comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵ՞Ն ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵ՞Ն ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԸ

altՕրերս ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է Ընտանեկան օրենսգրքի մասին նախագիծը: Նախագիծը ներկայացվել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանի կողմից
 , ով գտնում է, որ մեր հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները պետք է կարգավորվեն սեփական օրենսգրքով, ինչը բխում է երկրի Հիմնական օրենքի պահանջներից: 
 Մեզ հետաքրքրեց՝ նման կարևորագույն հարցում, ինչպես ընտանիքի հարաբերություններն են, արտացոլվա՞ծ է ազգային հոգեկերտվածքը: Պարզաբանումների համար դիմեցինք նախարար Նարինե ՆԱՐԻՄԱՆՅԱՆԻՆ:-Տարեցտարի մեզանում նույնպես ավելանում են ամուսնալուծությունները: Խորհրդային ժամանակներում դատարանը միտված էր հնարավորինս պահպանել ամուսնությունը, հատկապես երբ այդ ընտանիքում կան երեխաներ: Տիկին Նարիմանյան, այսօր միտումներ կան պարզեցնել ամուսնալուծության ընթացակարգը: Ինչպե՞ս է դա արտացոլված ընդունվելիք Ընտանեկան օրենսգրքում և որքանո՞վ է դա բխում ազգային հոգեկերտվածքից: 
- Օրենսգրքի նախագծի համաձայն՝ ամուսնալուծությունը կարող է կատարվել քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինների կամ դատարանի կողմից: 
Ի տարբերություն խորհրդային տարիներին գործող օրենսգրքի, որի համաձայն ընտանիքում անչափահաս երեխաների կամ ամուսինների միջեւ  գույքային վեճի առկայության դեպքում ամուսնալուծությունը  բացառապես կատարվում էր դատական կարգով, նախագծով` ամուսինների միջեւ ամուսնալուծվելու վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայության դեպքում  ամուսնալուծությունը կատարվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնող մարմիններում: Հարկ է նշել, որ անկախ այդ մարմիններում ամուսնությունը լուծելուց, ամուսինների միջեւ գույքային կամ երեխաների խնամքի ու դաստիարակությամբ պայմանավորված  վեճերի առկայության  դեպքում ամուսիններից որեւէ մեկը չի զրկվում այդ վեճերի դատական վիճարկման հնարավորությունից եւ ցանկացած ժամանակ կարող է օգտագործել դատական պաշտպանության իր իրավունքը: Ուստի նախագծով ամուսիններին հնարավորություն է տրվում ամուսնալուծությունը ձեւակերպել արտադատական կարգով: 
Կարեւորելով ընտանեկան հարաբերությունների բոլոր կողմերի իրավունքների օրինակելի շահերի պատշաճ պաշտպանությունը, նախագիծը սահմանել է դեպքեր, երբ ամուսնալուծությունը կարող է տեղի ունենալ բացառապես դատարանի կողմից: Այսպես, ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, երբ բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը, երբ ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայությանը, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացնող մարմիններում կատարելուց, երբ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով: Ի դեպ, այս դեպքերում, ելնելով կարգավորվող հարաբերության առանձնահատկությունից, որոշակի իրավունքներ են սահմանվել նաեւ դատարանի համար: Մասնավորապես, ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծության գործեր քննելիս դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել ամուսիններին հաշտեցնելու համար եւ գործի քննությունը հետաձգել` հաշտվելու համար ամուսիններին տալով մինչեւ եռամսյա ժամկետ: Այդ դեպքում ամուսնալուծությունը կատարվում է, եթե դատարանով հաստատվում է, որ ամուսինների հետագա համատեղ կյանքը եւ ընտանիքի պահպանումն անհնարին են, ամուսիններին հաշտեցնելու միջոցներն անցնում են ապարդյուն, եւ ամուսինները կամ նրանցից մեկը պնդում են ամուսնալուծվելու համար: Սակայն պետք է նկատել, որ դատարանի լիազորությունները խիստ սահմանափակված են, երբ առկա է ամուսինների համաձայնությունը: Այդ դեպքում դատարանը լուծում է ամուսնությունն՝ առանց բացահայտելու ամուսնալուծության դրդապատճառները, ամուսինների կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
դատական կարգով է լուծվում ամուսնությունը, թե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, նախագիծն ամուսիններին հնարավորություն է տալիս դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե նրանցից ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին կամ անաշխատունակ, անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգը, այդ միջոցների չափը կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանման մասին առաջարկություններ:
Ամուսինների միջեւ համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է կողմերից մեկի պահանջով որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները, որոշել, թե որ ծնողից եւ ինչ չափով պետք է բռնագանձվի ալիմենտ (ապրուստի միջոց), ամուսինների կամ նրանցից մեկի պահանջով կատարել նրանց ընդհանուր սեփականություն համարվող գույքի բաժանում, ամուսնուց ապրուստի միջոց ստանալու իրավունք ունեցող մյուս ամուսնու պահանջով որոշել այդ միջոցների չափը: Ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել կնոջ հղիության ընթացքում:
- Ամուսնալուծության պարագայում՝ երեխաների հետագա խնամքի հարցում մեծ թափով առաջ է քաշվում ծնողների իրավահավասարության իրավունքը, և արդեն կան դեպքեր, երբ երեխաների դաստիարակությունը վստահվում է հայր ծնողին (խոսքը գնում է ոչ արտասովոր ծնողների մասին): Նոր օրենսգրքի համապատասխան դրույթները շարունակու՞մ են այս միտումները:
- Նախագծի հենց 1-ին հոդվածի համաձայն` կանայք եւ տղամարդիկ ամուuնանալիu, ամուuնության ընթացքում, ամուuնալուծվելիu oգտվում են հավաuար իրավունքներից: Ընտանեկան հարաբերությունների իրավական կարգավորումն իրականացվում է տղամարդու եւ կնոջ ամուuնական դաշինքի կամավորության, ընտանիքում ամուuինների իրավունքների հավաuարության, ընտանեկան հարցերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու, նրանց բարեկեցության մաuին հոգատարության, ընտանիքի անչափահաu եւ անաշխատունակ անդամների իրավունքների եւ շահերի առաջնային պաշտպանությունն ապահովելու uկզբունքներին համապատաuխան:
- Վերջերս շատ է խոսվում երեխաների իրավունքների պաշտպանության մասին, և արդեն դեպքեր կան, երբ 10 տարեկան երեխաներին կանգնեցնում են դատարանի առջև, որպեսզի նրանք արտահայտեն իրենց կարծիքը՝ թե՜ ծնողների ամուսնալուծության դեպքում որ ծնողին են նախընտրում, թե՜ խղճի ազատության հարցում: Ինչպես եք Դուք գտնում. արդյո՞ք, 10 տարեկան երեխան այնքան հասուն է, որ կարող է գլուխ հանել նման դժվարին հարցերում: Եվ ինչո՞վ բացատրել, որ ընտրելու իրավունքը տրվում է 18 տարեկան չափահասին, իսկ խղճի ազատության իրավունքը՝ 10 տարեկան երեխային:
- Նախ, տարբերակենք երկու կարեւոր հանգամանք. 18 տարեկան չափահասին տրվում է ընտրելու իրավունք, իսկ 10 տարեկանի դեպքում,  նախագծի մի շարք դրույթներում հաշվի է առնվում այդ երեխայի կարծիքը:  Թե՜ օրենսդրությունը, թե՜ դատական պրակտիկան վկայում են այն մասին, որ այդ հարցերում դատարանը ոչ թե պարտավոր է իր վճռի հիմքում դնել 10 տարեկան երեխայի կարծիքը, այլ նա միայն իրավազոր է, իր համոզմամբ այն հիմնավոր գտնելու դեպքում, վճիռ կայացնելիս հաշվի առնել նաեւ 10 տարեկան երեխայի կարծիքը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու 10 եւ ոչ թե մեկ այլ տարիք, ուղղակի կարող եմ նշել, որ այդ նորմն ամրագրված էր ինչպես խորհրդային տարիներին գործող օրենսգրքում, այնպես եւ ներկայումս ԼՂՀ-ում գործողության մեջ դրված օրենսգրքում, եւ, համենայն դեպս, պրակտիկայով արդեն իսկ արժանացել է փորձության եւ երեւի թե ժամանակին ունեցել է նաեւ ֆիզիոլոգիական տեսանկյունից իր հիմնավորումը՝ կապված կոնկրետ այդ տարիքի ընտրության հետ:
- Երեխաների մեր ավանդական դաստիարակությունը և նրանց իրավունքների պաշտպանությունը բուն արևմտյան հասկացությամբ ունեն արմատական տարբերություններ և մոտեցումներ: Երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրական դրույթներում հաշվի առնվա՞ծ է ազգային հոգեկերտվածքի այդ նրբությունները: 
- Երեխայի իրավունքների պաշտպանության մասին ԼՂՀ օրենքն արդեն իսկ ամրագրել է երեխայի իրավունքները եւ դրանց պաշտպանության եղանակները: Այս օրենքից էլ բխում է նախագծի 1-ին հոդվածում ամրագրված  սկզբունքների շարքին դասված՝  երեխաների իրավունքների առաջնային պաշտպանության  սկզբունքը, նպատակ ունենալով լիարժեք իրականացնել երեխաների իրավունքների  եւ նրանց օրինական շահերի պաշտպանությունը: Չպետք է շրջանցել սահմանադրական այն կարեւորագույն նորմը, որ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը գերակա ուժ ունեն ներպետական օրենսդրության նկատմամբ: Առաջնորդվելով սահմանադրական այս նորմով   եւ ղեկավարվելով երեխաների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի դրույթներով՝ նախագծի 10-րդ գլուխը մենք նվիրել ենք երեխաների իրավունքներին:
Ընտանիքն այն ինստիտուտն է, որը մեծ չափով հիմնվում է ազգային ավանդույթների, ազգային մոտեցումների եւ մշակույթի վրա: Նախագծում, սակայն, տեղ են գտել  մի քանի նոր ինստիտուտներին վերաբերող դրույթներ, որոնք չնայած առաջին հայացքից կարծես թե օտար են մեր ազգային հոգեկերտվածքին, սակայն բացառապես ելնում են երեխաների իրավունքների ու նրանց օրինական շահերի պաշտպանությունից եւ կոչված են ամրապնդելու ընտանիքի, դրանում ձեւավորված հարաբերությունների առողջությունը: Խոսքս վերաբերում է խնամատար ընտանիքների ինստիտուտին, որդեգրման ինստիտուտի դատական կարգով իրականացմանը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ երեխաների ալիմենտի չափը սահմանելուն, ծնողների իրավունքների սահմանափակմանը, կենսաբանական մոր ինստիտուտի ամրագրմանը եւ այլն:  
- Կապված արտասովոր իրավիճակներում երեխաների իրավունքների պաշտպանության հետ՝ մեծանում է խնամակալության և հոգաբարձության խորհրդի դերը: Խորհուրդ, որի անաչառությունից և հոգեբանական պատրաստվածությունից է կախված երեխաների հոգեկանի, ապագայի ճակատագիրը: Օրենսդրորեն պաշտպանվա՞ծ են երեխաների իրավունքները վերը նշված խորհրդի հնարավոր չարաշահումներից:
- Օրենսգրքի նախագծի համաձայն` խնամակալության եւ հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են, որոնց կից uտեղծվում են խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներ: Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաuտատում է կառավարությունը, իսկ այդ մարմինների հանձնաժողովների անհատական կազմը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաuտատում է համայնքի ավագանին: Հետեւաբար, այս մարմինների ձեւավորման ընթացքում, կանոնադրության համաձայն, հանձնաժողովի կազմում կարող են  ընդգրկվել այնպիսի անձինք, որոնք թե՜ իրենց մասնագիտական, թե՜ հոգեբանական հատկանիշներով ի զորու են իրականացնելու կանոնադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները եւ չեն չարաշահի իրավունքները:
- Ըստ գործող օրենքի, ծնողների իրավունքները դադարեցված են ճանաչվում երեխաների չափահաս դառնալուն պես, չնայած որ ազգային հոգեկերտվածքի համաձայն, գրեթե ամբողջ կյանքում հայ ծնողը հոգ է տանում իր երեխայի համար: Օրենսգրքում կա՞ն համապատասխան դրույթներ, համաձայն որոնց, գոնե ծեր ծնողների վերջին տարիները երեխաները պարտավորված են հոգալ:
- Նախագծի 75-րդ հոդվածի համաձայն՝ աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են հոգ տանել ու պահել իրենց անաշխատունակ եւ օգնության կարիք ունեցող ծնողներին: Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում օգնության կարիք ունեցող ծնողների համար նրանց չափահաս աշխատունակ զավակներից ալիմենտը  բռնագանձվում է դատական կարգով: Այդ պարտականությունից ազատվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողների զավակները: Զավակները կարող են ազատվել ծնողների ապրուստը հոգալու պարտականությունից, եթե դատարանի վճռով կհաստատվի, որ ժամանակին ծնողները խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց:  
Օրենսգրքի նախագծով ալիմենտ վճարելու պարտականություն է սահմանվում ոչ միայն զավակների, այլ նաեւ սաների համար՝ իրենց փաստացի դաստիարակությունն ու խնամքն իրականացրած անաշխատունակ դաստիարակների ապրուստի միջոցը հոգալու նպատակով, եթե վերջիններս ապրուստի միջոց չեն կարող ստանալ իրենց  չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց: Ինչպես զավակների պարագայում, այնպես եւ սաները դատարանի կողմից կարող են ազատվել փաստացի դաստիարակներին ապրուստի միջոց տրամադրելուց, եթե վերջիններս նրանց խնամել ու դաստիարակել են հինգ տարուց պակաս ժամկետով կամ խնամել ու դաստիարակել են ոչ պատշաճ ձեւով:
- Ընտանեկան ավանդական հարաբերությունները պաշտպանողը դարեր շարունակ եղել է Հայ Առաքելական Եկեղեցին: Տիկին Նարիմանյան, չե՞ք գտնում, որ օրենսգրքի մշակմանը և քննարկմանը պետք է մասնակից դառնա նաև Հայ Առաքելական եկեղեցին:
- Օրենսգրքի նախագծի հիմքում դրվել է ՀՀ ընտանեկան օրենսգիրքը, որը  2005 թվականից գործողության մեջ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Բացի դրանից,  հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով նախագիծը հրապարակվել է նախարարության կայքում, որից հետո, արժանանալով կառավարության հավանությանը՝ ներկայացվել Ազգային ժողովի քննարկմանը: ՙԱզգային ժողովի կանոնակարգ՚ ԼՂՀ օրենքի համաձայն՝ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները ներկայացվում են տասնչորսօրյա ժամկետում, սակայն ընդունումից հետո որեւէ առաջարկություն չի ստացվել:  
 
 
Էմմա ԲԱԼԱՅԱՆ