[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅԼ ՀԱՐՑԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ավագանու նիստում, ինչպես միշտ, օրակարգային հիմնական հարցերից հետո այլ հարցերի շրջանակներում բարձրացվեցին մի շարք հրատապ խնդիրներ:

 Նախևառաջ կարևորվեց քաղաքապետարանի կողմից խաղահրապարակների կառուցման ծրագիրը, ինչը հաճելի է թե՜ երեխաներին, թե՜ մեծերին: Սակայն միշտ չէ, որ խաղահրապարակները կառուցվում են նախատեսված ժամկետում: Հենց դրա մասին են բարձրաձայնել ավագանու որոշ անդամներ` օրինակ բերելով Առաքելյան 4 շենքի բնակիչների վրդովմունքը, ովքեր բողոք-դիմում են ներկայացրել: Նմանատիպ խնդիր կա Հեքիմյան 10 շենքի հարևանությամբ, որն ունի նաև տանիքի հիմնանորոգման հարց: Խաղահրապարակների կառուցման մասով նշվեց հետևյալ բացասական երևույթը, որին հաճախակի առնչվում են ծրագիրն իրագործելիս: Բանն այն է, որ հրապարակի կառուցման համար ազատ տարածքը կա՜մ հատկացված է լինում բնակիչներին (հիմնականում, ավտոտնակի կառուցման համար), կա՜մ էլ որոշ բնակիչներ իրենց համաձայնությունը չեն տալիս` մտադրություն ունենալով այդ տարածքի հետագա օգտագործումը սեփական կարիքների համար: Ինչ վերաբերում է տանիքի հիմնանորոգմանը, հատկանշվեց, որ խնդիրը քաղաքապետարանի իրավասության տակ չէ` այն դրված է ԱՀ քաղաքաշինության նախարարության վրա: Քաղաքապետարանի ենթակա ԲՇՏ ընկերությունը կատարում է հիմնականում տանիքների մասնակի նորոգումներ, որոնց թիվը նախատեսվածից շատ ավելի է մեծացել վերջերս տեղի ունեցած ուժեղ քամու և կարկտահարման պատճառով: Հաշվի առնելով այդ հանգամանքը` կառավարությունը տանիքների նորոգման գործի համար հատկացրել է ևս 20 մլն դրամ, ընդհանուր առմամբ` այդ գործի համար հատկացված է 70 մլն դրամ: Այսօրվա դրությամբ ԲՇՏ-ի կողմից ավարտին են հասցված 55 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները:

Աղետի պատճառով վնասվել են նաև բազում ավտոմեքենաներ, որոնց վնասի փոխհատուցման համար ներկայացվել է մոտ 250 դիմում: Ավագանու անդամները բարձրացրին նաև տուժած քաղաքացիների հարցը, որոնք գտնվում են սպասողական վիճակում` արդյո՞ք փոխհատուցում կլինի, թե` ոչ: Քաղաքապետի խոսքով` խնդիրը ներկայացված է կառավարությանը, որը, հնարավորության դեպքում, մասնակի փոխհատուցում կկատարի, սակայն դրական կամ բացասական պատասխանը կհնչի ավելի ուշ:

Ավագանու անդամները տեղեկացվեցին, որ մի շարք արվարձանային փողոցներում արդեն իրականացվել են կոպճապատման աշխատանքներ, և հերթականությամբ կկատարվեն նաև մյուս փողոցներում:

Վերջին հարցերը վերաբերում էին Մամիկոնյան 7 շենքի բակի կենտրոնական մասում առկա տարածքի բարեկարգմանը, քաղաքի մի շարք հատվածներում ուղենիշային ցուցանակների տեղադրմանը: 

 

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ