[ARM]     [RUS]     [ENG]

ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԵՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Արցախ եկող զբոսաշրջիկների թիվը մի կողմից ուրախացնում, մյուս կողմից` նոր մարտահրավերներ է առաջ քաշում:

Անհրաժեշտ  է ընդլայնել հյուրերին ընդունելու հնարավորությունները, բարելավել ենթակառուցվածքները: Պատկան մարմնում դա հաշվի են առնում, բայց պակաս հրատապ չեն համարում ստեղծածը պահպանելու հարցը՝ դրանում կարեւորելով արդեն ոչ միայն զբոսաշրջության ոլորտում ներգրավվածների, այլեւ յուրաքանչյուրի դերն ու վերաբերմունքը:

Խճապատ, բայց խնամված ու հնարավորինս բարեկարգված ճանապարհը, որ դեպի Հունոտի կիրճն է տանում, հատկապես այս տարեշրջանի ընթացքում բավականին ծանրաբեռնված է: ՙՀունոտի կիրճ՚ արգելոցի հանրաճանաչմանն ուղղված ջանքերն արդեն կոնկրետ թվերով են չափվում: ՙՕրվա ընթացքում 500, 700 այցելու ենք ունենում: Իսկ հանգստյան օրերին այցելուների թիվը հատում է 1000-ի սահմանը՚,- մանրամասնում է բնապատմական արգելոցի հուշարձանների պահապան Դավիթ Առաքելյանը:

Արգելոցի անձնակազմն էլ ուրախառիթ մարտահրավերին պատրաստվել է հավուր պատշաճի: Ընդարձակ կայանատեղին, եռագույն ոտնահետքերի նշաններով կահավորված արահետները՝ տեղ-տեղ՝ նաեւ հանգստանալու հարմարանքներով:  Այս ամենն ապահովվել է քայլ առ քայլ, տարիների ընթացքում: Ունեցածին 2018-ն էլ հարմարություններ ապահովեց: ՙՄխիթարաշենից Քարին տակ, Քարին տակից Շուշի ձգվող արահետները բարեկարգվել են, կահավորվել: Նաեւ որոշակի հարմարություններ են ստեղծվել արահետի երկայնքով՚,- թվարկում է Դ. Առաքելյանը:

Հին կամուրջն արդեն միայն էքստրիմի սիրահարներն են փորձարկում ու հաղթահարում հանդիսատեսի խրախուսական բացականչությունների ուղեկցությամբ: Նորությունները տեսել ու գնահատել են արգելոցի այցելուները: Ոմանք առաջին անգամ են այստեղ, ոմանք՝ հերթական: ՙԵրկու տարի առաջ եմ այստեղ եղել: Հին կամուրջը մի կերպ ենք հաղթահարել: Ճանապարհը դժվար հաղթահարելի էր: Բայց այնքան վառ էին տպավորությունները, որ որոշեցի այնուամենայնիվ նորից գալ,- պատմում է ՀՀ-ից ժամանած Արմինե Մանասյանը:- Հաճելիորեն զարմացա, երբ տեսա այս նորությունները: Առավել եւս, որ դրանք կիրճի գեղեցկությունը եւ գրավչությունը չեն նվազեցրել՚: 

ՙԱյս ամենը՝ գեղեցիկ բնությունը, տեղ-տեղ որոշակի բարդություններ պարունակող, բայց կահավորված արահետը, ինչ խոսք, շատ հիանալի է, բայց ինձ ամենաշատն այստեղ՝ Արցախում ապրողների վերաբերմունքը, հյուրընկալությունն են դուր եկել՚,- զարմանքը չի թաքցնում տիկնոջ հետ առաջին անգամ Արցախ ժամանած Հովսեփ Դեգիրմենդջյանը՝ Լիբանանից:

Արտասահմանցի այցելուներն էլ քիչ չեն: Հունոտի կիրճում պատահած խմբում զբոսաշրջիկներ կային ե՜ւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ե՜ւ Ռուսաստանից, ե՜ւ Գերմանիայից: Արցախ այցելող արտասահմանցիների նկատմամբ Բաքվի վերաբերմունքին քաջատեղյակ են, բայց տեսախցիկներից չեն խուսափում, տեսածից իրենց զարմանքն էլ չեն թաքցնում: ՙԶարմացա, որ ամեն ինչ այդքան մաքուր է, գեղեցիկ: Սպասում էի այստեղ պարզապես գեղեցիկ բնություն տեսնել, տեսա դրանից ավելին: Ինձ դուր եկավ, որ բոլորը շատ ջերմ են ու բոլորն էլ հպարտ են, որ արցախցի են: Մարդիկ լայն ժպիտով բարեւում են եւ պատրաստակամությամբ օգնում հյուրին՚,- հիացած է ԱՄՆ-ից ժամանած Կեվին Օչոան: 

Նման պահերին հատկապես ուրախանում ես, որ հյուրերը չեն տեսել օրեր առաջ համացանցում հայտնված աղբակույտերի նկարները Հունոտի կիրճից: Կիրճի շատ հատվածներ օրեր առաջ անմխիթար վիճակում էին: Արգելոցի աշխատակիցների 4-5-հոգանոց խումբը չէր հասցնում մաքրել տարածքում թողնված աղբը: Օգնության եկան Ստեփանակերտից ժամանած կամավորները: Ընդհանուր ուժերով հաջողվեց պարկերով ձորից հանել աղբի կույտերը:

Խնդիրը միայն աղբը չէ: Այցելուները նաեւ արգելոցի կահավորանքի հանդեպ են անփույթ վերաբերվում: Հուշող նշաններից շատերը, որ պոկվում-թափվում են, արգելոցի աշխատակիցներն օրվա վերջին են հավաքում, իրենց տեղերում ամրացնում, նստարանները նորոգում: Անգամ նոր կամուրջը չէ անձեռնմխելի: 

Այսօր միանգամայն այլ վիճակ է այստեղ, և դա` մեծ ջանքերի, ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ