comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՐԿԻՆ` ՑԱՎԱԼԻ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԿԻՆ` ՑԱՎԱԼԻ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Բնապահպանությունը, այդ թվում` շրջակա միջավայրի մաքրության պահպանությունը պարբերաբար քննարկումների թիրախ է դառնում թե° համապատասխան մարմինների և թե° լրատվամիջոցների կողմից: Բայց, ինչպես ասում են, սայլը տեղից չի շարժվում:

 

Փողոցներում աղբ թափելը համատարած բնույթ է ստացել: Նման օրինակների հանդիպում ենք թե° քաղաքային և թե° գյուղական բնակավայրերում, այն տարբերությամբ, որ քաղաքի յուրաքանչյուր թաղամասում տեղադրված են աղբամաններ (չնայած դրան, որոշ թաղամասերում աղբանոցից մինչև շենքի մուտքն աղբ է թափված լինում):
Բերդաշենի համայնքի  ղեկավարության ուշադրությանն եմ ուզում ներկայացնել ցավալի մի երևույթ: Գյուղի որոշ թաղամասեր գտնվում են ծայրաստիճան կեղտոտ, անմխիթար ու  ավտոմեքենաների համար անանցանելի պայմաններում: Փողոցի կենտրոնական  հատվածները լցված են կենցաղային թափոններով: Այստեղ խախտվում են տարրական հիգիենայի կանոնները, ինչը վարակիչ հիվանդությունների օջախ կարող է դառնալ: Ժամանակն է գյուղում ներքին կարգուկանոն ստեղծել, ինչը ֆինանսական լուրջ  ներդրումներ չի պահանջում:
Համայնքը նման է ընտանիքի. եթե ընտանիքում չկա  միասնականություն, առողջ մթնոլորտ, մեկը մյուսի նկատմամբ անհանդուրժող են, ապա  ընտանիքի հիմքերը խարխլված կարելի է համարել:
Նմանատիպ երևույթի հետ ենք առնչվում գյուղի`  2-րդ համաշխարհային պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր այցելելիս, որը նաև թանգարան է: Նախկինում, երբ այնտեղ աշխատում էր Հայկուշ Ազարյանը, մի առանձին նվիրվածությամբ ու սիրով էր կատարում իր պարտականությունները, յուրաքանչյուր այցելուի ներկայացնում հուշակոթողի կառուցման պատմությունը: 
Հուշահամալիրի պատին քանդակված  արտահայտությունը` ՙՀայրենիքի քաջ որդիներ, ձեր սխրանքը հավերժ կհիշեն ղզղալացիները՚, երիտասարդ սերնդի կողմից լիարժեք չի ընկալվում: Այդ է պատճառը, որ այն պատմական հիշարժան կոթող լինելուց վեր է ածվել քեֆ անելու, ազատ ժամանցի  վայրի: Մի՞թե մարդկային ձեռքերով չի կերտվել այդ համալիրը, որից լոկ պատերն են մնացել, իսկ երբեմնի կանաչապատ, մաքուր բակում այսօր մոլախոտերն են իշխում:
Մի խոսքով, գեղեցկության կոխկրտում, քամահրական վերաբերմունք մեր արժեքների  նկատմամբ և հայի ազգային դիմագծին ոչ հարիր պահվածք: Բայց չէ՞ որ դրանք մեր  պատմության հիշարժան դրվագները  ներկայացնող խոսուն վկան են:
Մեր սրբությունները մենք պիտի պահպանենք, մեր անցյալի արժեքների  վերաիմաստավորողը մենք պիտի լինենք, որպեսզի օտարին էլ հարգել սովորեցնենք:

Նուշիկ  ՍՈՂՈՄՈՆՅԱՆ