comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

altԻնչպես արդեն տեղեկացրել ենք, հաշվի առնելով ԼՂՀ տարածքում վերջին տարիներին գիշատիչների գլխաքանակի աճն ու ագրեսիվության նկատելի դրսևորումները՝ հանրապետությունում սկսել են իրականացվել գայլերի և շնագայլերի գլխաքանակի կարգավորման միջոցառումներ։ Քանի որ վերջիններիս աճը շոշափելի վնաս է հասցնում բնակչությանը, անասնապահությանը, ԼՂՀ կառավարության 2012թ. փետրվարի 8-ի համապատասխան որոշմամբ հաստատվել է գիշատիչների գլխաքանակի կարգավորման միջոցառումների նոր ծրագիր։ 
Ինչպես մեզ իրազեկեց ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Սևակ Ստեփանյանը, ծրագիրը, ինչպես և նախորդ տարիներին, նպատակ ունի հանրապետության վարչական սահմաններում կարգավորել գիշատիչների գլխաքանակի աճը՝ բնակչությանը և գյուղատնտեսությանն սպառնացող վտանգից զերծ պահելու համար։ 
Վերջին տարիներին գրանցվում են շատ դեպքեր, երբ գայլերը հայտնվում են բնակավայրերում՝ վտանգի տակ դնելով բնակիչների կյանքը, հարձակվում են  գյուղատնտեսական նշանակության կենդանիների վրա։ Մեր զրուցակցի խոսքերով՝ միջոցառումները կազմակերպվում են բոլոր շահագրգիռ կազմակերպությունների, մարմինների, տվյալ տարածքի բնակչության և որսորդների համագործակցությամբ։ ՙԱյս ամենով հանդերձ, խնդիրը պետք է լուծվի անվտանգ և գրագետ,- ավելացնում է Ս. Ստեփանյանը,- այսինքն՝ նաև անհրաժեշտություն է  առաջանում այդ կենդանիների թվաքանակի պահպանման համար մասնագետների անմիջական միջամտության՚։ 
Ի դեպ, դեռևս 2006 թվականից ԼՂՀ-ում իրականացվում է գիշատիչների գլխաքանակի, բնակության վայրի և որջերի, նրանց ակտիվության, կենսագործունեության տարբեր առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում և ընդհանրացում։ Նշված տարում գիշատիչների որսի համար սահմանվել են դրամական պարգևատրումներ. մեկ գայլի համար՝ 25 հազար դրամ, շնագայլի համար՝ 4000 դրամ։ 2009թ. ԼՂՀ կառավարության մեկ այլ որոշմամբ 1 գայլի պարգևավճարը կազմեց 50 հազար դրամ, իսկ շնագայլինը մնաց նույնը՝ 4000 դրամ։ Այս որոշումը  ենթարկվել է լրամշակման, և 2010թ. նոյեմբերի 1-ից որսորդներին շահագրգռելու նպատակով ԼՂՀ կառավարության կողմից սահմանվել են հետևյալ դրամական պարգևավճարները՝ 1 գայլի դիմաց՝ 100 հազար դրամ, իսկ շնագայլի համար՝ 8000 դրամ։ 
Բնապահպանական տեսչության տարածքային վերահսկողության բաժնի պետ Ռաֆիկ Մաթևոսյանի խոսքերով՝ գիշատիչների գլխաքանակի կարգավորման, կենսատեխնիկական միջոցների կազմակերպման և որսորդների խրախուսման համար 2011թ. հատկացվել է 22 մլն դրամ, որից 18մլն-ը՝ պետական բյուջեի համապատասխան ծրագրով, իսկ 4 միլիոնը՝ ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդից։ 2011թ. կտրվածքով ոչնչացվել է 216 գայլ (2008թ.՝ 51, 2009թ.՝ 146, 2010թ.՝ 176 գայլ)։ Ռ. Մաթևոսյանի պարզաբանմամբ՝ 2012թ. համար նույնպես պետբյուջեից հատկացվել է 18մլն դրամ, անհրաժեշտության դեպքում գումար կտրամադրվի պահուստային ֆոնդից։ 
Ռ. Մաթևոսյանի տեղեկատվությամբ՝ ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի ս.թ. փետրվարի 15-ի  հրամանով պետական բյուջեով նախատեսված՝ գիշատիչների գլխաքանակի կարգավորման միջոցառումների ծրագրի իրականացումն ապահովելու համար հատկացված 18մլն դրամից 4մլն-ը նախատեսվել է շնագայլերի որսի դրամական պարգևատրման համար։ Հրամանի համաձայն՝ շնագայլերի գլխաքանակի կարգավորման համար նախատեսված գումարը կհատկացվի Ստեփանակերտ քաղաքի, շրջկենտրոնների ծայրամասերում և մոտակայքերում շնագայլերի ոչնչացմանը։ Այսինքն, տեսչությունը պայմանագրեր է կապել վերոնշյալ տարածքներից ընտրված որսորդների հետ, ովքեր փետրվար ամսից մինչև ապրիլի 30-ը պարտավորվում են որսալ և հանձնել շնագայլերը։ Ստեփանակերտի և շրջկենտրոնների քաղաքապետարանների գրությունների հիման վրա սահմանվել է տվյալ տարածքներում ոչնչացման ենթակա շնագայլերի թվաքանակը։ Այսպես, Ստեփանակերտ քաղաքում պայմանագիր է կնքվել 3 որսորդի հետ, ովքեր նշված ժամկետում պետք է որսան 90 շնագայլ։ Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Քաշաթաղի շրջաններում պայմանագիր է կնքվել 2-ական  որսորդների հետ՝ յուրաքանչյուր շրջանում 50 շնագայլի որսման համար, իսկ Շուշիի և Շահումյանի շրջաններում՝ համապատասխանաբար 30 և  20 շնագայլի որսման համար։ Գայլի որսն իրականացվում է առանց պայմանագրի։ Ռ. Մաթևոսյանի տեղեկատվությամբ՝ արդեն կատարվել է գիշատիչների որսման դիմաց 4մլն դրամի պարգևատրում։ Մարտի 12-ի տվյալներով՝  որսացվել են 53 գայլ, 55 շնագայլ։ Ստեփանակերտից և Շուշիից գայլեր չեն որսացվել։ Մարտակերտի շրջանից հանձնվել է 17 գայլի մորթի, Մարտունուց՝ 6, Ասկերանից՝ 9, Հադրութից՝ 6, Քաշաթաղից՝ 11 և Շահումյանից՝ 4։ Իսկ շնագայլերից 25-ը որսացվել է Հադրութի շրջանից, 30-ը՝ Ստեփանակերտից։ 
Տեսչության մասնագետների պարզաբանմամբ՝ որսված գիշատիչների գրանցումը, զննումն իրականացվում է հաստատված կարգի համաձայն ստեղծված հանձնաժողովի կողմից։ Որսի ընդունման և զննման ձևերը մնացել են նույնը։ Գայլի որս կատարողը տասնօրյա ժամկետում պետք է տեսչություն ներկայացնի որսի մասին տեղեկանք համայնքից, որսված կենդանու մորթին, զենքի մասին ԼՂՀ օրենքով սահմանված կարգով զենք կրելու իրավունքը հաստատող փաստաթուղթ։ Ստեղծված հանձնաժողովն էլ ուսումնասիրությունից հետո փաստաթղթերը ներկայացնում է վարչության աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժին՝ վճարումն իրականացնելու համար։ 
 
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ