comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՓԱԿՈՒՂՈՒՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ
[ARM]     [RUS]     [ENG]

ՓԱԿՈՒՂՈՒՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ

Կան մարդիկ, ովքեր նույնիսկ խոր ծերության հասակում փորձում են ինչ-որ ձևով  օգտակար լինել հարազատ երկրամասին, երբեք չմտածելով սեփական բարեկեցության ու վաստակած հանգստի մասին, արհամարհելով  անգամ այս կամ այն հիվանդության մարտահրավերները` ձգտում են կուտակված հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել համերկրացիներին, այն համոզմամբ, որ դրանով իսկ թեթևացրած կլինեն մարդկանց հանապազօրյա հոգսերը:
Մեր շրջապատում քիչ չեն նման, հիրավի, հայրենասեր մարդիկ, ու նրանց շարքում իր հաստատուն տեղն ունի հանրապետության վաստակավոր անասնաբույժ, անասնաբուժական գիտությունների թեկնածու Էդուարդ Սուրենի Գասպարյանը, մարդ, որն իր կյանքի ավելի քան չորսուկես տասնամյակը նվիրաբերել է հայրենի Արցախ աշխարհի շենացմանը:
1996 թվականին թոշակի անցնելուց հետո անգամ նա չթողեց ակտիվ գիտական-հասարակական կյանքը. շուկայական նոր տնտեսահարաբերությունների պայմաններում փորձեց իր հոդվածներով (որոնք տպագրվում էին հանրապետության տարբեր պարբերականներում) բացահայտել առկա թերություններն ու բացթողումները, հիմնավորված իր առաջարկներով դժվարությունները հաղթահարելու ուղիներ գտնել:
 2010թ. Էդ.Գասպարյանի հեղինակությամբ տպագրվեց ՙԳյուղատնտեսության ոլորտն Արցախ-Ղարաբաղում 1965-2010 թվականներին՚, ապա` ՙՁիաբուծությունը Արցախ-Ղարաբաղում. երեկ և այսօր՚, իսկ ահա վերջերս ընթերցողի սեղանին դրվեց ՙԿոոպերացումն ու սեփականության այլ ձևերը Արցախ-Ղարաբաղի գյուղատնտեսության ոլորտում՚ արժեքավոր աշխատությունը: ՙՈւնենալով գյուղատնտեսության բնագավառում ղեկավար աշխատանքի հարուստ փորձ,¬ գրում է հեղինակը,¬ սույն գրքի հրապարակմամբ ես նպատակ եմ դրել ինչ¬որ չափով նպաստել ոլորտի վերականգնման և զարգացման ժամանակակից ծրագրերի մշակմանը՚: Անկասկած, այժմ գյուղատնտեսության ոլորտում նախկին կացութաձևին վերադառնալը մեծ դժվարությունների հետ է կապված: Բայց նրա առանձին, բնակչության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող արտադրաճյուղերի վերակենդանացումը, այն էլ  կամավոր հիմունքներով, հնարավոր է և անհրաժեշտ:
Այն, ինչ կատարվեց հետպատերազմյան շրջանում, անչափ ծանր պայմանների մեջ դրեց նորանկախ մեր հանրապետության տնտեսությունը, ի մասնավորի` գյուղատնտեսությունը: Հողերի հապշտապ  սեփականաշնորհում, կոլեկտիվ տնտեսությունների լուծարում,  գյուղմթերքներ վերամշակող կառուցվածքների, գյուղտեխնիկայի` չնչին գումարով վաճառք, հողերի մասնատում և այլն. չհիմնավորված այս քայլերն առավել բարդացրին վիճակը ոլորտում: Այն երկարաձգվեց մինչև մեր օրերը:
Ի վերջո, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրադրությունից, ինչպե՞ս ոտքի կանգնեցնել երբեմնի բարգավաճ մեր տնտեսությունը, որի հիմքերի հիմքը ագրարային հատվածն է` այս հարցադրումներն են գերակայում գրքում, որոնց էլ հետևում է պատասխանը. համակարգը պետք է գտնվի պետության անմիջական հոգածության ներքո, հատկապես հացահատիկի արտադրությունը, անասնապահությունը, այգեգործությունը, այդ թվում և խաղողագործությունը, որոնց զարգացմամբ էլ պայմանավորված է երկրի պարենային անվտանգության ապահովման խնդիրը:
Էդ. Գասպարյանը համոզված է, որ այսօր ԼՂՀ ղեկավարությունը, նախագահ Բ. Սահակյանի գլխավորությամբ, գուցե ինչ¬որ տեղ քիչ ուշացած, բայց հանրապետության տնտեսական ողջ համակարգի համար գերակա համարելով գյուղատնտեսական արտադրությունը, դեմքով շրջվել է դեպի գյուղն ու գյուղաբնակը, արտոնյալ պայմաններ ստեղծելով հողագործի համար (անտոկոս վարկերի ու սերմացուի, թունաքիմիկատների տրամադրում, շրջաններում մեքենատրակտորային կայանների ստեղծմամբ` հողի մշակության գործընթացի թեթևացում և այլն)` փորձում է փակուղուց դուրս գալու ելք գտնել: Եվ դա այսօր մասամբ հաջողվում է:
Անշուշտ, հեռու չէ այն օրը, երբ, հաղթահարելով դժվարությունները, երկիրը կկարողանա նաև արտահանել որոշակի քանակության հացահատիկ, որակյալ գինիներ ու կոնյակ, թթի օղի, միս ու կաթնամթերքներ, էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստված պահածոներ, հյութեր, մեղր և այլն: 
Գործընթացն սկսված է, մնում է այն ավելի խորացնել: Իսկ դրա ճանապարհը, ըստ գիտնականի, հողերի խոշորացումն է, գյուղատնտեսության կոոպերացումն ու սեփականության առավել արդյունավետ մոդելների կիրառումը (ֆերմերային տնտեսություններ, գյուղացիական կոոպերատիվներ ու միավորումներ), կադրային հարցի խելացի լուծումը, պատրաստ լինելը դիմակայելու բնության քմահաճույքներին (հակակարկտային ցանցի ընդլայնում, հողերի ջրարբիացում): Միայն այս ճանապարհով հնարավոր կլինի գյուղաբնակի համար եկամտի հուսալի աղբյուր ստեղծել, անել այնպես, որպեսզի նա երբեք չլքի հարազատ բնօրրանը, հող¬հայրենին:  
Հավելենք, որ գրքում տեղ են գտել նաև հեղինակի` հատկապես վերջին տարիներին մամուլում հրատարակած հոդվածներն ու գիտական վերլուծությունները խնդրո առարկա հարցերի վերաբերյալ: 
Սեփ. լրատվություն