահվանից վայրկյաններ առաջ, չգիտեմ: 
ՙՆրա հետ մեռնելը երջանկություն է ինձ համար՚,- ակամա հիշում եմ քրոջս խոսքերը: Եվ… խաղաղվում եմ…

* * *
…Հունվարյան աստղաշատ գիշերներին հաճախակի եմ նայում երկնքին և փորձում նկատել այն վայրկյանը, երբ ՙբացվում են երկնքի ոսկի դռները, և սիրահարների աստղերը` թռած, իրար են գալիս՚… Ու թվում է` տեսնում եմ: Նաև լսում ձեր շշուկները.
- Ես միայն քո մասին եմ մտածում…
- Առանց քեզ ապրելն անիմաստ է…