comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ ԼՈՒԾՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հադրութի  շրջանում  շարունակվում են  համայնքների  ղեկավարների  հաշվետվությունները: Թաղասեռ  համայնքի  ղեկավարի  հաշվետվությանը  ներկա  էին  ԼՂՀ  տնտեսական  զարգացման  նախարար  Կարեն  Եսայանը,  Հադրութի  վարչակազմի  ղեկավար  Վալերի  Գևորգյանը:
Հաշվետվությամբ  հանդես  եկավ համայնքի  ղեկավար  Գրիգորի  Բուդաղյանը:  Նա նշեց, որ կարևորելով  համայնքային  բյուջեի  եկամուտների  և  ծախսերի  ապահովումը, ձգտել  են  կատարել   եկամուտների  մուտքերի  պլանը: 2011 թվականի կտրվածքով սեփական  եկամուտների  պլանը  կատարվել է  101 տոկոսով, կամ  նախատեսված  1268,7 հազար  դրամի  դիմաց  հավաքվել է  1276,18 հազար դրամ:  Բյուջեի  ծախսային մասը  կատարվել է 90 տոկոսով: Պետության  կողմից  տրվել է  3340,0 հազար դրամի դոտացիա: 
2012թ.  հունվարի  1-ի  դրությամբ  համայնքում տնտեսությունների  թիվը 134 է, բնակչության թիվը` 451: 2011 թ. համայնքում  ծնվել է  7 երեխա: Կա նախադպրոցական տարիքի  43 երեխա, բնակչության զգալի մասն աշխատում է Հադրութի  պետական  հիմնարկներում, իսկ  երիտասարդության  մեծ  մասը  ծառայում է Պաշտպանության  բանակում:
Կարևորելով  գյուղատնտեսության  դերը  համայնքի  զարգացման  գործում, համայնքի ղեկավարությունը ուշադրություն է  դարձրել  ինչպես  հողագործությանը, այնպես  էլ  անասնաբուծության  զարգացմանը:
Համայնքի  գյուղատնտեսական  նշանակության  հողերը  616,5 հա են, որից  վարելահողեր` 183,8 հա: Նշված  վարելահողերից  սեփականաշնորհվել է  ընդամենը 23 հա-ն, այն էլ գյուղամերձ  տարածքում: Մնացած վարելահողերի հեռավորությունը (գյուղից մոտ 20 կմ) համայնքի բնակչությանը հնարավորություն չի տալիս դրանք մշակել,- նշեց  համայնքի ղեկավարը:
2011 թվականի  բերքի  տակ  կատարվել էր  85 հա  ցանքս, որից  սեփականաշնորհված  և  գյուղամերձ  վարձակալված  տարածքումª  50 հա : Ստացել  են  215 տոննա  համախառն բերք, հեկտարի  միջին  բերքատվությունը  կազմել է 24,5 ցենտներ : 2012թ. բերքի  տակ  կատարվել  է 80 հա  հերկ, որից 70 հա-ի  վրա է ցանքս իրականացվել: 
Դպրոցը, որտեղ սովորում  է 58 աշակերտ, ուսուցիչ-մասնագետներով ապահովված է: 2000 թվականին դպրոցը վերանորոգվել է, սակայն կատարված անորակ  աշխատանքների  պատճառով  այսօր  այն  հիմնանորոգման  խիստ  կարիք  ունի: 
Համայնքում  գործում են  բուժկետ, մշակույթի  տուն: Վերը  նշված  հիմնարկների  շենքային  պայմանները  հեռու  են  բավարար  լինելուց, բուժկետը  տեղավորված է  համայնքի  վարչական  շենքի  մեկ  սենյակում:  
Հաշվետվությունից  հետո  համայնքի  որոշ բնակիչներ իրենց  ելույթներում  առաջ  քաշեցին  լուծում պահանջող  մի  շարք  խնդիրներ, որոնք  հիմնականում վերաբերում էին բուժկետի  շենքի  շինարարությանը, ակումբի և  դպրոցի  շենքերի, ջրատար  ցանցի  վերանորոգմանը,  գյուղ  եկող  ճանապարհի  և  գյուղամիջյան  փողոցների  բարեկարգմանը: Միաժամանակ  նրանք  համայնքի  ղեկավարի  կողմից  հաշվետու  ժամանակաշրջանում  կատարած  աշխատանքները  գնահատեցին  բավարար:
ԼՂՀ  տնտեսական  զարգացման  նախարար  Կարեն  Եսայանը ներկայացրեց  կառավարության  կողմից  իրականացվող  ծրագրերը. նա ներկաների ուշադրությունը հրավիրեց  գյուղատնտեսության  զարգացման  հիմնախնդիրների, տրամադրվող  վարկերի, ինչպես  նաև  Արցախում  գործող  հիմնադրամների  աշխատանքների  վրա:
Հաշվետվության  արդյունքներն  ամփոփեց Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի  Գևորգյանը: Նա  ևս  բավարար  գնահատեց համայնքի ղեկավարի աշխատանքը  և  հիմնական  ուշադրությունը  հրավիրեց  լուծում  պահանջող  խնդիրների վրա: 
 
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ