comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ, ՈՒԺԵՐԻ ԼԱՐՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ, ՈՒԺԵՐԻ ԼԱՐՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Սոս համայնքի ղեկավարի 2011թ. հաշվետվությանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար  Նելսոն Սողոմոնյանը, ԱԺ  փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ֆինանսաբյուջետային և տնտեսական  կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պատգամավոր Գենադի Ալիբաբայանը, Արցախում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մարմնի  ներկայացուցիչ Միշել Տանկրեզը։ 
Համայնքի ղեկավար Իգոր Ղահրամանյանը նշեց, որ համայնքում ընդգրկված են 237 տնտեսություններ, բնակչության թիվը կազմում է 961 մարդ։ Գյուղում գործող  միջնակարգ դպրոցն  ապահովված է համապատասխան կադրերով և նյութատեխնիկական  բազայով։ Դպրոցում սովորում է 188 աշակերտ, սակայն՝ շենքային անբավարար  պայմաններում։ Կա նոր դպրոցական շենքի կառուցման անհրաժեշտություն։ Դպրոցում բացակայում է սպորտդահլիճը, չնայած դրան, բազմաթիվ սպորտային միջոցառումներում և մրցաշարերում դպրոցականներն  առաջնային տեղեր են զբաղեցրել։ 
Համայնքում գործում է  պետական մանկապարտեզ, ուր հաճախում է  3-5 տարեկան  40 երեխա, իսկ  8 տարեկան երեխաների թիվը գյուղում 55 է։ Քանի որ մանկապարտեզի շենքային պայմաններն անմխիթար են, ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի և ԼՂՀ կառավարության միջոցներով համատեղ կառուցվում է մանկապարտեզի նոր շենք։ 
Համայնքում գործում են բուժամբուլատորիա, կապի  և ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ՓԲԸ-ի բաժանմունքներ։
 Համայնքն ունի 123,3 հա խաղողայգի։ Տարիներ շարունակ խաղողագործությունը  համայնքում առաջատար և ամենաեկամտաբեր ճյուղն էր: Ցավով նշվեց, որ տարեցտարի ավելանում է անտարբերությունը այգիների մշակման հանդեպ, ինչն իր հիմնավոր պատճառներն ունի. բնական  աղետներ, բերքի բավականին ցածր շուկայական գներ։։
Առկա է 71հա թթայգի, սակայն հաշվետու տարում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերքն ամբողջապես փչացել է։
Տարին, գյուղատնտեսական առումով անբարենպաստ էր։ Հաշվետու տարում կատարվել էր 720 հա աշնանացան, որից 350 հա՝ սեփականաշնորհված, 370 հա՝ վարձակալած հողերում, ընդ որում՝ 700 հա-ի վրա ցանվել է ցորեն, 20հա-ի վրա՝ գարի։ Գարու միջին բերքատվությունը կազմել է  16, իսկ ցորենինը՝ 13,8ց։  2011թ. հողօգտագործողներին տրամադրվել է  8.269.400 դրամ անտոկոս վարկ։ Համայնքում կատարվել է 7,95 հա սև ցել։
2012թ. բերքի տակ կատարվել է  550 հա աշնանացան, 150հա գարի, 400 հա ցորեն, որից 200հա՝ սեփականաշնորհված, 350հա՝ վարձակալված հողերում։ Տարեցտարի  ցանքատարածությունների քանակը պակասում է, հողը գյուղացուն լիարժեք  վարձահատույց չի լինում, իսկ հողօգտագործողը ստիպված երես է թեքում հողից ու ապրուստի միջոց ստեղծելու հույսով  հեռանում  հայրենի օջախից։ 
Համայնքում անկում է  արձանագրվում նաև անասնապահության ոլորտում։ Օրվա դրությամբ համայնքն ունի  229 գլուխ խոշոր եղջերավոր և 406 գլուխ մանր եղջերավոր անասուն: 
Համայնքային բյուջեն եկամտային մասով կատարվել է 92,2 տոկոսով՝ 10716,6 հազ. դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 9880,5 հազ. դրամ։ Ծախսային մասը կատարվել է  87,8 տոկոսով: Սեփական եկամուտների հաշվին 2011-ին կատարվել են բարեկարգման մի շարք աշխատանքներ։ 
Անժխտելի համարվեց այն փաստը, որ կառավարությունը ծրագրավորված, լայնածավալ աշխատանքներ է իրականացնում  գյուղի, գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ։
Գյուղը գազիֆիկացված է և ապահովված ջրով։ Հույս հայտնվեց, որ մոտ ապագայում  համայնքը կունենա նաև նորակառույց դպրոց։ Խորին շնորհակալություն հայտնվեց Մ. Տանկրեզին՝ գյուղում իրականացվող   բազմաբնույթ աշխատանքներում սեփական  աջակցություն  ունենալու համար։ Այս շրջանակներում 2-րդ տարին է, ինչ երեխաների ամառային հանգիստը բավարար  մակարդակով անցկացնելու նպատակով ճամբար է բացվում ֆրանսիական ՙDA-CONNEXLON՚ կազմակերպության անդամների  ներգրավմամբ և միջոցներով։ 
 Իգոր Ղահրամանյանի  հաշվետվությունից հետո տեղի ունեցան քննարկումներ   առկա խնդիրների շուրջ։ Ելույթ ունեցողները նշեցին սեփականաշնորհված այգիների մասին, որոնք լրիվությամբ ոչնչացվել են, և հողօգտագործողները հարկ են մուծում՝  առանց  որևէ օգուտ ստանալու։ Ն. Սողոմոնյանն առաջարկեց հողատեսքը փոխել և  վարձակալության տալ, եթե  սեփականատերը հրաժարվում է օգտագործելուց։ 
Դպրոցի, մանկապարտեզի, բուժամբուլատորիայի գործունեության վերաբերյալ  վերլուծություններ կատարեցին ոլորտների  պատասխանատուները։
ԼՂՀ  ԱԺ փոխխոսնակ Ա. Թովմասյանը դպրոցի նոր շենքի կառուցման վերաբերյալ նշեց, որ խնդիրը երկրի կառավարության ուշադրության կենտրոնում է, սակայն կան հարցեր, որոնք առավել լուրջ են ու առաջնային։ Նշվեց, որ վերջին տարիներին պետական միջոցներով իրականացվել է գյուղի գազիֆիկացումը, ջրապահովումը: Սկսված են մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։  Կատարվածը  զգալի է, որն անհրաժեշտ է տեսնել և գնահատել, իսկ պահանջների նկատմամբ ունենալ գիտակից մոտեցում։ 
Ելույթներ ունեցողներն իրենց  գնահատականը  տվեցին  համայնքի ղեկավարի ոչ միայն հաշվետու, այլև նախորդ տարիների  կատարած աշխատանքին,  հորդորեցին լինել  միասնական, քանզի  դրանով են պայմանավորված հետագա հաջողությունները։ 
Գնահատելով գյուղում իրականացված ընթացիկ աշխատանքները, որոնք հիմնականում  սոցիալական ուղղվածություն ունեին, շրջվարչակազմի ղեկավարը նշեց, որ գյուղը պետք է ունենա նաև տնտեսական զարգացման ծրագիր։ Գյուղացին բնօրրանը  թողնում և հեռանում է ոչ միայն սոցիալական, այլ նաեւ տնտեսական խնդիրները չլուծվելու պատճառով։ Գյուղացին պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, ու այն պիտի դառնա լուրջ եկամտի աղբյուր։ Օրեցօր պակասում են խաղողայգիները, ինչն իր պատճառներն ունի՝ այդ թվում և խաղողի իրացման գինը։ Ինչպես մնացած համայնքներում, այստեղ ևս շրջվարչակազմի  ղեկավարը հանգամանալից կանգ առավ խնդրի վրա և հավաստիացրեց, որ ամեն ինչ կձեռնարկվի  հարցին դրական լուծում տալու համար։ Նա կոչ արեց զբաղվել անասնագլխաքանակի ավելացմամբ, քանի որ օր օրի մեծանում է անասնամթերքի պահանջարկը, հետևաբար` բարձրանում գինը։ 
Համայնքի   սեփականաշնորհված տարածքների 60 տոկոսը  չի մշակվում։ Առաջարկվեց նոր մոտեցում՝հողերի  խոշորացում և տեխնիկայի կոոպերացիա։ Թվում է` գյուղի տարածքում տեղեկայված ՄՏԿ-ն պետք է օժանդակություն  լիներ հողօգտագործողին, սակայն այն այդքան էլ նկատելի չէ: Այստեղ ևս նշվեց, որ հողերի մշակման ժամանակ առաջնահերթությունը կտրվի սեփականաշնորհված տարածքներին: Ուստի այս ուղղությամբ հողօգտագործողները խնդիր չեն ունենա:
Համայնքի ղեկավարի մեկ տարվա կատարած աշխատանքը գնահատվեց բավարար, որը, սակայն, պարտավորեցնում էր աշխատել ուժերի գերագույն լարումով, նոր  հաջողությունների արձանագրմամբ:
 
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
ք. Մարտունի