comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԻՆՉՊԵՍ ԱՐԺԵՎՈՐԵԼ ԿՅԱՆՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉՊԵՍ ԱՐԺԵՎՈՐԵԼ ԿՅԱՆՔԸ

altՄեր  ժամանակներում հաճախ ենք հանդիպում մարդկանց, որոնց կենսակերպը մեզ միանշանակ հուշում է, որ  կյանքը նրանց համար  արժեզրկվել է: Թվում է՝  նրանք  գոյատևում են իներցիայով` առանց իմաստի,  երազանքների ու բարի սպասումների:
 Իհարկե, այս ամենն ունի տրամաբանական պատճառ, հիմք, որոնցից էլ սկիզբ են առնում նիհիլիստական տրամադրությունն ու կյանքի հանդեպ անտարբերությունը:  Կյանքի հանդեպ բացասական տրամադրվածությունն ունի իր  պատճառները, որոնցից են  հարազատի, բարեկամի կամ  մտերիմ մարդու մահը, հիվանդությունները, ամենօրյա լրատվական տեղեկատվություններն աշխարհի տարբեր  անկյուններում տեղի  ունեցող աղետների, պատերազմների մասին  և այլն: Այսօր կարծես լրատվամիջոցներն աշխատում են աշխարհը սարսափելի  համապատկերի վրա ներկայացնելու պահանջով: Որքան շատ են տհաճ ու սենսացիոն լուրերը, այնքան հեղինակավոր են հեռուստաալիքները: Իսկ, ինչպես գիտենք, մեր օրերում մարդիկ ավելի շատ ՙշփվում՚ են  հեռուստաալիքների ու համացանցի, քան իրար հետ: Հետևաբար, լրատվամիջոցների քայքայիչ ազդեցությունը մարդկանց հոգեկանի վրա անդառնալի է:  Մեծաքանակ  բացասական տեղեկատվության  հեղեղի ազդեցությունը նսեմացնում է նույնիսկ  ամենահաճելի ու սպասված լուրը, մարդիկ մի տեսակ անտարբերություն են դրսևորում: Չկա նախկին էնտուզիազմն ու հրճվանքը այնպիսի տարրական, բայց հրաշալի երևույթների հանդեպ, ինչպիսիք են արևածագը, ձյան փաթիլների մաքրությունն ու փայլը, անձրևի մեղմ ու հանգստացնող ձայնը, մանուկների ուրախությունն ու քրքիջը... Դեռ ավելին, այսպիսի հրաշալի պահերն անգամ ընկալվում են չարությամբ. արևածագով հրճվելու փոխարեն դժգոհում են, որ էլի լույսը բացվել է ու պարտավոր են արթնանալ, ձյունը զուգորդվում է միայն ցրտի ու անհարմարության, անձրևը` ցեխի ու կեղտի, երեխաների ուրախությունը` աղմուկի հետ:  Փաստորեն, մենք անգիտակցաբար մանիպուլյացիայի ենք ենթարկվում ուրիշների, արտաքին ուժերի կողմից, վերածվելով կառավարելի զոմբիների:
    Բազում խնդիրների ու դժբախտությունների բեռի  տակ մարդն իրեն ճնշված ու անօգնական է զգում, ինչը զուգահեռաբար ներգործում է նաև նրա կենսագործունեության բոլոր ոլորտների վրա: Հենց այսպիսի հոգեվիճակներում հայտնվելով է, որ որոշները հաճույքով տրվում են տարաբնույթ աղանդների ու կազմակերպությունների ազդեցությանը: Կյանքի մասին նիհիլիստական մոտեցումները դառնում են մարդկային մտածողության անբաժանելի մաս, ինչից էլ ծնվում են նորանոր խնդիրներ, հիվանդություններ, հոգեկան տառապանքներ, որոնք իրենց հերթին էլ ավելի են ամրացնում արդեն ձևավորված կարծրատիպերը: Այսկերպ  շարունակաբար մեզ  թույլ ենք տալիս  ՙընկղմվել՚ նեգատիվ երևույթների կեղտի մեջ, ինչն էլ ստիպում է, որ  անկեղծորեն հավատանք մեր տկարությանն ու  կյանքի անիմաստությանը: Իրավիճակից օգտվում են շատ ավելի ՙխելացի՚ մարդիկ` առաջ տանելով իրենց գործը: Ու պետք է նշել, որ խելացի լինելու համար բնավ էլ  բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր չէ, հաճախ կյանքի դժվարին պայմաններում ավելի շուտ են կողմնորոշվում գիտության ու տեխնիկայի առաջընթացներին անտեղյակ, բայց իրենց շահը լավ հասկացող մարդիկ:    
      Այսօրինակ ապրումներից ու կյանքի հանդեպ ունեցած նիհիլիզմից ազատվելու համար անհատը պետք է մտովի հատի այս անցանկալի շրջանն ու շուտափույթ դուրս գա դրանից, ինչն անելու  համար նախևառաջ անհրաժեշտ է գիտակցել  և ընդունել կյանքի արժեքն ու սեփական արժանապատվությունը: Կյանքի հանդեպ նոր վստահություն  ձեռք բերելու համար պետք են լուրջ մոտիվներ, որոնցից են իրական առաջընթացը, ընտանիքի ու հարազատների բարեկեցությունն ու առողջությունը, երազանքներին հավատալն ու ակնկալիքները, ինչու չէ, նաև նյութական  բարեհաջողությունները: Ցանկալի ներկա ու ապագա ձեռք բերելու համար պետք է կարողանալ պատնեշ դնել դժբախտությունների ու մեր միջև: Ցանկացած իրողություն դաս է մեզ համար, որը պետք է կարողանանք  օգտագործել ամենաարդյունավետ ձևով և ոչ  թե ամբողջովին թուլանալ դրա ծանրության տակ: Անգամ ամենաանցանկալի իրավիճակներում հայտնվելով՝ պետք է կարողանանք մոբիլիզացնել ներքին  ուժերն ու հնարավորությունները:
    Ի վերջո, դժվարության պահին են մարդիկ լիարժեք բացահայտվում:  Չի կարելի ինքնախարազանվել միայն նրա համար, որ ինչ-որ սխալներ եք թույլ տվել անցյալում, բավական է միայն դրանք գիտակցել՝ այլևս չկրկնելու պայմանով: Ինքն իրեն պատժելով՝ մարդ  դրական արդյունքի չի կարող հասնել, քանզի այդ ընթացքում նա բաց կթողնի բազում այլ սխալներ, որոնց մասին կգիտակցի արդեն բավականին ուշացումով:  
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ Հոգեբան