comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է

altՎարակիչ հիվանդությունների համեմատական պատկերը հանրապետությունում
ԼՂՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տվյալներով` 2010-2011 թթ.  հանրապետությունում վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական իրավիճակը լարված չէր: Դիտարկման արդյունքներով չեն գրանցվել պարատիֆեր, կատաղություն, մալարիա, լեպտոսպիրոզ, սիբիրյան խոց հիվանդությունները:
Շնորհիվ հանրապետությունում իրականացվող իմունիզացիայի  2011-2015թթ. ծրագրի, չեն գրանցվել նաև կարմրուկ, կարմրախտ, խոզուկ, կապույտ հազ, դիֆտերիա, փայտացում, պոլիոմիելիտ  կառավարելի վարակիչ հիվանդությունները: Ծրագրի իրագործման համար 2012թ. կտրվածքով պետբյուջեից հատկացվել է 6մլն 400 հազ. դրամ:
Տեսչության պետ Օֆելյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տեղեկատվությամբ` 2011թ. կտրվածքով  35,6%-ով նվազել են սալմոնելյոզային ինֆեկցիաները (2010թ. գրանցվել է 83, 2011թ.` 54 դեպք),  69,6 %-ով (2010թ. 32,  2011թ. 26 դեպք)` սննդային թունավորումները: Իսկ սուր-աղիքային վարակները նվազել են 31 դեպքով, պալարախտը` 1, կապույտ հազը` 4 դեպքով: Ժամանակին կատարված հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ չի գրանցվել լեպտոսպիրոզ հիվանդությունը: Ինչ վերաբերում է մալարիային, 2006թ.-ից ի վեր  հանրապետությունում այն չի գրանցվել: Այնուամենայնիվ, տեսչության կողմից վերահսկողությունը շարունակվում է, կատարվում են հակահամաճարակային  կանխարգելիչ միջոցառումներ:
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ
 
2003 թվականից ԼՂՀ-ում սկսել է գրանցվել ընդերային լեյշմանիոզ հիվանդությունը:  Անցյալ տարի այդ հիվանդությունը գրանցվել է ողջ հանրապետությունում, բացի Շուշիի և Շահումյանի շրջաններից: Արձանագրվել է հիվանդության 16 դեպք, որից 4-ը` Ստեփանակերտում, 1-ական` Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու, 7-ը` Քաշաթաղի և 2-ը` Հադրութի շրջաններում: Լեյշմանիոզը  տարափոխիկ հիվանդություն է, որի հիմնական փոխանցողները մլակներն են, իսկ հիվանդության աղբյուրը` թափառող հիվանդ շները, շնագայլերը, կրծողները: Հարուցիչը ներբջջային պարազիտ է: 
Հիմնականում հիվանդանում են նախադպրոցական տարիքի երեխաները: ԼՂՀ  ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետի իրազեկմամբ` տեսչությունն իրականացնում է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, սակայն այս հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է իրականացնել համալիր միջոցառումների ծրագիր, որում պետք է ընդգրկվեն թե° Առողջապահության նախարարության համապատասխան բուժհիմնարկները և թե°  ԼՂՀ  ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը, հանրապետության կոմունալ ծառայությունները, ոստիկանությունը, Ստեփանակերտի քաղաքապետարանի ՙՍանմաքրում՚ՀՈԱԿ-ը և շրջաններում տարածքային անասնաբուժական և այլ ծառայություններ: Ու քանի որ հիվանդության փոխանցողները հիմնականում լինում են անասնագոմերում, աղբանոցներում, ապա  անհրաժեշտ է միշտ հետևել մաքրությանը, լինել աչալուրջ: Օ. Հարությունյանի խոսքերով`  գարնանը մլակների զարգացման շրջանում տեսչության կողմից հանրապետությունում կկատարվեն համապատասխան դեզինֆեկցիոն, դեռատիզացիոն (կրծողների և մլակների ոչնչացում) աշխատանքներ: Մեր զրուցակցի հավաստմամբ` տեսչությունն այս հիվանդության վարակի կանխման համար պարբերաբար գրություններ է ուղարկել շահագրգիռ կազմակերպություններին:  Ուղղակի անհրաժեշտ է, որ բոլորն էլ լինեն ուշադիր, ժամանակին կատարեն վերահսկողական աշխատանքներ: Համատեղ ուժերով արդյունքներն ակներև կլինեն:
Տեսչության համաճարակաբան Կարինե ԲԱԼԱՅԱՆԻ դիտարկմամբ` 2008 թվականից հանրապետությունում չեն գրանցվել վիրուսային հեպատիտ Ա հիվանդության դեպքեր: Համաճարակաբանը նվազումը կապում է հիվանդի հետ շփված երեխաներին ժամանակին պատվաստելու հետ: Դիտարկվող ժամանակաշրջանում 4 դեպքով աճել է վիրուսային հեպատիտ Բ¬ն:  Հեպատիտ Բ¬ից նույնպես կարելի է պաշտպանվել պատվաստվելով:
 Գրանցված հիվանդությունների շարքում աճել են մաշկային քոս հիվանդությունը` 29 դեպքով, տրիխոֆիտիան `4 դեպքով:
ՎԵՐԻՆ  ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Համաճարակաբան Կարինե ԲԱԼԱՅԱՆԻ խոսքերով` հանրապետությունում շարունակվում է ԼՂՀ առողջապահության նախարարի հրամանով վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկումը (մոնիթորինգ): Տեսչությունը յուրաքանչյուր շաբաթ տվյալներ է ստանում  բոլոր  բուժհիմնարկներից: 2011թ. ԼՂՀ-ում գրանցվել է  H1 N1 գրիպի լաբորատոր հաստատված երեք դեպք (Ստեփանակերտում, Ասկերանի և Հադրութի շրջաններում): Դիտարկվող ժամանակաընթացքում  վերին շնչուղիներով  հիվանդների թիվը նվազել է 1992 դեպքով: Գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների դիտարկումները կշարունակվեն մինչև ապրիլ ամիս: 
Կ. Բալայանի տեղեկատվությամբ` սույն թվականի հունվարի  30-ից փետրվարի 3-ը ԼՂՀ-ում գրանցվել է վերին շնչուղիների հիվանդությունների 354 դեպք, որից 308-ը` երեխաների մոտ: Միջին հաշվարկներով` յուրաքանչյուր շաբաթ արձանագրվում է շուրջ 350 դեպք, որից 70%-ը երեխաներ են: Վերջին տվյալներով`  ՙԱրևիկ՚  մանկական բուժմիավորումում հոսպիտալացվել է 23 հիվանդ: Ստեփանակերտում ամբուլատոր հիվանդների թիվը եղել է 247, որից 216-ը` երեխաներ:  Ներկայումս ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում վերին շնչուղիների ախտահարումով հիվանդներ չկան: Տեսչության աշխատակիցները հավաստիացնում են, որ հանրապետության բոլոր բուժկանխարգելիչ հիմնարկներն ապահովված են ՙՏամիֆլյու՚ հակավիրուսային դեղորայքով, որը պետք է տրվի հատկապես թոքաբորբ, բրոնխոպնևմոնիա բարդություններով հիվանդներին: 
Մայրաքաղաքի դպրոցներում նշված ժամանակահատվածում բացակայել է 196 երեխա, իսկ մանկապարտեզներում` 155-ը: Նախադպրոցական և դպրոցական հաստատությունները նույնպես ստացել են մանրէազերծիչ, ախտահանիչ նյութեր. պարզապես պետք է ժամանակին կատարել միջոցառումները և պահպանել ախտահանման ռեժիմը: Մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ, որովհետև գրիպը վիրուսային ծագման սուր վարակիչ հիվանդություն է, որով հիվանդանում են բոլոր տարիքի մարդիկ: Այն կարող է դրսևորվել եզակի դեպքերի, համաճարակների ձևով: Ներկայումս առավել տարածված են գրիպի A, B,  C տեսակները: Ժամանակի ընթացքում գրիպի վիրուսը փոփոխվում է, ինչի հետևանքով առաջանում են նոր ենթատեսակներ` նոր ախտանշաններով: Հայտնի է, որ գրիպի A տեսակի H1 N1 ենթատեսակի վիրուսն ախտահարել է խոզերին, փոփոխությունների արդյունքում փոխանցվել մարդուն և ձեռք բերել մարդուց մարդ փոխանցվելու հատկություն: Այս հիվանդության ախտանիշները նույնն են, ինչ սովորական սեզոնային գրիպինը: Հիվանդը կարող է ունենալ բարձր ջերմություն, հազ, մկանացավ, գլխացավ, լուծ, կոկորդի ցավ, հոգնածություն, հոդացավ, փսխում, հարբուխ կամ քթի խցանում, հեղձուկ: Նշված ախտանիշների դեպքում պետք է մնալ տանը և անհապաղ հրավիրել բժշկի, պահպանել հիգիենայի տարրական կանոնները: Տեսչության մասնագետները վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկվում է: 
Բացի գրիպանման հիվանդություններից, հանրապետության նախադպրոցական հաստատություններում գրանցվել են ջրծաղիկ և քութեշ հիվանդությունների դեպքեր: Վարակի օջախներում սահմանվում է կարանտին, որի ժամանակ նոր երեխաներ մանկապարտեզ չեն ընդունվում և չեն փոխադրվում մի խմբից մյուսը: Տեսչության տվյալներով` 2011 թվականին կտրուկ աճել էին ջրծաղկի դեպքերը, ու եթե 2010թ. արձանագրվել էր 567, ապա 2011-ին` արդեն 1726 դեպք: Դիտարկվող ժամանակաշրջանում ջրծաղիկն աճել է 1159 դեպքով, իսկ քութեշը` 9-ով: Ջրծաղիկը ոչ կառավարելի սուր վարակիչ հիվանդություն է: Հիվանդության աղբյուրը հիվանդ մարդն է: 2012 թվականի տվյալներով` հանրապետությունում ջրծաղկի եզակի դեպքեր են գրանցվել: Ընդ որում, գրանցման օջախներում` Ստեփանակերտի թիվ 1 և 2 մանկապարտեզներում,  սահմանված է կարանտին: Մասնագետները կրկին խորհուրդ են տալիս երեխայի մոտ ջրծաղկի նշանների (ցան, ջերմաստիճանի բարձրացում) դեպքում անհապաղ դիմել բժշկի:  
 
  Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ