Logo
Print this page

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

altՎարդգես ԲԱՂՐՅԱՆ
Անցած տարվա դեկտեմբերին ՙՍատար Լեռնային Ղարաբաղին՚ կազմակերպության հրավերով մեկնեցի Ֆրանսիա, որտեղ ունեցա բավականին հետաքրքիր հանդիպումներ, որոնց մասին  ուզում եմ պատմել ՙԱզատ Արցախ՚ թերթի ընթերցողներին` հուսալով, որ դրանք կհետաքրքրեն նաև նրանց: Ասեմ, որ հյուրընկալվել էի Արցախի անշահախնդիր բարեկամներ  Կարպիս և Նիկոլ  Նիկողոսյանների հարկի տակ:
Դեկտեմբերի 7-ին Կարպիսի հետ մասնակցեցինք ԼՂՀ անկախության 20-ամյակի առթիվ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հովանու  ներքո և վերոհիշյալ կազմակեպության աջակցությամբ Փարիզում լույս ընծայված ՙԱրցախ` հայ  արվեստի և ավանդույթների պարտեզ՚ ֆրանսերեն և անգլերեն լեզուներով հրատարակված պատկերազարդ, բարձրաճաշակ գրքի  շնորհանդեսին, որին ներկա էին ֆրանսիացի խորհրդարանականներ, սենատորներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Նշեմ, որ միջոցառումը տեղի էր ունենում Ֆրանսիայի Ազգային ժողովի դահլիճներից մեկում, ինչն ինքնին խոսուն փաստ է: Արցախի անցած հերոսական  քսանամյա ուղու,  խնդրո առարկա գրքի մասին իրենց սրտի խոսքն ասացին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ռիշար Մալյեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը: Ցավոք, ես ֆրանսերենին կամ անգլերենին չեմ տիրապետում և չեմ կարող ամբողջական կարծիք ասել ՙԱրցախ` հայ  արվեստի և ավանդույթների պարտեզ՚ գրքի մասին, բայց դատելով նրանով, որ հեղինակային կազմում ընդգրկված են ֆրանսիացի և ֆրանսահայ հանրահայտ գիտնականներ, Արցախի պատմության մասնագետներ, կարելի է ենթադրել, որ այն ծանրակշիռ աշխատություն է և կարևոր դերակատարություն կարող է ունենալ օտար ընթերցողի մոտ Արցախի մասին ճիշտ պատկերացում կազմելու գործում: Ի դեպ, գիրքը բացվում է ԼՂՀ մշակութի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով: Հուսանք, որ հայ ընթերցողը նույնպես հնարավորություն կունենա ծանոթանալու այդ գրքին:
Ավելացնեմ, որ միջոցառման ավարտից հետո Կարպիսն ինձ ներկայացրեց Ֆրանսուա Ռոշբլուանին, որն, ինչպես գիտենք, մի քանի անգամ եղել է Արցախում և մեր ժողովրդի լավագույն բարեկամներից  է: Ձեռքսեղմումից հետո պարոն Ռոշբլուանն ասաց, որ ուրախ է արցախցի իր գործընկերոջը տեսնել Փարիզում (ես էլ եմ ուրախ` ասացի), ապա խնդրեց իր ողջույնը հաղորդել հպարտ  ու անպարտ ղարաբաղցիներին, ինչը հաճույքով անում եմ:
Ուղիղ մեկ շաբաթ հետո` դեկտեմբերի 14-ին, Փարիզի հոյակերտ շենքերից մեկում տեղի ունեցավ  ՀՀ և ԼՂՀ  անկախության 20-ամյակներին նվիրված հանդիսավոր հավաք, որի ժամանակ Հայաստանի և Արցախի նախագահների հրամանագրերով պետական պարգևների արժանացած մի խումբ անձանց հանձնվեցին շքանշաններ և մեդալներ: Անկեղծ ասած, ինձ մի փոքր տարօրինակ թվաց այդ արարողակարգը: Նախ, ամբողջ միջոցառումն անցավ ոտքի վրա և լեփ-լեցուն դահլիճում աղմուկ էր տիրում, չէր երևում, թէ ինչ էր կատարվում առջևում, քանզի բեմ, որպես այդպիսին, չկար: Ինձ հատկապես զարմացրեց այն, որ բացառապես հայերով լի դահլիճում հայերեն խոսք չհնչեց. նույնիսկ նախագահների հրամանագրերն ընթերցվեցին ֆրանսերեն: Գուցե սխալ եմ, բայց էլ ե±րբ և որտե±ղ պիտի հնչի մայրենին, եթե ոչ զուտ հայկանան միջոցառման ժամանակ: Չէ որ լեզուն չօգտագործելովª այն մոռացվում է աստիճանաբար:
Շարունակելով լեզվի թեման` մի դիտարկում ևս, որը հաճելի անակնկալ էր ինձ համար: Ես գիտեի, որ Կարպիսն արդեն քանի տարի էª հաճախում է հայկական դպրոց և բավականին առաջադիմություն ունի: Երբ առաջին անգամ նա եկավ Արցախ, հայերենին գրեթե չէր տիրապետում: Եվ ահա օրերից մի օր Կարպիսն ինձ ասաց, որ տուն է հրավիրել իր համալսարանական հայ ընկերներին` ծանոթացնելու ինձ հետ: Ծանոթացանք ու զրույցի բռնվեցինք: Նրանց հայերենն, իհարկե, զիջում էր Կարպիսի հայերենին, որն, ի դեպ, արդեն հայերենից ֆրանսերեն թարգմանություններ է անում (ճիշտ է, ոչ պրոֆեսիոնալ, իր հոգու համար), սակայն այն հանգամանքը, որ Ֆրանսիայում ծնված ու մեծացած, տարիքն առած այդ հայորդիներն ուզում են գոնե ինչ-որ չափով վերադառնալ իրենց արմատներին, շատ զարմանալի և ուրախալի էր ինձ համար: Նրանք հետաքրքրվեցին Արցախով, նույնիսկ իրենց մտահոգությունն արտահայտեցին` Ղարաբաղը միշտ մերը կլինի, չէ±, և, բնականաբար, ստանալով իմ միանշանակ  դրական պատասխանը, ասացին` ուզում ենք գալ Ղարաբաղ, կարո±ղ ենք: Ես հրավիրեցի նրանց մայիսի սկզբներին գալ Արցախ, Շուշիի ազատագրման 20-ամյակը նշել մեզ հետ: Նրանց պատասխանն էլ ավելի զարմացրեց   ինձ. ՙՄայիսի 9-ին չենք կարող, թեև շատ կուզենայինք: Մինչև  մայիսի 15-ը համալսարանում պարապմունքներ ունենք, վերջացնենք, հետո կգանք՚: Եկեք, հայրենակիցներ, եկեք, երբ ուզում եք, միայն թե եկեք և սեփական աչքերով տեսեք հայրենիքը, այնժամ ապրելն ու արարելն անհամեմատ հետաքրքիր ու դյուրին կլինի:
altԵս ցանկություն հայտնեցի լինել Այբ FM հայկական ռադիոյի ու ՙՆոր հառաջ՚ թերթի խմբագրություններում,  և այս հարցում նույնպես Կարպիսն ինձ ընդառաջեց: Այբ FM-ի նախագահ Հենրի Փափազյանի հետ ծանոթացել էինք  ՙԱրցախ` հայ  արվեստի և ավանդույթների պարտեզ՚ գրքի շնորհանդեսի ժամանակ, իսկ ահա ռադիոկայանի տնօրեն Վարդան Գաբրիելյանի հետ ծանոթացանք Ալֆորվիլ քաղաքում, որտեղից էլ եթեր են հեռարձակվում հաղորդումները հայերեն և ֆրանսերեն լեզուներով:Հենց Վարդանն էլ մոտ մեկ ու կես ժամանոց հարցազրույց ունեցավ ինձ հետ, որի ժամանակ քննարկեցինք հայությանը հետաքրքրող ամենատարբեր հարցեր: Ես խմբագրությանը նվիրեցի վերջերս լույս տեսած իմ ՙՏեսադաշտ. 1988-1994՚ գիրքը, որն էլ դարձավ հարցազրույցի առիթը: Նշեմ, որ Այբ FM-ը  եթեր է հեռարձակվում ամեն  օր: Հինգ ժամ տևողությամբ հաղորդումներում գերիշխում է հայրենասիրական թեման, ինչը շատ կարևոր է հայրենիքից հեռու ազգային ոգին արթուն պահելու համար: Ի դեպ, այդ ռադիոկայանում է աշխատում նաև մեր համերկրացի Անժելա Սահակյանը, որին ճակատագիրը տարել-հասցրել է Ֆրանսիա, որտեղ նա շարունակում է ապրել Արցախի և իր հայրենի Վանք գյուղի կարոտը սրտում: Սակայն դա առանձին թեմա է, որին նա  մասամբ անդրադարձել է իր ՙԻրական պատկերներ՚ գրքում, որի մի օրինակը Անժելան նվիրեց ինձ: Ասեմ, որ Անժելայի հաղորդաշարերից մեկը կոչվում է ՙԱրցախապատում՚, որի թեման  պարզ է, թե որն է:
ՙՆոր հառաջ՚-ի խմբագրությունում ես ծանոթացա տնօրեն Ժիրայր Չոլակյանի և  լրագրող Տորք Ղալալյանի հետ: Ի դեպ,  2010թ. Ժիրայրը եղել է Արցախում. նա մասնակցում էր Ստեփանակերտում կայացածª լրագրողների 5-րդ համահայկական համաժողովի աշխատանքներին: Ժիրայրը տեղեկացրեց, որ ՙՆոր հառաջ՚-ը լույս է տեսնում շաբաթական երեք անգամ, ձգտում է որքան հնարավոր է շատ տեղեկություն տալ Մայր Հայաստանից ու Արցախից, սակայն նյութերը հաճախ թարմ չեն լինում, որովհետև չունեն սկզբնաղբյուր: Առաջ ընկնելով ասեմ, որ,  վերադառնալով Ստեփանակերտ, ես խոսեցի ՙԱզատ Արցախ՚ թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանի հետ, որը սիրահոժար համաձայնեց, որպեսզի ՙՆոր հառաջ՚-ը օգտվի մեր մայր թերթի կայքէջից և իրեն հետաքրքրող նյութերը զետեղի իր համարներում, ինչի մասին էլ ես գրեցի ժիրայրին: Սակայն ՙՆոր հառաջ՚-ը ուրիշ խնդիրներ էլ ունի. դրամական միջոցների սղության պատճառով թերթը չունի անհրաժեշտ քանակությամբ թղթակիցներ, ուստի և չի հասցնում օպերատիվ կերպով լուսաբանել Ֆրանսիայում ապրող մոտ կես միլիոն հայերի կյանքը: Ճիշտն ասած, դա նկատվում է նույնիսկ առանց տնօրենի ասելու, երբ ընթերցում ես թերթը: Ես Ժիրայրին նույնպես նվիրեցի իմ վերջին գիրքը և առաջարկեցի, եթե նպատակահարմար գտնեն, իրենց ընտրությամբ որոշ հատվածներ տպագրեն  թերթում, գուցե դա հետաքրքրի ընթերցողներին:
Ինձ վրա անջնջելի տպավորություն թողեց Ֆրանսիացի աշխարհահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենի թանգարանը: 2004թ. Փարիզ կատարած իմ այցի ժամանակ ինձ չէր հաջողվել լինել այնտեղ (թանգարանը վերանորոգվում էր), և ահա այս անգամ կատարվեց իմ սրտի փափագը: Ռոդենի թանգարանը և նրա հարակից այգին, որտեղ տեղադրված են մեծ վարպետի այնպիսի հայտնի գործեր, ինչպիսիք են ՙՄտածողը՚, ՙԴժոխքի դարպասները՚, ՙԿալիեի քաղաքացիները՚, գրչի տիտաններ Բալզակի ու Հյուգոյի արձանները, պարզապես ցնցող են: Ուրախ եմ, որ ինձ բախտ է վիճակվել տեսնել դրանք, տեսնել Փարիզի Աստվածամոր տաճարը, բազմագույն լույսերով ողողված գիշերային  տոնական, հեքիաթային Փարիզը և այլն. բոլորը չես թվարկի:
Սակայն իմ բոլոր տեսածներից ու լսածներից ինձ վրա ամենախորը տպավորությունը թողեց մի այց, որի մասին ուզում եմ պատմել առավել հանգամանորեն: Ես, իհարկե, գիտեի, որ Նիկողոսյանների գերդաստանը հեռավոր 1923-ին Ամասիայից մազապուրծ փախել է նախ Ռումինիա, ապաª երկար դեգերումներից հետո, հանգրվան գտել Փարիզից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Առնուվիլում, որն այն ժամանակ մի գյուղ էր և ուներ ընդամենը հազար բնակիչ (առաջին հայերը Նիկողոսյաններն  էին): Առնուվիլում ես եղել էի դեռ իմ առաջին այցելության ժամանակ, որտեղ մեզ հյուընկալել էին Կարպիսի հարազատ քույր Սոնյան (նա այժմ էլ ապրում է հայրական տանը) և կուզենը` մորաքրոջ տղան` Պատրիսը, որն, ավաղ, 2008 թ. անժամանակ կնքեց իր մահկանցուն` խոր կսկիծ պատճառելով ոչ միայն տիկնոջը` Նեկտարին ու երեխաներին, այլև` հարազատներին ու բոլոր նրան ճանաչողներին: Գալով Սոնյային` ասեմ, որ նա հրաշալի երգչուհի է և ժամանակին եղել է ՙՍիփան-Կոմիտաս՚ երգչախմբի մենակատարը, Անրի Վեռնոյի հանրահայտ ՙՄայրիկ՚ ֆիլմում հենց հնչում է Սոնյայի անզուգական ձայնը: Առնուվիլում են այսօր ապրում նաև Կարպիսի հորեղբոր տղաները` Գևորգը և Ժիրայրը: Վերջինիս օջախում էլ մի գեղեցիկ օր մենք հյուրընկալվեցինք: Ասեմ, որ, մինչև Ժիրայրի և տիկին Սոնյայի օջախ ոտք դնելը, Կարպիսի հետ եղանք Առնուվիլի գերեզմանատանը, որտեղ հայերի բազմաթիվ շիրմաքարեր կան: Այնպիսի տպավորություն էր, որ գնտվում ես հայկական հանգստարանում, այն տարբերությամբ միայն, որ այստեղ շիրմաքարերը մի փոքր անսովոր էին իմ աչքերին: Օրը կիրակի էր, Առնուվիլի Վարագա Սուրբ խաչ եկեղեցում պատարագ էր, և մենք, բնականաբար, մասնակցեցինք հոգևոր արարողությանը: Տեղեկացնեմ, որ եկեղեցին կառուցվել է 1937 թվականին, իսկ բակի խաչքարը տեղադրվել է Կարպիսի հոր` Նիկողոսի անմիջական նախաձեռնությամբ: Ավելացնեմ, որ հետագայում եկեղեցու նստարանների հարցը հոգացել են Ժիրայրն ու Կարպիսը:
Ֆրանս-հայկական սեղանի շուրջ հավաքվել էինք մոտ տասը հոգի. Ստրասբուրգից եկել էր նաև Կարպիսի հորաքրոջ` Աղավնիի որդին` Կարպիս Դանիելյանը, որը մի քանի անգամ եղել է Ստեփանակերտում և քիմիա առարկայից դասախոսությամբ հանդես եկել Արցախի պետական համասարանի ուսանողների առջև: Երկուսս էլ շատ ուրախ էինք նոր հանդիպման առիթով: Ասում եմ` ֆրանս-հայկական, որովհետև հյուրասիրությունը ֆրանսիական ոճով էր, իսկ մթնոլորտը հայկական էր: Ասում էինք, խոսում, վերհիշում: Կարպիսը շատ է սիրում Չարենցի ՙԵս իմ Անուշը…՚ (որ հայն այն չի սիրում. ինչպես Սարոյանն է ասում` այդ բանաստեղծությունը մեր ՙՀայր մերն է՚, մեր տերունական աղոթքը) և խնդրեց արտասանեմ այն: Եվ որքան մեծ եղավ իմ զարմանքն ու ուրախությունը, երբ գրեթե բոլորը սկսեցին ձայնակցել ինձ: Իսկ երբ արտասանեցինք-վերջացրինք, թնդացին ծափերը: Այո, հայրենիքի կարոտը, սերը մեր լինելիության ու հարատևության խորհրդանիշ Մասիս սարի նկատմամբ անանց է ու հավերժական: Երևի այդ ջերմ ու անբռնազբոս մթնոլորտն էր պատճառը, որ ճաշից հետո Ժիրայրը Նիկողոսյանների գերդաստանի մասին վկայող տասնյակ տարիներով խնամքով պահպանվող մասունքները հանեց ու սկսեց ցուցադրել դրանք ու պատմել: Ահա այդ մասունքներից մեկը` Նիկողոսյան գերդաստանի լուսանկարը` թվագրված 1926 թիվ: Մեջտեղում գերդաստանի կոճղերն են` Կարապետ և Մարիամ Նիկողոսյանները, նրանց շուրջը` երեխաները` Արթինը, Սողոմոնը, Նիկողոսը, Աղավնին` իրենց ընտանիքներով: Մյուս դուստրը` Վարդանուշը, ամուսնացած էր այն ժամանակ և ընտանիքով ապրում էր ուրիշ երկրում: Ամուսնացած չէր միայն Նիկողոսը, որը Հերմինեի հետ ընտանիք կազմեց 1932թ. Ֆրանսիայում, և  նրանք ունեցան երեք զավակ` Կարպիս, Մարիամ, Սոնյա:
Ժիրայրը մեզ ցուց տվեց նաև հայրենի Ամասիայի նկարներ, հոր` Սողոմոնի ծոցատետրը, որտեղ հրաշալի ձեռագրով արևմտահայ բանաստեղծների սիրային և հայրենիքին նվիրված ինձ ծանոթ բանաստեղծություններ էին, ինչպես նաև անծանոթ տողեր, որոնք գուցե  ինքն է գրել: Տեսնելով, որ այդ ամենն ինձ շատ է հետաքրքրում, Ժիրայրն ինձ ուղեկցեց երրորդ հարկ (ճաշակով կառուցված ու ձևավորված եռահարկ տուն է), որտեղ առանձին անկյուն կա` նվիրված ծնողներին, ուր պահպանվում են բազմաթիվ հարազատ իրեր:Այդ ամենը շատ ազդեցիկ էր և, անշուշտ, հարգանքի արժանի: Ծնողապաշտությունը բնութագրական է հայի համար, և նույնիսկ հայրենիքից հեռու հայը հարազատ է մնացել սեփական արյան կանչին: Եվ պատահական չէ նաև, որ Կարպիսը ղարաբաղյան Շեխեր գյուղում կառուցած դպրոցը նվիրել է իր ծնողների անմահ հիշատակին:
Ահա այսպիսի մտորումներ էին պարուրել իմ հոգին Ֆրանսիա կատարած այցից հետո, և ես որոշեցի դրանք թղթին հանձնել:
 
 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.