[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՏՈՆԵԼՈՒ ԻՐ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ 95-ԱՄՅԱԿԸ

 

 

 

Սեպտեմբերի 22-ին մայրաքաղաքը կնշի Ստեփանակերտի վերանվանման 95-ամյակը, ինչի կապակցությամբ ստեղծված է հանձնաժողով՝ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալն է փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ումից պարզեցինք նախատեսված միջոցառումների ծրագիրը:

Ըստ Ա. Հակոբյանի՝ օրվան նվիրված տոնակատարություններն արդեն մի քանի տարի է անց են կացվում սեպտեմբեր ամսի 4-րդ շաբաթ օրը: Հանձնաժողովի կողմից մշակված և հաստատված միջոցառումների ծրագիրն արդեն կյանքի է կոչվում: Սկսված են փողոցների, պուրակների տոնական ձևավորման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում աշակերտների միջև կազմակերպվելու են ասմունքի, ՙԻմ Ստեփանակերտ՚ խորագրով շարադրությունների մրցույթներ: 

Բուն` սեպտեմբերի 22-ի տոնը կազդարարվի փողային նվագախմբի ելույթներով Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակում: 

Ժամը 11-ին  Ստ. Շահումյանի հուշարձանի պատվանդանին ծաղկեպսակի տեղադրմամբ կմեկնարկի նախատեսված միջոցառումների ծրագիրը: Տեղի կունենան ավանդույթ դարձած մշակութային և սպորտային միջոցառումները: Ցուցադրության-վաճառքի կհանվեն ԱՀ նկարիչների միության անդամների ստեղծագործությունները, Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, Հադրութի և Շուշիի ՄՊՍԿ-ների, Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի, ինչպես նաև անհատ ստեղծագործողների աշխատանքներ: Նշված կենտրոնների սաների կողմից կկատարվի պլեներային նկարչություն, փոքրիկներն էլ կնկարեն ասֆալտի վրա: Կկազմակերպվի նաև արցախյան հին գորգերի և կարպետների, հուշանվերների ցուցահանդես-վաճառք: Երիտասարդները ներկաներին կուրախացնեն ազգային շուրջպարերով: Մարզական միջոցառումները կընդգրկեն մի շարք մարզաձևեր` պարանի ձգում, սպորտլանդիա, շախմատ… Համար 6 հիմնական դպրոցի դահլիճում կկազմակերպվի սանդա-ուշուի` Ստեփանակերտ քաղաքի բաց առաջնություն:

Այդ օրը քաղաքի տարբեր մասերում տեղի կունենան նաև համերգներ՝ կազմակերպված մշակութային օջախների կողմից: Այս տարվա նորությունը լուսանկարչական մրցույթն է ՙԻմ սիրելի Ստեփանակերտ՚ խորագրով, որի հաղթողները կորոշվեն նույնպես սեպտեմբերի 22-ին:  

Ինչպես միշտ, տոնին քաղաքապետարանի անունից ծաղիկների հետ արժեքավոր նվերներ կբաժանվեն այն փոքրիկների մայրերին, որոնց ծնունդը կհամընկնի Ստեփանակերտի օրվան: Շնորհավորանքի կարժանանան նաև այդ օրվա նորապսակ զույգերը, ինչպես նաև` ամենատարեց ստեփանակերտցիները:

Քաղաքի օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն Մշակույթի և երիտասարդության պալատի հիմնանորոգված դահլիճում տոնական համերգով, որտեղ մայրաքաղաքի մշակութային օջախները կներկայացնեն իրենց լավագույն համարները: 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ