comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ ԹՈԹԱՓԵԼՈՎ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԵՍ Է ԴԱ ԵՂԵԼ ԹՈԹԱՓԵԼՈՎ ՏԱՍՆԱՄՅԱԿՆԵՐԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Վկայում են շարժման ակտիվիստները
ԽՈՐՏԱԿՎՈՒՄ ԵՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ
88-ի հունվարին Արցախում մթնոլորտն արդեն շիկացել էր: Մոսկվայից վերադարձած պատվիրակների
բերած անորոշ, բայց ինչ¬որ տեղ հուսադրող պատասխաններն էլ իրավիճակն ավելի էին սրում:
Սակայն պատվիրակության մեկնելը Մոսկվա, իսկ ավելի շատ` ամբողջական կազմով նրա վերադարձը
հայրենիք, իր դերն ունեցավ:
 Առավել եւս, որ վերադարձից հետո էլ Մոսկվա մեկնողների նկատմամբ
առանձին հետապնդումներ չեղան, վերհիշում է Սլավա Առուշանյանը, ով 1988 թ. եղել է
կուսակցության Ասկերանի շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչը եւ Մոսկվա մեկնած պատվիրակներից
մեկը: ՙԱմենակարեւորըª մեզ ասացին, որ մեր պահանջը ազգայնամոլություն` նացիոնալիզմ
չէ եւ որ այն լիովին համապատասխանում է միութենական օրենքներին՚,¬ վերհիշում է նա: 88-
ի ակտիվիստները չեն ժխտում, դա համարձակություն է ներշնչել անգամ մինչ այդ որոշակի
զգուշավորություն դրսեւորողներին: Տարբեր կոլեկտիվներում սկսեցին քննարկել հայտնի
Դեկլարացիան եւ դրանից բխող որոշումներ ընդունել` Ադրբեջանից անջատվելու համար:
ՙՔննարկումներ էին սկսվել տարբեր կոլեկտիվներում, ինքնավար մարզն Ադրբեջանից
առանձնացնելու առթիվ՚,- սրանք էլ 1988թ. կոմերիտմարզկոմի հրահանգչի պաշտոնը զբաղեցնող
Արկադի Կարապետյանի խոսքերն են, ով այդ օրերին Ստեփանակերտում իրականացվող ընդհատակյա
աշխատանքները կոորդինացնող խմբի մեջ էր: Տաբուն հանվել էր դեռ ստորագրահավաքների օրերին:
Իսկ 1988թ. հունվար-փետրվարին քննարկումներն արդեն խմորումների էին վերածվում:
ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՌԱԿ ԷՖԵԿՏԸ
Ադրբեջանի հակաքայլերն էլ չուշացան: Բաքվից ժամանած բարձրաստիճան ընկերները խնդիր ունեին
անցկացնել շրջանային ակտիվների ժողովներ եւ հենց տեղերում ընդունել տալ
արցախահայության պահանջատիրությունը դատապարտող որոշումներ: Այդ փորձը սպասվածին հակառակ
արդյունքը տվեց: Դահլիճներում ակտիվն էր հավաքվում, հարեւանությամբ` ցուցարարները: ՙՄեզ
մոտ Բաքվի այդ նախաձեռնությունը կատարյալ անհաջողության մատնվեց,- ասում է Սլավա
Առուշանյանը:- Հենց դահլիճի հարեւանությամբ էլ ժողովուրդն էր հավաքվել: Այդ օրը նաեւ
առաջին ցուցապաստառը երեւաց` Ինքնավար մարզը մայր Հայաստանին վերամիավորելու պահանջով՚: Դա
փետրվարի 12-ին էր: Պատկերը նույնն էր մարզի մյուս շրջկենտրոններում:
ԻՆՉՈՒ ՀԵՆՑ
ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ
Այ դա էր, որ նախապես որոշված չէր: 20 տարվա հեռավորությունից միայն մեկ պատճառ առանձնացնել
որպես հիմնականը` բավական դժվար կլինի: Անգամ 88-ի ակտիվիստներն են տարբեր հիմնավորումներ
բերում: Սլավա Առուշանյանի խոսքերով` փետրվարի 12-ին, շրջաններում անհաջողության
մատնվելուց հետո, Բաքվից եկած բարձրաստիճան կուսակցականները ծրագրել էին հաջորդ օրը` փետրվաի 13-
ին, նմանատիպ մի հանդիպում էլ անցկացնել Ստեփանակերտում: Այդ մասին ակտիվիստներին
տեղեկությունը հասնում է նրանց հետ կապ պահող կուսակցական պատասխանատու պաշտոնյաներից մեկի
շնորհիվ: Նաեւ դա իր դերն ունեցավ, որ հենց այդ օրը մարզկենտրոնում կայանար առաջին
բազմամարդ միտինգը:
Դրանից շատ չեն տարբերվում նաեւ Արկադի Կարապետյանի հիմնավորումները. ՙՄենք նախատեսել
էինք մարզկենտրոնում միտինգ անցկացնել: Համապատասխան բացատրական աշխատանքներ էինք տարել
բազմաթիվ կոլեկտիվներում, ակտիվացել էր ընդհատակյա գործունեությունը: Նախապես որոշել էինք
միտինգը փետրվարի 15-ին անցկացնել: Սակայն Երեւանի մեր ընկերներից տագնապալի լուրեր էին
հասնում. պետք է շտապել: Տեղեկացանք, որ Ասկերանում էլ նույն կարծիքին են՚:
ԱՌԱՋԻՆՆԵՐԸ,
ԲԱՅՑ ՈՉ ՄԻԱՅՆԱԿ
Բոլորը համամիտ էին մեկ հարցում: Առաջինը դուրս է եկել Ստեփանակերտի գյուղատնտեսական
տեխնիկումի կոլեկտիվը: Ըստ էության` այդ կոլեկտիվին հասցրել էին տեղյակ պահել Ասկերանից:
ՙԵրբ մանկավարժական ինստիտուտին իմաց տալուց հետո մտա գյուղտեխնիկում, տեսա, որ արդեն
ցուցապաստառ են պատրաստում` դուրս գալու համար,¬ վերհիշում է Սերգեյ Շահվերդյանը, որն այդ
ժամանակ դեռ մանկավարժական ինստիտուտի ուսանող էր:¬ Լուր ստացանք, որ գյուղատնտեսական
տեխնիկումի կոլեկտիվն արդեն դուրս է գալիս, հաղթահարելով որոշ դժվարություններ, առանց
ուշացնելու մենք էլ դուրս եկանք՚: Հանրահավաքը, սակայն, ուսանողական չէր: Ժամանակակիցներն
ավելորդ չեն համարում մեկ անգամ էլ ընդգծել. հրապարակում նաեւ այլ կոլեկտիվներ էին հավաքվել:
Անգամ շրջաններից են մասնակիցներ ժամանել: ՙԵրբ ուսանողների հետ հայտնի ՙՊյատաչոկին՚
մոտեցանք, տեսանք, որ արդեն այստեղ են նաեւ Ասկերանից ժամանածները` մոտ 400 հոգի,- պատմում է
Արկադի Կարապետյանը:¬ Սակայն դա միայն սկիզբն էր: Հանրահավաքի մասնակիցների թիվը գերազանցեց
բոլոր սպասումները. սկզբում երկու-երկուսուկես հազար մարդ էր հավաքվել, իսկ վերջին մոտ
հրապարակում արդեն 7-8 հազար մարդ կար՚:
ԱՌԱՆՑ ԹՇՆԱՄԱՆՔԻ
Հավաքվելուց հետո նաեւ միտինգն անցկացնել էր հարկավոր: Դա էլ ինքնաբերաբար ստացվեց:
Արցախցիներն այստեղ էին հավաքվել առանց չարության, հնչած ելույթներն էլ լիովին
տեղավորվում էին խորհրդային գաղափարաբանության մեջ, վստահեցնում է միտինգի
առաջին ելույթ ունեցողը` 1988-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դասախոս Գրիգորի
Աֆանասյանը. ՙՄեջբերումներ եմ արել Մարքսից, Էնգելսից, Լենինից, Շահումյանից՚:
ՙՓորձում էինք մեր ելույթներով ոչ այնքան ցուցարարներին, որքան նրանց խառնվածª հատուկ
մարմինների ներկայացուցիչներին համոզել, որ մենք հակապետական, հակաօրինական քայլեր
չենք կատարում, այլ ընդամենը գործող օրենքի շրջանակներում պաշտպանում ենք մեր
իրավունքները՚,- ասում է Սերգեյ Շահվերդյանը, ում եւս բախտ է վիճակվել այդ օրը
հրապարակում ելույթ ունենալ: Իսկ հրապարակում նույն խորհրդային գաղափարաբանությանը
չհակասող կոչերով պաստառներն էին, անգամ` խորհրդային առաջնորդների դիմանկարները:
ՓՈԽՎԵՑԻՆ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐԸ, ԱՆՓՈՓՈԽ ԵՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
Բնականաբար, ավելի ուշ փոխվեցին կարգախոսները: Առջեւում փետրվարի 20-ն էր` ԼՂԻՄ
մարզխորհրդի նստաշրջանում կայացված հայտնի որոշումով, ըստ որի դիմում հղվեց ԽՍՀՄ
Գերագույն խորհրդին` մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ-ին
վերամիավորելու առաջարկով: Ժամանակակիցները փետրվարի 13-ը այդ ողջ շղթայի կարեւոր օղակներից
մեկն են համարում: ՙԴա մեր ժողովրդի օրն էր, ինչպես, ասենք, Ֆրանսիայի համար` Բաստիլի
գրավման օրը: Փետրվարի 20-ի դերը չեմ թերագնահատում: Բայց եթե 20-ի որոշումը կարողացան
մերժել, ապա 13-ի պահանջը մերժելն անհնար էր՚,- արդեն 20 տարիների հեռվից գնահատում է
Գրիգորի Աֆանասյանը: ՙՓետրվարի 13-ը սկիզբն էր` իր անորոշություններով, երբ
հրապարակ եկածներից շատերը պարզապես չգիտեին` արդյոք այդ օրը տուն կգնային, թե կընկնեին
հատուկ ծառայությունների ձեռքը,- այդ օրվա մտավախություններն է մտաբերում Սերգեյ
Շահվերդյանը:- Իսկ փետրվարի 20-ը, երբ ինքնավար մարզի բարձրագույն մարմինը վերջապես նման
որոշում ընդունեց, որն այսօր էլ կոչում ենք պատմական, մեզ թվում էր, թե` վերջ, խնդիրը
լուծված է՚:
Կյանքը ցույց տվեց, որ դա էլ վերջը չէ: Հայությունը Սումգայիթ եւ Բաքու տեսավ, արցախցիներն
իրենց պարտադրված պատերազմում հաղթեցին եւ անկախ երկիր կառուցեցին: Ստեփանակերտի նախկին
Լենինի անվան հրապարակն էլ այսօր դարձել է Վերածննդի հրապարակ` ի հիշատակ 88-ի փոթորկալի
զարթոնքի: Իսկ այն օրերից հիշողությունների հետ մնացել է նաեւ դասը`
անհրաժեշտության դեպքում արցախցիները կրկին հրպարակ դուրս կգան:
ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ,
ԿԱՄ` ԻՆՉ ՄՆԱՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ
Անկեղծ ասած` փաստագրական նյութի առումով փետրվարի 13-ին կայացած առաջին հանրահավաքից մեծ
ժառանգություն չի մնացել պատմությանը: Տեսագրության օրինակ այդպես էլ չհաջողվեց գտնել:
Կազմակերպիչները տարբեր կերպ են բացատրում առաջին հանրահավաքը չնկարահանելու փաստը` զբաղված
էին կազմակերպչական այլ հարցերով, ձգտել են մինչեւ վերջին պահը գաղտնի պահել հանրահավաք
անցկացնելու ծրագիրը եւ այսպես շարունակ:
Առաջին հանրահավաքի պատմական դերն ավելի մեծ է: Այն ի տես բոլորի ցույց տվեց Շարժման իրական
չափը, նրա համաժողովրդական բնույթը, ինչը փորձում էին քողարկել ինչպես Բաքուն, այնպես
էլ Մոսկվան: 88-ի ակտիվիստները հիշում են` արտասահմանյան մամուլում արձագանքը չուշացավ: