comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՈւՍԱՆՈ՞ՂԸ, ԹԵ՞ ԲՈՒՀ-Ը ՉԻ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ՈւՍԱՆՈ՞ՂԸ, ԹԵ՞ ԲՈՒՀ-Ը ՉԻ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ

altԱյսօր գրեթե ամեն մի շրջանավարտ շտապում է հայտնվել բուհական նստարանին: Անկախ նրանից, թե ինչն է ստիպում երիտասարդին համալսարանում հայտնվել` բարձրագույն ուսումնական հաստատության նպատակը հիմնավոր գիտելիքներ տրամադրելը պետք է լինի:  Արդյո՞ք բուհական գիտելիքները բավարարում են ուսանողների մասնագիտական հետաքրքրություններին: Փորձեցինք փոքրիկ հարցման օգնությամբ իմանալ ուսանողների դիրքորոշումը: 
Կան ուսանողներ, ովքեր այն կարծիքին են, որ շատ բան կախված է ցանկությունից: Եթե կա ցանկություն, կա նաև հետաքրքրություն դեպի գիտելիքը: Ոսանողների մի մասն էլ այն կարծիքին է, որ հաշվի առնելով մեր հանրապետության մասշտաբը և աշխարհի կողմից չճանաչված լինելը, կարելի է բավարարվել եղածով: Իսկ ուսանողուհի Ռուզաննա Ծատրյանի կարծիքով, եթե տվյալ ուսանողին ոչինչ չի հետաքրքրում, նա չի կարող գիտելիքի պակաս զգալ, իսկ այն ուսանողը, որը սովոր է բավարարել իր հետաքրքրությունները,  անպայման միջոց է գտնում դրա համար: Հարցվածների մեծ մասն ասաց, որ մեր բուհում ավելի շատ զգացվում է գործնական աշխատանքների պակաս: Շատ մասնագիտություններում տեսականը էական դեր չի խաղում, իսկ գործնականի պակասի արդյունքն էլ վատ մասնագետներն են: Միայն  դասախոսություններ գրելը, այն էլ 80 րոպե, բավարար չէ: Ուսանողների  համար նախընտրելի են գործնական պարապմունքները և արտալսարանային հանդիպումները: Ուսանողուհի Ռուզաննա Ղահրամանյանն  առաջնահերթությունը տալով  փորձուսուցմանը` նշեց, որ տեսական գիտելիքները գործնականում կիրառելն ավելի է ամրապնդում մասնագիտական կարողությունները, բայց, ցավոք,  բուհում քիչ տեղ է հատկացված  փորձուսուցմանը: Ինչ խոսք, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:
Ուսանողների մեծ մասը կրթական համակարգում ցանկանում է մեծ փոփոխություններ տեսնել, որպեսզի ուսման վարձավճարների բարձրացումները ուղեկցվեն դրական փոփոխություններով:
Այսօր հաճախ կարելի է  ուսանողներից լսել  բողոքներ ստացած գիտելիքներից:
Իսկ ի՞նչ են մտածում դասախոսներն այս մասին` հարցումներ կատարեցինք նաև նրանց շրջանում. ոմանք այն կարծիքին են, թե ուսանողներից շատերը կլանված չեն ուսմամբ: Նրանց համար ուսումը երկրորդական պլանում է, մի մասի համար համալսարանը ժամանցի վայր է: Քիչ չեն նաև աշխատասեր, խելացի, պարտաճանաչ ուսանողները: 
Այն հարցին, թե ուսանողի գիտելիքների պաշարը կախվա՞ծ է դասընթացներին ներկայանալու հաճախականությունից` դասախոսների մեծ մասի պատասխանը դրական էր, չնայած կան նաև այնպիսիք, ովքեր աշխատում են և հաճախ են բացակայում դասերից, բայց քննությունների ժամանակ ամենից լավ են պատասխանում:
Այսօրվա ուսանողության մի մասը բավարարված է ստացած գիտելիքներով, մյուս մասը` ոչ, համարելով, որ իրենց տված վարձավճարի համեմատ գիտելիք քիչ են ստանում: Իսկ ոմանց համար էլ էական չէ` հիմնավո՞ր է իր կրթությունը, թե ոչ` ի վերջո կարևորը դիպլոմն է:
 
Նելլի ԴԱՆԻԵԼՅԱՆ