comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԵՐՁՈՐՈՒՄ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՐԱԶ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐՁՈՐՈՒՄ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ ԵՐԱԶ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ջրառատ Քաշաթաղի շրջանում 2011 թվականի ձեռքբերումների շարքում նաեւ շրջկենտրոնի ջրամատակարարմանն ուղղված քայլերի հաջող իրականացումն են տեսնում: Ասենք, դրանց կոնկրետ արդյունքներն արդեն շատերին են տեսանելի: Բերձորի նախկին պոմպակայանից միայն մետաղի ջարդոն հիշեցնող նախկին խողովակների կույտերն են մնացել: Իսկ թե ինչն է փոխվել` պատմում է շինարարական աշխատանքներն իրականացրած ՙՃանշին՚ ՓԲԸ տնօրեն Սասուն Աղաջանյանը:Ս. Աղաջանյանի  խոսքերով`  հիմնանորոգվել են բոլոր շինությունները, առանձին դեպքերում` նաեւ ըստ պահանջի կառուցվել, համապատասխանեցվել նոր պահանջներին:
ՙԱմեն ինչ կատարվել է ամենաբարձր որակով, եւ վստահ ենք` նորացված պոմպակայանը երկար կծառայի՚,- ասում է ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ՓԲԸ տնօրեն Աշոտ Միրզոյանը:

Ուշադրություն է դարձվել նաեւ շրջակայքի բարեկարգմանը: Պոմպակայանի տարածքը կարգի է բերվել,  ցանկապատվել ու լուսավորվել:
Շենք-շինություններից առավել` պոմպակայանում տեխնիկական նորություններն են կարեւորվում: Դրանք էլ բավական շատ են: Այս ամենի արդյունքում պոմպակայանի հզորությունը չի փոխվել, մնացել է նախկինը` ժամում մղում է 180 խորանարդ մետր ջուր: ՙՔաշաթաղի ջրամատակարարում՚ ընկերության տնօրենն այլ նրբություն է մատնանշում. ՙՆախկինում պոմպակայանը չէր կարողանում այս հզորությամբ աշխատել: Այսինքն, հզորությունը կար, բայց մաշվածության եւ ոչ լիարժեք աշխատելու հետ պայմանավորված` պարզապես անհնար էր ժամում 180 խորանարդ մետր ջուր մղել ջրամբարներ: Այսօր դա արդեն միանգամայն հնարավոր է: Ավելի պարզ` արդեն կարողանում  են ջրի պահանջվող  ծավալը հասցնել ջրամբար: Եվ դա հաջողվում է` անհամեմատ ավելի քիչ միջոցների ծախսմամբ՚:
Դրանով ավարտվեց Բերձորի ջրամատակարարման ծրագրի առաջին փուլը, որի համար ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը 149 միլիոն դրամ է հատկացրել: Սակայն, այդքանով հանդերձ, Բերձորում ամեն օր չէ, որ խմելու ջուր են ունենում: Պատճառը մոտ մեկուկես կիլոմետրանոց մղման գծի, իսկ առավել շատ` բաշխիչ ցանցի անմխիթար վիճակն է: Այդ ուղղությամբ կուտակված խնդիրների լուծումն ակնկալում են Բերձորի ջրամատակարարման ծրագրի հետագա` երկրորդ եւ երրորդ փուլերում: Աշոտ Միրզոյանը ժամկետներն է մատնանշում. ՙՀույս ունենք, որ մոտ մեկ տարի անց Քաշաթաղի ջրամատակարարման ծրագիրն ամբողջությամբ կավարտվի, ինչի արդյունքում կհաջողվի շուրջօրյա ջրամատակարարում ապահովել շրջկենտրոնում՚: