comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐԺԱՆԻՆ ՀԱՏՈՒՑԵՆՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԺԱՆԻՆ ՀԱՏՈՒՑԵՆՔ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ

Մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերին կազմավորվել են քաղաքները, որոնք կոչվել են պոլիսներ, ամենից շուտ՝  Հունաստանում Աթենքը, Կորնթոսը, Միլետոսը, Եփեսոսը՝ Հոնիայում և այլն։ Հունական գաղութների հիմնադրման ժամանակներում (մ.թ.ա. 8-6-րդ դդ.) քաղաքներ են հիմնվել միջերկրծովյան և սևծովյան ափերին` Մասսալիա, Նեապոլիս, Սիրակուսե, Ապոլլոնիա, Թեոդոսիա, Տրապեզուս և այլն, իսկ Ա. Մակեդոնացու արշավանքների հետևանքով առաջացած հելլենիստական պետություններում՝ Ալեքսանդրիա, Սելեկիա, Անտիոք, Պերգամոն։ 

 Անպարփակ բերկրանք եմ ապրում, երբ ցանկանում եմ դարերն ուսած, ասք ու լեգենդ դարձած այս քաղաքների անունների շարքում նշել նաև հայկական երկրորդ հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։ Նա մինչև 1847թ. կոչվել է Վարարակն, իսկ 1847-ից մինչև 1923 թվականը՝ Խանքենդ, մարզային ենթակայության քաղաք է համարվել 1940-ից, իսկ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կենտրոն է հռչակվել  1923 թվականին՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի հիշատակի։ 

Խանքենդ անունով ավանում, որն ավելի փոքր էր, քան Ղարաբաղի այն ժամանակվա շատ գյուղեր,  գործում էին երկու տարրական դպրոց՝ մեկը հայկական ծխական, մյուսը՝ պետական ռուսական։ Ստեփանակերտը հեքիաթային հսկայի պես վերակերտվեց և խորհրդային տարիներին վերածվեց մի չնաշխարհիկ քաղաքի, որի բնակչությունը հասավ վաթսուն հազարի։ Եվ կարճ ժամանակահատվածում նա դարձավ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սիրտը, արդյունաբերական ու մշակութային կենտրոնը։  Ստեփանակերտի արդյունաբերությունը խոշոր դերակատարություն ունեցավ ինչպես իր, այնպես էլ մարզի գյուղերի սոցիալական վերափոխման գործում։ 

Լայն  թափ ստացավ նաև դպրոցաշինությունը, և Ստեփանակերտում սկսեցին գործել 12 հանրակրթական դպրոցներ, գյուղատնտեսական, երաժշտական, բժշկական ուսումնարանները  և այլ հաստատություններ։ Իսկ  հետո իրավիճակն այնպես փոխվեց, որ շատերը կատակով ասում էին.ՙՍտեփանակերտում գործում են չորս միջնակարգ դպրոց, տասներկու համալսարան՚... Հեքիաթային արագությամբ վեր հառնեցին ժամանակակից բնակելի էլիտար շենքերը՝ քաղաքի տարբեր արվարձաններում ծնունդ տալով նորանոր թաղամասերի։ 

Այո, սրանք ոգևորիչ են ու գովելի, եթե ավելացնենք, որ Նախագահ Բ. Սահակյանի գլխավորությամբ ընդմիշտ լուծվեց ստեփանակերտցիների թիվ մեկ սոցիալական հարցը՝ շուրջօրյա ջրամատակարարումը։ Սակայն դեռևս  շատ պրոբլեմներ կան լուծման, կարգավորման սպասող, որոնցից մեկի մասին ակնարկելու խիստ կարիք է զգացվում։ Դա  փողոցների անբարեկարգ վիճակն է։ Ամեն տարի կարկատանների միջոցով  ՙվերանորոգման՚ են ենթարկվում Ստեփանակերտի փողոցները։ Հաճախակի այնպիսի գրոհայնությամբ են իրականացվում այդ աշխատանքները, որ կարկատվող տարածքների եզրույթներն ամբողջապես չեն միանում մայր ասֆալտի հետ։ Պատահում է նաև, որ լցոնվող փոսի մի մասը դուրս է մնում վարպետների տեսադաշտից։ Տհաճ զգացմունքներ է ունենում մարդը, երբ տեսնում է, որ կարկատաններն իրենց որակով ու գույնով տարբերվում են մայր ասֆալտից։ Աններելի է, որ հայը իր բակը, իր մայրաքաղաքի  փողոցները, մայթերն ու զբոսավայրերն ասֆալտապատելիս պատասխանատվության զգացում  չի ցուցաբերում, տիրոջ վարքագիծ չի դրսևորում։ 

Կամ ինչ կարող ենք ասել այն վարպետների հասցեին, որոնք շուրջօրյա ջրամատակարարման համար ձևել ու կտրել են քաղաքի բոլոր փողոցները, ջրատարներ անցկացրել, իսկ նրանց փակումը կատարել են  անփութորեն, ինչի հետևանքով  քայքայվել են որոշ փողոցների ասֆալտի շերտերը։ Նույնիսկ փողոցներ կան, ուր հրաժարվում են գնալ տաքսու վարորդները։ Մի՞թե մեր վարպետները մոռացել են, որ ասֆալտբետոնի խառնուրդը կամ ասֆալտի շաղախը տեղադրվում է մեկ կամ երկու շերտով, ամուր և հարթ հիմքի վրա։ 

... Արցախյան շարժման հաղթանակով միանգամայն փոխվեց ինքնավար մարզի կարգավիճակը՝ այն հռչակվելով ինքնիշխան հանրապետություն. չքնաղ մի երկիր, որն իր վերածնված ու վերակառուցվող մայրաքաղաքով անթառամ պսակ ու կենդանի հուշարձան է հայ ազատամարտիկների անմահ հիշատակին։ Ու թեև հիմնովին կերպարանափոխվեց երկրի և ժողովրդի կյանքը, որն ավելի վառ դրսևորում գտավ մայրաքաղաքի մեջ, բնակչության մի մասը դժգոհություն ունի սոցիալական պայմաններից, սակայն հավատում է Արցախի պայծառ ապագային, նրա բարգավաճ տեսլականին։ 

Մենք բոլորս այսօր նավարկում ենք նույն ժամանակի մեջ։ Ու յուրաքանչյուր մեղք ժամանակի վրա գցելու  փոխարեն՝ փորձենք մեր թիերին հաղորդած լիցքերի չափով ուղղորդել մեր այդ ժամանակի ընթացքը՝ յուրաքանչյուրս մեր թևերում ամփոփված զորության չափով։ Ես հաշտ եմ արդեն իմ իրականության հետ, բայց ոչ այն իրողությունների, որոնց մատուցում է ինձ իմ ժամանակը, որոնց չեմ կարող շրջանցել կամ անցնել  առանց ցավի։ Իսկ այդ ցավածին ախտօջախներն ամոքել բարձրագոչ, դատարկ կոչերով պատշաճ չէ։ Կեղծ տարածքներում իմ ու քո իրականությունը չի կարող շնչել։ Կեղծիքն էլ երկար կյանք ունենալ չի կարող։ Ճիշտն այն է, որ մենք մեր ուժերն ու հնարավորություններն անմնացորդ նվիրաբերենք մեր հայրենիքի և նրա մայրաքաղաք Ստեփանակերտի հավերժացմանը։ Չէ՞ որ Ստեփանակերտը թուրքերի աչքի փուշն է, նրա գերեզմանափորը։ 

Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ