comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հասարակությանը հուզող հարցերից է ներքաղաքային տրանսպորտի կանոնավոր երթևեկության ապահովումը£ Այդ խնդրի կարգավորման շուրջ զրուցեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի բաժնի պետ Էդգար ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ, ով ներկայացրեց նաև բաժնի կողմից իրագործվող` կենսապահովման այլ ոլորտների համակարգման աշխատանքները:
Ըստ մեր զրուցակցի` ներքաղաքային տրանսպորտի կանոնավոր երթևեկության հարցը մշտապես գտնվում է քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Մշակված է ուղևորների տրանսպորտային սպասարկման որակի նորմատիվ մակարդակի պահպանման ծրագիր, որը սկսել է գործել դեռևս 2010 թվականից, և որի աստիճանական իրագործումը տալիս է ու կտա տեսանելի արդյունք: Այդ ծրագրի շրջանակներում թարմացվել է մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման ավտոբուսային պարկը. թիվ 10, 13, 14, 16, 17 ներքաղաքային երթուղիները սպասարկվում են փոքր դասի ՙՀունդայի Քաունթի՚ մակնիշի ավտոբուսներով: Երկարաձգվել են մի շարք երթուղիներ. փոփոխություններ են կատարվել չվացուցակներում, ինչի հետևանքով ներքաղաքային տրանսպորտն այսօրվա դրությամբ սպասարկում է մայրաքաղաքի ծայրամասերը, ներառյալ Արեշ և Աջափնյակ թաղամասերը: Վերջերս էլ, կապված Բ. Ուլուբաբյան փողոցի բարեկարգման աշխատանքների իրագործման հետ, թիվ 19 երթուղու սկզբնակետը երկարաձգվել է մինչև Բ. Ուլուբաբյան-Վ. Այգեկցի խաչմերուկը: Բաժնի պետի հավաստմամբ, կապիտալ շինարարության բարեկարգման ծրագրի իրագործման հետ մեկտեղ կփոփոխվեն նաև ներքաղաքային տրանսպորտի չվացուցակները, որպեսզի սպասարկվի նաև հեռավոր փողոցների ծայրամասերի բնակչությունը: Ուսումնասիրվել է ուղևորափոխադրումներ իրականացնելու հնարավորությունը դեպի գերեզմանատուն, որի հիման վրա շաբաթ, կիրակի և հանգուցյալների հիշատակման` ընդունված օրերին ժամը 10-15-ը գործում է թիվ 21 երթուղին: 
Է. Ավանեսյանը տեղեկացրեց, որ 2011թ. ԼՂՀ ճանապարհային ոստիկանության մասնագետների հետ մեկտեղ հետազոտվել և կատարվել են ճանապարհային երթևեկության անվտանգ կազմակերպմանը և ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը միտված աշխատանքներ: Ստեփանակերտի քաղաքապետարանի համապատասխան որոշմամբ մարդատար տաքսի ավտոմոբիլների համար տրամադրված տարածքները կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: Երթևեկության անվտանգության ապահովման համար իրականացվել են ավտոճանապարհային հորիզոնական գծանշման աշխատանքներ, իրագործվել և իրագործվում է մայրաքաղաքի լուսաֆորային համակարգի վերահսկում: 
Նշված հետազոտության արդյունքում նաև պարզվել է, որ մի շարք կենտրոնական փողոցներում պակասում են կամ հնամաշ վիճակում են ճանապարհային նշանները, որոնց տեղադրման և փոխարինման (դրանք մոտ 230-ն են) աշխատանքները կիրականացվեն 2012-ին: Անվտանգության ապահովման նպատակով հ. 1 դպրոց տանող ճանապարհահատվածում կտեղադրվի արգելափակոցի նշան, իսկ ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի շենքի դիմացի մայթի հատվածում ավտոբուսային կանգառի համար կկառուցվի կանգառ-գրպանիկ: Ընդհանրապես, եղած կանգառներն աստիճանաբար կստանան կանգառ-գրպանիկների տեսք: Կկառուցվեն նոր կանգառ-սրահներ:
Ուղևորների սպասարկման բարելավման նպատակով 2012թ. ներքաղաքային երթուղիների սահմանված կանգառներում կտեղադրվեն ճանապարհային նշաններ: Ուղևորները կտեղեկացվեն երթուղիների աշխատանքային չվացուցակի մասին, որը կտեղադրվի նեռքաղաքային տրանսպորտում, հնարավոր է նաև` կանգառներում:
2012թ. ներքաղաքային թիվ 12 երթուղու սպասարկման ժամկետը, համաձայն 2010թ. անցկացված մրցույթի, լրանում է օգոստոսի 30-ին և, ըստ ընդունված կանոնակարգի, նույն ամսին կհայտարարվի մրցույթ, որի պահանջների մեջ է մտնում նաև շարժակազմի թարմացումը: Ուղևորահոսքի աճման դեպքում` կապված ՙԱրցախ՚ թաղամասի բնակեցման հետ, կվերանայվի թիվ 13 երթուղու ամփոփ չվացուցակը. անհրաժեշտության դեպքում համալրման կարգով կավելացվի շարժակազմերի քանակը: Երթուղիների կանոնավոր սպասարկման և վերահսկման համար կշարունակվի տեսախցիկների տեղադրման գործընթացը երթուղիների սկզբնակետերում (նշենք, որ 2011թ. դրանք տեղադրվել են Աջափնյակ և Արեշ թաղամասերն սպասարկող թիվ 10 և 15 երթուղիների սկզբնակետերում):
Կենսապահովման մյուս կարևոր ոլորտն արտաքին (փողոցային) լուսավորումն է. այդ հարցի լուծման համար բաժինը գործակցում է ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղի հետ, որի կողմից կատարվում են էլեկտրամոնտաժման աշխատանքներ: Համատեղ գործունեությամբ 2011թ. մայրաքաղաքի փողոցներում, բակերում և հարակից տարածքներում տեղադրվել են 210 նոր լուսատուներ և 45 հենասյուներ: Վերանորոգվել են 850 լուսատուներ, ներկվել` 780 մետաղյա հենասյուներ: 2012թ. այդ գործընթացը կշարունակվի: Արտաքին լուսավորման համակարգի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն Ա. Մանուկյան, Մ. Մաշտոցի, Կամոյի փողոցներում: Հին լուսատուների նորով փոխարինման և հենասյուների ներկման աշխատանքներ են նախատեսվում Զորգեի, Թևոսյան, Մարտունու փողոցներում, Արեշ թաղամասում:
ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ի հետ գործակցելով` բաժինը  բարելավման ծրագրի շրջանակներում իրականացնում է նաև խճապատման աշխատանքներ, ինչը նույնպես շարունակական բնույթ է կրում:
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ