[ARM]     [RUS]     [ENG]

ՙԹՈՒՖԵՆԿՅԱՆ՚ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի ՙՎալլեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի՝ Արցախում գործունեության 15 տարիներին նվիրված տոնական միջոցառում։

Ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարականների գծով խորհրդական Արայիկ Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, բարձրաստիճան պետական այրեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, սփյուռքահայեր, ՙԹուֆենկյան՚ բարեգործականի շահառուներ և գործընկերներ։ 

Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հիմնադրամի մեկուկես տասնամյակի գործունեության մասին պատմող ֆոտոցուցահանդեսով և տոնական հյուրասիրությամբ, որին հաջորդեց կլոր-սեղանի շուրջ քննարկում Արցախի հետագա զարգացման և վերաբնակեցման խնդիրների շուրջ։ 

Բարեգործական այս կառույցի հիմնադիր Ջեյմս Թուֆենկյանը դեռևս 1993թ. Երևանում բացեց գորգագործական ձեռնարկություն՝ ապահովելով հազար աշխատատեղ։ Արդեն 1998-ին Հայաստանում գործունեություն սկսեց ՙԹուֆենկյան՚ հիմնադրամը՝ բարեգործական ծավալուն ու շարունակական ծրագրեր իրականացնելու հեռանկարով։ ՀՀ-ում իրականացնելով շուրջ 70 ծրագիր` Հիմնադրամը մտադրվեց իր առաքելությունը շարունակել նաև Արցախում։ 2003-ին երկրորդ հայկական հանրապետությունում մեկնարկեցին ՙԹուֆենկյան՚-ի բարեգործական ծրագրերը, որոնք մինչև այսօր էլ շարունակվում են բազմաբնույթ ոլորտներում։ Այս տարիների ընթացքում ծրագրեր իրականացվեցին հիմնականում Արցախի ազատագրված սահմանամերձ տարածքներում, մասնավորապես Քաշաթաղի շրջանի հարավային հատվածի գյուղերում։ Դրանք ուղղված էին համայնքների ենթակառուցվածքների բարելավմանը, վերաբնակեցմանը, տնտեսական զարգացմանն ու կենսաապահովման խնդիրների լուծմանը։ Կառուցվել ու վերանորոգվել են դպրոցներ, մշակութային տներ, բուժհաստատություններ, թանգարաններ, եկեղեցիներ, տնկվել են խաղողի այգիներ, որոնք էլ Հիմնադրամը նվիրել է գյուղացիներին։ Կազմակերպվել է նաև Սիրիայից ու Իրաքից հայրենադարձված ընտանիքների վերաբնակեցումը, իսկ ամենածավալուն ծրագիրը Հադրութի շրջանի սահմանամերձ Առաջամուղ գյուղի հիմնովին կառուցումն է։ Այս և այլ ծրագրերի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն էին պարունակում կազմակերպված ֆոտոցուցահանդեսի լուսանկարները։ 

ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանն ընդամենը երկու տարի է, ինչ ղեկավարում է կառույցը, իսկ 13 տարի անընդմեջ Հիմնադրամի տնօրենը Անդրանիկ  Գասպարյանն էր, ու Արցախի գրասենյակը վերջին 10 տարիներին ղեկավարել է Հենրիկ Գրիգորյանը։ Ր.Դուդաքլյանը շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի հետ համագործակցած բոլոր կառույցներին, Արցախի Հանրապետությանը և հույս հայտնեց, որ  այդ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ՝ առաջնահերթ խնդիրները բացահայտելու ու լուծելու համար։ Իր հերթին Ա. Հարությունյանը ներկայացրեց Հիմնադրամի հետ համատեղ իրականացված  ծրագրերի պատմությունը, մասնավորապես 2008թ. Բերձորում Հիմնադրամի մասնակցությամբ կայացած պատմական միջոցառումը, որին ներկա էին գրեթե բոլոր հայկական բարեգործական կազմակերպությունները։ Արցախի կառավարության և ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի միջև սկիզբ դրվեցին նաև ՙԱրի՚ նախագիծը և մի շարք այլ ծրագրեր, որոնք հետագայում դարձան պետական։ Դրանց շնորհիվ տարածքն աստիճանաբար վերաբնակեցվեց,  և մի շարք ծրագրեր խթան հանդիսացան ժողովրդագրական աճի ապահովմանը։ 

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը շեշտեց, որ շրջանում իրականացված բազմաթիվ ծրագրերի շնորհիվ բնակչությունն ամուր ու վստահ է զգում, իսկ Սփյուռքի հայրենակիցների աջակցությունն էլ ավելի է պարտավորեցնում։ ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի 15 տարիների գործունեությունն անգնահատելի համարեց ԱՀ պետնախարարը։ Շնորհակալություն հայտնելով հայրենանվեր գործունեության համար` Գ. Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ առկա օրինակելի համագործակցությունը կլինի հարատև։ Հիմնադրամն արդեն 20  տարի Հայաստանում և 15 տարի Արցախում գործունեություն է ծավալում` շնորհիվ  Ջեյմս Թուֆենկյանի, ով ծնվել է ԱՄՆ-ում` ոչ հայկական ավանդական ընտանիքում։ Նա չգիտեր հայերեն, տեղյակ չէր հայոց պատմության դրվագներին, չի ունեցել հայ ընկերներ ու բարեկամներ։  Միակ բանը, որ ստիպեց նրան խորհել, որ ինքը տարբեր է մյուսներից, դա իր մոր պատրաստած հետաքրքիր ու չկրկնվող ուտեստներն էին։ Հետագայում ինքնաբացահայտման ճանապարհին նա արագ կողմնորոշվեց և կանգնեց իր ազգի կողքին` ազգանվեր գաղափարներ կյանքի կոչելով։ 

Միջոցառման երկրորդ մասը կազմակերպվեց կլոր սեղանի ձևաչափով, որտեղ քննարկվեցին Հիմնադրամի 15 տարիների գործունեության բնույթը, խնդիրները, մասնավորապես Քաշաթաղի վերաբնակեցման և զարգացման ռազմավարական ծրագրերի արդյունավետությունը, հետագա անելիքները։ Հանդիպմանը հանդես եկավ նաև ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը, ով կոչ արեց ազատագրված տարածքներում շարունակել ու զարգացնել ռազմավարական նշանակության ծրագրերը` անկախ Ադրբեջանի հոխորտանքներին։ 

Ներկաներն  անդրադարձան շրջանի ենթակառուցվածքների, բնակչության զբաղվածության  խնդիրներին։ Իշխանաձորի և Կովսականի բուժմիավորումների  խնդիրների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն հաղորդեց Կովսականի տեղամասային հիվանդանոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը։ Իսկ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը շեշտեց, որ շրջանի համայնքների զարգացման մասով պետք է գնահատել ոչ միայն կարիքները, այլև տվյալ համայնքի զարգացման ռեսուրսները, որպեսզի ձեռնարկվեն կոնկրետ քայլեր և ծախսվեն արդյունավետ ու նպատակային միջոցներ։ Մասնակիցներն անդրադարձան դպրոցաշինության հեռանկարային ծրագրերին, կոնկրետ  համայնքների զբաղվածության խնդիրներին` հաշվի առնելով այդ համայնքում առկա ռեսուրսը։ Այս և այլ հարցերի պարզաբանումների համատեքստում ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն հայտնեց Քաշաթաղի շրջանի զարգացման համար շարունակել համատեղ նպատակային ծրագրեր իրականացնել։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ