ԳՆԱՀԱՏԵԼ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆ ՄԻ ՕՐՆ ՈՒ ԺԱՄԸ…

Կրկին Ավետարանոց գյուղում էի։ Այս անգամ այցելեցի Հայրենական մեծ պատերազմի մասնակից Արաքսյա Խաչատրյանին, ում շատերն են շրջանում ճանաչում։

Այսօր նա այն սակավաթիվ վետերաններից մեկն է, ովքեր, ապրելով մեր կողքին՝ հիշեցնում են բոլոր այն քաջագործությունների և ընդգծված հայրենասիրության մասին, որ ունեցել է հայ ժողովուրդը մեծ Հայրենականի ժամանակ։ 

Արաքսյա Խաչատրյանն ուրախությամբ ընդունեց իմ անակնկալ այցելությունը։ Նա անմիջապես հարսին հրահանգ տվեց հյուրասիրության պատրաստություն տեսնել։ Այս օջախում այդպես էր ընդունված. ամեն մի մտնող պետք է ճաշակի տանտերերի ձեռքով ստեղծած գյուղական բարիքները։ Առույգ և ժրաջան կին է Արաքսյա մայրիկը։ Նա նաև հաճելի զրուցակից էր, ում հետ ունեցա հետաքրքիր և անկեղծ զրույց։

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Արաքսյա Խաչատրյանը 18 տարեկան էր։ Ինչպես ինքն է ասում՝ արյունը եռում էր երակներում, անսպառ էր աշխատելու, արարելու եռանդը։ Նրա համար Հայրենիքի կանչը հզոր ու վեր էր ամեն ինչից։ 1942 թվականին Արաքսյան իր հասակակից մի խումբ արցախցի աղջիկների հետ կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Նրա որոշումն աներեր էր, անխախտ։ Հարազատներից ոչ ոք չկարողացավ հետ պահել նրան՝ հորդորելով, որ թիկունքում ևս կարող է օգտակար լինել։ 

Վեց ամիս մնացին Բաքվում և անցան զինվորական դասընթացներ։ Հմուտ և գործունյա Արաքսյան անմիջապես տիրապետեց իր պարտականություններին, որ պետք է դրսևորեր ռազմաճակատում։ Այնուհետև մեկնեցին Մախաչկալա, որտեղ մասնագիտացվեց կապի գումարտակում՝ դառնալով կապավոր։ Ուկրաինական երրորդ լուսարձակային գումարտակի հետ հասավ մինչև Խարկով՝ ապա Օդեսա։ Հսկում էին ինքնաթիռների շարժը։ Գումարտակը հասել է մինչև Լեհաստանի սահմանը։ Կատարած քաջագործությունների, թշնամու ոչնչացված ինքնաթիռների համար արժանացել է բազմաթիվ մեդալների։ Բազում ահուսարսափների միջով է անցել Արաքսյա մայրիկը, ծանր և դաժան օրեր կիսել ընկերների հետ։ Նախկին կապավորը սրտի կսկիծով է հիշում ռազմի դաշտերում զոհված իր ընկերներին, որոնց հետ հասցրել էր մտերմանալ, ու դարձել էին մեծ ու համերաշխ մի ընտանիք։ Նրա հուշերի մեջ հավիտյան դաջվել են այդ անունները, չէ որ նրանց գերեզմանների մոտ երդվել էր երբեք չմոռանալ նրանց ու վրեժ լուծել թշնամուց…

1945 թվականի մայիսի 9-ին ցնծությամբ լցվեց հայազգի արժանավոր զավակի սիրտը։ Այդ օրն այնքա~ն երջանիկ էր նա, այնքա~ն հպարտ։ Մի՞թե պարծանք չէ, հայկական հինավուրց Ավետարանոցից հասնել մինչև Լեհաստան և իր համերկրացիների հետ հաղթել թշնամուն… Մի՞թե դրանից ավելի վսեմ բան կարող է լինել հայրենասեր աղջկա համար։ 

…Գումարտակը Լեհաստանի սահմանից վերադարձավ Օդեսա։ Մարտական ընկերներով տոնեցին հաղթանակը, վերապրեցին միասին անցկացրած ամեն մի օրն ու ժամը։ Շատ դժվար էր նրանց բաժանումը, սակայն հարազատ բնօրրանի կանչն ավելի զորեղ էր, և Արաքսյան իր համերկրացիների հետ գնացքով ճանապարհվեց տուն։ Նախ եկան Բաքու, ապա՝ Ստեփանակերտ։ Իսկ այստեղ նրանց դիմավորեցին մի առանձին շուքով և բերկրանքով։ Ողջ Ստեփանակերտը ծաղիկներով ու փուչիկներով հավաքվել էր դիմավորելու իր հաղթական զավակներին։ Իսկական տոնահանդես էր։ Այնուհետև մեքենաներ տրամադրեցին, և յուրաքանչյուրը մեկնեց իր հարազատ գյուղը։ 

Վերջապես Արաքսյան տանն էր, իր հարազատների հետ։ Թեև այս ծանր տարիներին կարոտն անվերջ տանջում էր մատաղ աղջկա սիրտը, նա իր մեջ կարողացել էր այնքան մեծ ուժ գտնել ու դիմանալ հարազատների հետ բաժանմանը։ Սակայն, երբ վերադարձավ տուն ու տեսավ իր մոր արցունքները, այլևս չդիմացավ նրա աղջկական փափուկ սիրտը։ Տեղի տվեցին բոլոր զգացմունքները…

Մի քանի օրից նրան առաջարկեցին աշխատել որպես ակումբի վարիչ, համաձայնվեց ու այնտեղ աշխատեց շուրջ երկու տարի։ Շատ հետաքրքիր ու հաճելի էր այդ աշխատանքը։ 1948 թվականին ամուսնացավ համագյուղացի Իվան Խաչատրյանի հետ և տեղափոխվեց Բաքու։ Դժվար տարիներ էին, ոչ աշխատանք կար, ոչ` ապրուստի միջոց։ Բաքվում երիտասարդ ամուսնինները մեծ դժվարությամբ աշխատանք գտան։ Արաքսյան աշխատում էր կարի ֆաբրիկայում, իսկ ամուսինը՝ ատաղձագործ էր։ Բաքվում ծնվեցին նրանց երեք որդիները։ 40 տարի ապրեցին այնտեղ՝ վաստակելով բարի ու արժանապատիվ համբավ։ Հմուտ և բանիմաց ամուսինները կարողացան օտարների մեջ իրենց զավակներին դաստիարակել հայեցի ոգով՝ նրանց մեջ սերմանելով հայրենասիրություն և քաջություն։ Որդիները լավ գիտեին, որ հայի ոգին անկոտրում է, ուժեղ։ Առհավատչյան՝ իրենց մայրն էր…

1989 թվականին Խաչատրյանների ընտանիքը ստիպված եղավ վերադառնալ հարազատ գյուղ՝ Բաքվում թողնելով 40 տարիների ընթացքում ստեղծածը։ Սակայն դա հոգ չէր նրանց համար. վերստին կստեղծեին, միայն թե ապրեին հայրենիքում՝ թշնամուց հեռու։ 

Այդ ժամանակ նրանց կրտսեր որդին՝ Սերգեյը, ծառայում էր խորհրդային բանակում։ Ծառայությունն անց էր կացնում նախ Լեհաստանում, ապա՝ Բելառուսում։ Զորացրվելուց հետո անմիջապես վերադարձավ հայրենիք ու զինվորագրվեց արցախյան պայքարին։ Նա մասնակցեց Շուշիի, Քարին տակի ազատագրական մարտերին։ Սերգեյն անմասն չմնաց նաև ապրիլյան պատերազմից, ավելին, այդ օրերին մարտական ծառայության մեջ էր նաև նրա որդին՝ Իվանը, ով պապի անունն էր կրում։ Արաքսյա մայրիկը հպարտանում և հիանում է իր զավակներով, հարսներով ու թոռներով։ 

ՙԵրկար ճանապարհ եմ անցել այս կյանքում։ Կարելի է ասել` տեսել եմ ամեն ինչ, հանդիպել եմ տարբեր տեսակի մարդկանց։ Տեսել եմ ցավ, կսկիծ, սով, պակասություն և հաղթահարել եմ դրանք, քանզի ապրելու տենչն ավելի ուժեղ է։ Իսկ լավ ապրելու համար աշխատել ու պայքարել է պետք։ Երբ Բաքվից վերադարձանք մեր հարազատ գյուղը, ազատ ու լիաթոք շունչ քաշեցինք. այլևս օտարի լծի տակ չէինք։ Մեզ վիճակված նոր պատերազմում ևս հաղթեցինք. այլ կերպ չէր էլ կարող լինել։ Մեր զավակները գերազանցեցին մեզ, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմում մեր թոռներն ավելի ուժեղ և տոկուն դուրս եկան։ Ես հպարտանում եմ մեր երեխաներով, նրանք իրենց պապերի արժանի զավակներն են։ Այսօր իմ խնդրանքն Աստծուց մեկն է` թող Արցախ աշխարհում խաղաղությու՜ն լինի, ժողովուրդն ապրի ապահով, ուրախ և ուղղորդվի հաջողություններով։

Որպես Հայրենական մեծ պատերազմի վետերան, մշտապես ուշադրության կենտրոնում եմ հասարակության և մեր երկրի իշխանությունների կողմից։ Երբ տեսնում եմ, թե ինչպես են ինձ հարգում ու սիրում մատաղ սերնդի ներկայացուցիչները, ավելի է փառավորվում սիրտս։ Ուրեմն, ճիշտ են դաստիարակված, մեծին գնահատել գիտեն՚,-ասում է 95-ամյա Արաքսյա մայրիկը, և նրա ծերունական աչքերում ուրախության շողեր են երևում։

Մեր զրույցին հետևում և մեկ-մեկ խառնվում էին նրա որդին ու հարսը։ Մայրիկին հիշեցնում էին պատմել այս կամ այն դրվագը։ Անգիր գիտեին հերոս մոր կյանքի բոլոր պատմությունները և անթաքույց հպարտանում էին նրանով։ 

...Օրն աննկատելի անցավ, և երբ կամենում էի հրաժեշտ տալ այդ գեղեցիկ և հաճելի ընտանիքին, կյանքի մեծ ուղիով անցած կինն ուղիղ աչքերիս մեջ նայելով՝ ասաց. ՙԳնահատեք ձեր կյանքի ամեն մի օրն ու ժամը, լավություն արեք միմյանց, եղեք կամեցող, բարի, և Աստված կհատուցի գործած ամեն մի բարիքի համար՚։ 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ք. Ասկերան