comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԹԱՂՄԱՆ ՀԱՅԵՑԻ ԾԵՍԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՂՄԱՆ ՀԱՅԵՑԻ ԾԵՍԸ

Յուրաքանչյուր ազգի ինքնատիպության կարեւոր տարրերից մեկը պատմականորեն ձեւավորված ավանդույթներն են: Ազգային ավանդույթների մեջ հատուկ տեղ ունի թաղման ծեսը: Այն կյանքի ընդհատման, վախճանականության հաղթահարման որոշակի վարվելակերպ է: Թաղումը երբեք չի ընկալվել որպես սոսկ մահացածի մարմնից  բաժանվելու միջոց: Բոլոր ժամանակներում էլ խայտառակություն է համարվել առանց արարողակարգի  մահացածին հողին հանձնելը: Մահացածի նկատմամբ հարգալից վերաբերմունքի պահանջի շնորհիվ ստեղծվել են հուղարկավորության ավանդույթներ եւ թաղման կարգեր, որոնք խնամքով փոխանցվում են սերնդեսերունդ։
Դարերի ընթացքում 1700-ամյա քրիստոնեական անցյալ ունեցող հայը բարեխղճորեն ու երկյուղածությամբ ստեղծել է ննջեցյալի թաղման արարողակարգ, դրանով  առաջնորդվել  մինչեւ Հայաստանի խորհրդայնացումը: Յոթանասուն տարիների ընթացքում ավանդապահ հային պարտադրել են ընդունելու թաղման աթեիստական արարողակարգը, որի դառը պտուղները դեռ շարունակում ենք ճաշակել: Այդ արարողակարգը թեեւ իր մեջ պարունակում է ավանդական, քրիստոնեական թաղման ծեսի մի շարք տարրեր՝ հոգեհանգիստ, ինքնահող, յոթ, քառասունք, տարի, այնուամենայնիվ՝ նպատակ էր (եւ` է) հետապնդում հանգուցյալին հեռու պահելու Հիսուս Քրիստոսի փրկագործությունից: 
Ինչպե՞ս է կատարում թաղման ծեսը ժամանակակից հայերի մեծամասնությունը: Նախ` հանգուցյալի հարազատները, բարեկամներն ու ընկերները, հավաքվելով՝  հաշվարկում են, թե որքան գումար է պետք արարողությունը կատարելու համար: Բնականաբար, քանի որ ժամանակակից հայերի մեծամասնության համար հաշվարկված գումարները անհասանելի են, ստիպված պարտք են վերցնում: Արարողակարգը հետեւյալն է: Մեռելատնից դագաղի դուրսբերման ժամանակ պարտադիր պայման է՝ առանց կանանց ներկայության, փակ դռանը դագաղով երեք անգամ հարվածելը (այս երեւույթը ժառանգել ենք հեթանոսությունից): Այնուհետեւ դիակը տեղափոխվում է բակ, դրվում նախօրոք պատրաստված սեղանի վրա: Հանգուցյալին հրաժեշտ են տալիս հարազատները, բարեկամները, հարեւանները եւ հավաքվածները: Դագաղը վերցնելով սեղանից, նրա փոխարեն քար են դնում եւ որոշ դեպքերում էլ օդում երեք անգամ պտտում: Այս երեւույթները եւս հատուկ բացատրություններ չունեն (սա նույնպես գալիս է հեթանոսական ժամանակներից): Այնուհետեւ ձեւավորվում է թափորը, որին հիմնականում առաջնորդում են հարազատները եւ կանայք: Եթե գերեզմանատունը հեռու է, տեղափոխումը կատարվում է մեքենաներով: Տեղափոխվելով գերեզմանատուն, բոլոր հավաքվածները մասնակցում են բուն հուղարկավորությանը: Արարողության ավարտից հետո հանգուցյալի հարազատներից մեկը կամ նախատեսված սգո սեղանապետը բոլորին հրավիրում են հոգեհացի, որը հիմնականում տեղի է ունենում հանդիսությունների համար նախատեսված դահլիճներում: Հոգեհացի մասնակիցների թիվը սովորաբար անցնում է հարյուրից եւ կարող է հասնել մինչեւ 300-ի (և ավելի): Հոգեհացի կերակրատեսակների սահմանափակումը վերաբերում է միայն խորոված մսին: Հոգեհացի սեղանն իր առատությամբ ու ճոխությամբ չի զիջում ուրախության սեղաններին: Տխրության սեղանների ամենախոցելի տեղը թերեւս ՙթամադայությունն՚ է: Սգո սեղանապետը, ենթարկվելով հանգուցյալի հարազատների կամքին կամ էլ ՙըստ ընդունված կարգի՚, երբեմն բաժակաճառերի, կենացների, բարեմաղթությունների թիվը կարող է հասցնել 7-8-ի: Հոգեհացի ավարտից հետո սգո սեղանապետը կամ հանգուցյալի հարազատը հայտարարում է յոթի եւ քառասունքի օրերի մասին: Յոթի եւ քառասունքի ծիսական արարողությունները քիչ են տարբերվում հոգեհանգստից: 
Մինչեւ հանգուցյալի մահվան տարելիցը  նշելը պարտադիր պայման է, որ գերեզմանաքարը պատրաստ լինի: Գերեզմանաքարերը սովորաբար քրիստոնյաները  (նաև մուսուլմանները) տեղադրում են դեմքով դեպի արեւելք. այն պարզ պատճառով, որ  փրկությունը  Հիսուսի Քրիստոսի շնորհիվ արեւելքից է գալու:
 Տապանաքարի  պատրաստումն ու տեղադրումը  մեծ գումար են կազմում, որը եւ պարտադրում է հանգուցյալի հարազատներին, այն չունենալու դեպքում, նորից պարտք վերցնել: Թե ե՞րբ եւ ինչպե՞ս են վերադարձվելու պարտատերերի գումարները՝ հանգուցյալի առանց այն էլ վշտահար հարազատների ՙներքին՚ խնդիրն է: Ճիշտ է, որոշ չափով պարտքերը մարվում են սգո արարողությունների ժամանակ հավաքվող հանգանակությունների հաշվին, որն, ի դեպ, հաճախ կատարվում է ոչ քաղաքակիրթ ձեւերով (ցուցադրաբար հավաքվող հանգանակությունը` փող ՙգրվելը՚, ոչ միայն նվաստացուցիչ է, այլ նաեւ՝ հոգեւոր իմաստով օգնություն կոչվել չի կարող): 
Մի կողմ թողնելով անհարմարությունը, գրենք թաղման աշխարհիկ ծիսակարգով նախատեսված բոլոր արարողությունների ժամանակ ծախսվող ֆինանսական միջոցների մասին: Ամենազուսպ, միջինացված հաշվարկներով՝ այդ գումարը կազմում է 2 միլիոն դրամ: Ընդունենք, որ մեր հանրապետությունում, միջին հաշվով, յուրաքանչյուր ընտանիք ամսական մուտք է գործում 150 000 դրամ` աշխատավարձի, թոշակի եւ նպաստի ձեւերով։ Դա կնշանակի, որ տխրության դեպքում ընտանիքի անդամները ուղիղ 1 տարի ոչ պիտի ուտեն, ոչ խմեն, ոչ էլ…  
Իսկ ո՞րն է մեր ավանդական թաղման հայեցի ծեսը: Հայ քրիստոնյան հավատում է, որ մարդը կազմված է մարմնից, շնչից եւ հոգուց: Երբ մարդ մահանում է՝ փչում է շունչը, ավանդում է հոգին, իսկ մարմինը հանձնում են հողին: Մահացածի մարմինը հողին հանձնելով՝ ավանդապահ հայը հավատում է, որ հոգին ապրում է: Քրիստոսի շնորհիվ ոչնչացվել է մահվան զորությունը: Մահը չի  ընկալվում իբրեւ կյանքի անզոր ընդհատում, այլ՝ որպես վերադարձի մի նոր, ավելի բազմախոստում կյանք՝ Աստծո ներկայության մեջ: Այդ պատճառով հայ քրիստոնյան մահացածի վրա չպիտի հարայ-հրոցներով ողբա, կեղծ արտասուքներ թափի (խոսքը անկեղծ սրտով լացելու մասին չէ, որը, ինչպես հայտնի է, թեթեւացնում է վիշտը), այլ պետք է հավատով, օրհնությամբ եւ աղոթքով նրան գերեզման ուղարկի, որովհետեւ հանգուցյալը սպասելու է Աստծո շնորհով կատարյալ նորացմանը: 
Հայկական ազգային-հոգեւոր ավանդության համաձայն՝ թաղման ծեսը կազմված է երեք փուլից: Մեռելատանը հարազատները լվանում եւ հագցնում են հանգուցյալին: Հետո դիակը տեղափոխում են պատգարակի վրա: Տեղի է ունենում հսկում դիակի շուրջը: Հսկումի ժամանակ կատարվում են սպասավորություններ, որոնք ուղեկցվում են հանգուցյալի վրա կատարվող սաղմոսներով, աղոթքներով եւ սուրբգրային ընթերցումներով: Այնուհետեւ հանգուցյալին հանդիսավոր թափորով տանում են եկեղեցի եւ դնում եկեղեցու դռան առջեւ, իսկ եթե հանգուցյալը քահանա է՝ եկեղեցու բեմի վրա, սեղանի առջեւ: Հայ քրիստոնյան մեծ նշանակություն է տալիս մեռելատնից դեպի գերեզմանատուն ընթացող թաղման թափորին, որը խորհրդանշաբար պատկերացվում է իբրեւ տեղափոխություն առ Աստված: Եկեղեցին բացառում է  ողբերգերը,  երաժիշտներին, կանանց ու երեխաներին  արգելում է գլխավորել թաղման թափորը (առջեւից պիտի գնան տղամարդիկ, հետո միայն՝ կանայք ու երեխաները): Խստիվ արգելվում է մեռելատնից մինչեւ գերեզմանատուն ճանապարհին ծաղիկներ թափելը: Եկեղեցու դռան առջեւ եկեղեցական կարգը կատարելուց հետո թափորն ուղղվում է դեպի գերեզմանատուն: Մեր ժամանակներում, քանի որ գործող եկեղեցիներ շատ քիչ են, հանգուցյալի դին միանգամից գերեզմանատուն են տեղափոխում: Գերեզմանատան դռան մոտից կանայք պարտավոր են հետ դառնալ: Նրանք իրավունք չունեն մասնակցելու բուն հուղարկավորման արարողությանը, քանի որ կինը, լինելով կյանքի խորհրդանիշը, կյանք տվողը, ըստ Եկեղեցու՝ չպիտի մասնակցի մարմնի թաղմանը, հողի մեջ ամփոփմանը: Այս ավանդույթը Արցախի որոշ գյուղերում, մասնավորապես Բերդաշենում, պահպանվել է մինչ օրս: 
Բուն թաղումից հետո քահանան կնքում է գերեզմանը: Հոգեւորականները եւ հարազատները վերադառնում են մեռելատուն եւ ավարտում թաղման արարողությունը սաղմոսերգությամբ եւ աղոթքներով: Այնուհետեւ տրվում է հոգեհաց, որի իմաստը կայանում է հանգուցյալի մեղքերի քավելու մեջ: Հոգեհացը նախկինում տրվում էր աղքատներին, որպես սիրո եւ գթածության արտահայտություն: Նոր ժամանակներում, ըստ եկեղեցական կարգի, հոգեհացին պետք է մասնակցեն հարազատները, բարեկամները եւ ընկերները: Հոգեհացի եւ ընդհանրապես սգո սեղաններին մատուցվող կերակրատեսակները սահմանել է Եկեղեցին: Այն դարերի ընթացքում փոփոխության է ենթարկվել, փոխվել են կերակրատեսակները, բայց մի բան մնացել է անփոփոխ՝ դրանք պետք է  լինեն պարզ, դյուրամարս եւ սահմանափակ քանակությամբ:
Հուղարկավորության հաջորդ օրը կոչվում է ՙայգուց՚, որն առաջացել է այգաբաց բառից, որի ժողովրդական անվանումն ինքնահողն է: Սա հիմնված է ավետարանական այն փաստի վրա, երբ Քրիստոսի թաղումից հետո յուղաբեր կանայք, ըստ հրեական սովորույթի` գնացին գերեզման, որպեսզի խնկով եւ յուղով պատեն Քրիստոսի մարմինը: 
Ըստ արարողակարգի` ինքնահողին առավոտյան գերեզմանատում են գնում կանայք (ովքեր չեն մասնակցել բուն հուղարկավորման արարողությանը), ընտանիքի մյուս անդամները, հարազատները, բարեկամները: Արարողության մասնակիցները աղոթում են  ննջեցյալի հոգու փրկության համար եւ խնկարկում գերեզմանը: Այնուհետեւ վերադառնում են մեռելատուն եւ մասնակցում սգո ճաշկերույթին:
Սգո սեղաններին խստիվ արգելվում է ծխելը եւ զրուցելը:  Ըստ սահմանված կարգի, սգո սեղանապետը պետք է կատարի երեք պարտադիր հիշատակումներ, այլ ոչ թե բազմաթիվ կենացներ խմի, ասմունքի, խոսքը ճոխ դարձնելու համար բազմաթիվ մեջբերումներ կատարի հայտնի մարդկանցից։ 
Երեք հիշատակումներից, բնականաբար,  առաջինը վերաբերում է  ննջեցյալին: Սգո սեղանապետը, ըստ սահմանված կարգի, համառոտ պետք է ներկայացնի ննջեցյալի կենսագրությունը, անցած ուղին եւ ցավակցություն հայտնի նրա ամուսնուն, որդիներին եւ հարազատներին: Երկրորդ հիշատակումը՝ ննջեցյալի գերդաստանի հետ բարեկամական, խնամիական կապերով կապված հին եւ նոր ննջեցյալների հոգիների հանգստության համար է: Երրորդը հիշատակումը՝ պատերազմների, կոտորածների, բնական աղետների, արհավիրքների ժամանակ զոհվածների, նահատակվածների եւ անհայտ կորածների հոգիների հանգստության համար է: Այս հիշատակումին կարելի է զուգակցել նաեւ Արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակումը, բայց քանի որ հիշողությունները դեռ թարմ են, սովորաբար այն առանձին է նշվում: 
Ավանդության համաձայն՝ սգո սեղանները եզրափակում են ՙնեղություն քաշողների՚ կենացը խմելով`  ցավակցելով բոլոր մասնակիցներին, հարեւաններին, կոլեկտիվների անդամներին: Վերջում իր շնորհակալական խոսքը կարող է հայտնել հարազատներից մեկը:
Ինչ մնում է սգո սեղաններին, բացի սեղանապետից, այլ անձանց ելույթներին, Հայ Եկեղեցին չի խրախուսում եւ կտրուկ էլ դեմ չէ: Հիշեցման կարգով նշենք, որ այդ երեւույթը հայերս ներմուծել ենք օտար ազգերի թաղման ծիսակարգերից: 
Կարծում եմ, ժամանակն է վերականգնել մեր ազգային ավանդույթների հիրավի ամենախոցելի մասերից մեկը՝ թաղման ծեսը եւ դրա պետականորեն կանոնակարգումը, ինչպես արվում է  աշխարհի շատ երկրներում: Օրինակ` Ղրղզստանում, հիմք ընդունելով  Օշ նահանգում կիրառվող երեք տարիների փորձը, 2010թ. մայիսին օրենք են ընդունել, ըստ որի հարսանիքների ու թաղումների համար ծախսվող գումարի չափը չպիտի գերազանցի 500 դոլարը: Իրավախախտները տուգանվում են 500-1000 դոլարով: Ի դեպ, իրավախախտներ են համարվում եւ ՙտանտերերը՚, եւ համապատասխան դահլիճներ տրամադրողները: Ավելի վաղ՝ 2007թ., նման օրենք է ընդունվել Տաջիկստանում՝ այդ երկրի  նախագահի նախաձեռնությամբ: Համաձայն այդ օրենքի՝ հստակ սահմանվում է, թե որքան հյուր կարող է լինել հարսանիքի ժամանակ, քանի ավտոմեքենա կարող է լինել հարսանեկան կորտեժում, ինչպես նաեւ քանի ճաշատեսակ կարելի է մատուցել: Շնորհիվ այս բարեփոխման, 2 տարվա ընթացքում, այսինքն՝ 2009թ. վերջին Տաջիկստանի բնակչությունը խնայել է ավելի քան 1 միլիարդ դոլար:
     Գոնե ննջեցյալների հիշատակը հարգենք հայ ազգին հատուկ պատշաճ ձեւով, պաշտպանելով նրանց Աստծո կողմից սահմանված հավասարությունը:
      
Աշոտ  ՍԱՐԳՍՅԱՆ                                                                                         
ԼՂՀ կառավարության աշխատակազմի 
ազգային փոքրամասնությունների  
և կրոնի հարցերի բաժնի վարիչ