[ARM]     [RUS]     [ENG]

ԴՐԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ` ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

2013 թվականից ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ Արցախում նույնպես նշվում է մասնագիտական այդ տոնը։ Յուրաքանչյուր տարի այդ օրը ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպությունը  որևէ  թեմա է  առաջարկում. այս տարվա համար ընտրվել է   ՙԶբոսաշրջությունը և թվային  տրանսֆորմացիան՚ թեման, որի շրջանակներում  Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության Զբոսաշրջության վարչությունն օրվան նվիրված իր միջոցառումների ծրագրով այս տարի կհամագործակցի ՙԹումո՚ ստեղծարար  տեխնոլոգիաների կենտրոնի հետ:

Տեղեկացանք, որ Կենտրոնի սաները  բավականին աշխատանք են տարել  թվային տիրույթում  Արցախի զբոսաշրջային արդյունքի ներկայացման ուղղությամբ։ Խոսքը թե՜  լուսանկարչական նյութերի, թե՜  էլեկտրոնային քարտեզների թողարկման, թե՜   բրենդավորման մասին է։ Սեպտեմբերի 27-ին  Զբոսաշրջության վարչության և ՙԹումո՚ կենտրոնի նախաձեռնությամբ Կենտրոնում  կկազմակերպվի յուրահատուկ շնորհանդես՝ նվիրված այդ օրվան՝ ՄԱԿ-ի  առաջարկած թեմայով։ ՝Այս և զբոսաշրջության  ոլորտում այլ ծրագրերի շուրջ հարցազրույցի հրավիրեցինք ՄԵՀԶ նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Արտակ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։ 

-Եվ այսպես` ե՞րբ արցախցիներիս կողմից գիտակցվեց, որ մեր երկրամասը ևս հետաքրքիր վայր կարող է լինել զբոսաշրջության տեսանկյունից ու  կարող է իր ուրույն տեղն ունենալ զբոսաշրջային շուկայում։ Ե՞րբ կատարվեցին առաջին ոչ պաշտոնական քայլերը։ 

-Առաջին քայլերը կատարվեցին հենց հրադադարի հաստատումից հետո, 1995-96թթ.-ին։ Այն ժամանակ գործում էր  ՙԱսպար՚ գործակալությունը, որը հիմնականում կազմակերպում էր սփյուռքահայերի  այցելություններ Արցախ, որոնց  հետ  այցելում էին նաև քիչ թվով օտարազգիներ: Դրանք  առաջին ծանոթություններն էին  Արցախի հետ։  Ունեինք ընդամենը 2-3 հյուրանոց,  որոնք շատ քիչ ծավալներով էին աշխատում:  Արցախն  աշխարհին   առավելապես ճանաչելի էր հենց պատերազմի, կոնֆլիկտի  պատճառով։ Առաջին այցելուները հիմնականում մեր հայրենակիցներն էին  Հայաստանից ու Սփյուռքից, ովքեր ժամանում էին ծանոթանալու պատմական Արցախին՝ իրենց հայրենիքին։ Զբոսաշրջության մասին օրենքի ընդունումից հետո և Արցախի զբոսաշրջային  արդյունքի՝ դրսում  ներկայացնելուն  զուգահեռ ոլորտն սկսեց կամա՛ց-կամաց ձևավորվել։ 

-Զբոսաշրջությունը հիմա պետական քաղաքականության մաս է։ Այն դիտարկվում է որպես տնտեսության մի ճյուղ, որը կարող է արդյունք ապահովել ՀՆԱ-ի մեջ։ Կարո՞ղ եք ասել, այդ քաղաքականությունն  արդարացրե՞լ է իրեն։

-2008 թվականից, երբ ստեղծվեց  Զբոսաշրջության վարչությունը, այդ ամենն արդեն կայուն հիմքերի վրա դրվեց, հաստատվեց համապատասխան բյուջե,  մշակվեցին ծրագրեր և քաղաքականություն։  Ճիշտ է, հստակ ռազմավարություն առայսօր չկա: Զբոսաշրջությունը երկրի իշխանությունները սկսեցին դիտարկել որպես  տնտեսության գերակա ճյուղ և ինտենսիվ միջոցներ ձեռնարկեցին ոլորտի զարգացման ուղղությամբ։ Չի կարելի ասել, որ այսօր ամեն ինչ հարթ է և արդյունքը` գոհացուցիչ, բայց զբոսաշրջիկների թվի 25-35% տարեկան աճը խոսում է այն մասին, որ իշխանությունների որդեգրած քաղաքականությունն արդարացնում  և արդյունք է  տալիս։ Ընթացիկ տարվա  ութ  ամիսների  կտրվածքով զբոսաշրջիկների թվի 27% աճ արդեն կա, ինչը դարձյալ նախորդ տարիների աշխատանքի արդյունք է: 2017թ. ընթացքում  22 հազ. 145 զբոսաշրջիկ է այցելել Արցախ։ Այս տարի այդ թիվն անցել է 25 հազարը։ Խոսքն արտասահմանյան զբոսաշրջիկների մասին է, քանի որ դեռ չի մշակվել  մեխանիզմ, որով կարողանանք հաշվել նաև ՀՀ-ից ժամանածներին։ Իհարկե, չի կարելի ասել, որ այդ թվերը գոհացնում են, բայց ընդհանուր աճի տեմպը խոսում է այն մասին, որ սկսել ենք երկրում առկա  զբոսաշրջային ներուժն իրացնել, ստեղծել ենք նոր նախադրյալներ։

Հայտնի է,  որ զբոսաշրջությունն ինքը մուլտիպլիկացիոն էֆեկտով է աշխատում, և կատարվածը թե՜  կարճաժամկետ, թե՜  երկարաժամկետ կտրվածքով երևալու է։  Որդեգրված   զբոսաշրջային քաղաքականությունը  շարունակվելու է,  իհարկե, հաշվի  են առնվելու միջազգային զբոսաշրջային շուկայում տեղի ունեցող և արդեն  առկա գործընթացները։

-Աշխարհը շատ արագ  փոփոխվում է, զարգանում, փոխվում են սպառողների պահանջները, այդ թվում նաև զբոսաշրջային պրոդուկտ սպառողների։  Ի՞նչ պահանջներ  ունի ժամանակակից զբոսաշրջիկը, Արցախը կարողանո՞ւմ է բավարարել դրանք։

-Միջազգային զբոսաշրջային տրենդ կարելի է համարել այսպես կոչված ՙնոր փորձը՚. ոչ ստանդարտ զբոսաշրջային ուղղությունները, ծառայությունները   ձգում են զբոսաշրջիկներին։ Կարծում եմ` դա հարգի է  ոչ միայն  զբոսաշրջության մեջ. յուրատիպությունն այսօր տրենդ է, և ցանկացած կարգի ապրանք ու ծառայություն  ներկայացնողները փորձում են օգտվել դրանից: Արցախն այդ առումով ունի բացարձակ առավելություն, քանի որ այն դեռևս հեռու է մասսայական զբոսաշրջությունից և կարողացել է  պահպանել  իր բնականին մոտ  վիճակը, ունի   յուրահատուկ զբոսաշրջավայր լինելու հեռանկար:  Դրա հետ մեկտեղ մենք գիտակցում ենք, որ զբոսաշրջիկին պետք են ենթակառուցվածքներ, որակյալ սպասարկում, կացարան, սնունդ, և քայլեր ենք ձեռնարկում դրանք ապահովելու համար:  Արցախում հիմնականում իրացվում է մշակութային տուրիզմը, իսկ էքսկուրսիոն, արկածային և այլ ռեսուրսները դեռևս բավականաչափ չեն օգտագործվում: Առաջիկայում դրանք, ինչպես նաև գաստրոտուրիզմն ու ագրոտուրիզմը, իրենց արժանի տեղը կունենան Արցախի զբոսաշրջային արդյունքում: 

-Մի քանի տարի առաջ ակտիվ քայլեր էին ձեռնարկվում էկոտուրիզմի ներդրման ուղղությամբ: Հիմա, կարծես, թուլացվել է այդ գործընթացը: 

-Պետությունը որոշ նախադրյալներ կարող է ստեղծել, մնացածը մասնավոր հատվածի անելիքը պիտի լինի: Կա բացատրական աշխատանքի կարիք, պետական ծրագրեր ունենք: Հոկտեմբերին կկազմակերպվեն յոթօրյա դասընթացներ տարբեր շրջաններում՝ հյուրատնային բիզնես հիմնելու և կառավարելու թեմայով: Ծրագիրը կմեկնարկի Մարտակերտի ու Շահումյանի շրջաններից: Նման ծրագրերը միտված են էկոտուրիզմի զարգացմանը և հյուրանոցային բիզնեսի՝ Ստեփանակերտից ապակենտրոնացմանը:  Մշակվում է նաև համաարցախյան քայլուղիների համակարգ՝ էքսկուրսիոն   զբոսաշրջությունը խթանելու համար: 

Մենք բոլորս հասկանում ենք, որ միայն մշակութային արժեքներով զբոսաշրջիկին Արցախում երկար պահել չենք կարող, և  քայլեր ենք ձեռնարկում,  որպեսզի մեր պատմամշակութային տարածքները վերածենք իսկական զբոսաշրջավայրերի։ Կան մի քանի նման նախագծեր, որոնց մասին դեռ վաղ է խոսել, բայց կառանձնացնեի  Ասկերանի ամրոցի վերականգնման նախագիծը, որտեղ ակնկալում ենք բիզնեսի ներգրավվածություն, քանի որ իրականում զբոսաշրջության զարգացումը կախված է  մասնավոր հատվածի ակտիվությունից։ 

-Ինչպե՞ս եք համագործակցում մասնավոր հատվածի հետ, որքանո՞վ է բարենպաստ  բիզնես- միջավայրն այդ ոլորտում։ Ի՞նչ առաջարկներ են առկա գործարարների  համար և ինչպե՞ս եք դրանց մասին տեղեկացնում։

-Զբոսաշրջության վարչությունը մշակել և մոտակա ժամանակներս  կհրատարակի յուրահատուկ ուղեցույց՝  ոլորտում բիզնես հիմնելու համար անհրաժեշտ բոլոր պրոցեդուրաների ներկայացմամբ և ուղղորդմամբ։ Դրանով ուզում ենք օգտակար լինել սկսնակ գործարարներին, ներկայացնել զբոսաշրջության  ոլորտի  բիզնես-առաջարկները։ 

-Զբոսաշրջության  ոլորտի զարգացմանն արգելակում է նաև սպասարկման ցածր մակարդակը։ Որտե՞ղ է թերացումը, և Վարչությունն ի՞նչ է անում այդ ուղղությամբ։

-Խնդիրը կա։ Եվ կարծում եմ, պատճառը ցածր  աշխատավարձն է ու ցածրորակ կրթությունը։ Զբոսաշրջության ոլորտում  սեզոնայնության գործոնը բերում է ցածր աշխատավարձի, և  բարձրորակ աշխատանք ակնկալել նման պարագայում անիմաստ է։ Սպասարկման ոլորտում ընդգրկված է ոչ բարձրորակ աշխատուժ, իսկ ոլորտը դիտարկվում է որպես  ցատկահարթակ,  ժամանակավոր աշխատավայր։ Կրթության ծրագրեր արդեն իսկ սկսել ենք մի քանի բուհերի հետ։ Դրան զուգահեռ կարճաժամկետ դասընթացների միջոցով փորձ է արվելու գոնե բազային հմտություններ տալ ոլորտում զբաղվածներին։ Հետաքրքիրն այն է, որ դրանք լրիվ անվճար են, բայց դիմորդները քիչ են։

-Վերջին շրջանում հաճախ է խոսվում արցախյան  բրենդ ունենալու անհրաժեշտության մասին և նույնիսկ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Ի՞նչ մասնակցություն ունեք դուք դրա մեջ։

-Բրենդն, անշուշտ, կարևոր և անհրաժեշտ ատրիբուտ է, քննարկումներն ԱՀ  էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ են  տեղի ունենում, և մենք նույնպես մասնակցում ենք դրանց։ Բրենդի  հիմնման հարցում   կարևորն այն է, որ ձևավորված բրենդն  արտացոլի  երկրի իրական դեմքը և  օգտագործվի։  Եթե չհաջողվի դրան հասնել, այն կմնա որպես  գեղեցիկ, հետաքրքիր նախագիծ միայն։ Բրենդի ձևավորումը  հեշտ աշխատանք չէ,  և ամենայն լրջությամբ պիտի վերաբերվել դրան։ 

-Դուք հաճախ եք Արցախը ներկայացնում  արտասահմանում։ Ինչպիսի՞ն գիտեն  մեզ դրսում: 

-Արցախը դրսում, ցավոք, չեն ճանաչում։ Այն առավելապես հայտնի է որպես պատերազմի երկիր։ Մեր աշխատանքի շնորհիվ որոշակիորեն փոխվում է այդ վերաբերմունքը: Մեր նպատակն է ստեղծել դրական զբոսաշրջային վարկանիշ Արցախի համար: Անհրաժեշտ է ընտրել ճիշտ մարքեթինգային քաղաքականություն՝ հիմնված ճիշտ ընտրված ռազմավարության վրա: 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ