comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽԱՆՁԱՁՈՐԻ ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ԿԵՆՍԱՀԱՍՏԱՏ ԱՌՕՐՅԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽԱՆՁԱՁՈՐԻ ԴԺՎԱՐ, ԲԱՅՑ ԿԵՆՍԱՀԱՍՏԱՏ ԱՌՕՐՅԱՆ

Հադրութի շրջան այցելելու մտադրությունս 1991թ. մայիսին բռնագաղթի  ենթարկված Առաքյալ և Բանաձոր համայնքների ներկային ծանոթանալու նպատակ ուներ: Վարչակազմում, ակայն, որոշում ենք փոխել մեր ՙերթուղին՚. շրջանի ղեկավար Իվան Ավանեսյանը հանդիպում ունի Խանձաձոր և Հայկավան համայնքների բնակիչների հետ, որտեղ տարեցտարի ավելի է ընդգծվել դպրոցների հիմնանորոգման խնդիրը: 

 Սովորաբար հանրապետության հեռավոր գյուղերում գրեթե միշտ նույն պատկերն է` անբարեկարգ ու հոգնեցնող ճանապարհներ, գյուղական աշխատանքներից խուսափող և  դեպի քաղաք ձգտող երիտասարդություն, ծնելիության տխրեցնող ցուցանիշ, բնակարանային չլուծվող խնդիր: Բացառություն չէ նաև Խանձաձորը՝ ՙբռնագաղթից առաջ և հետո՚ իրողությունն արտապատկերող  երկու թաղամասով ու զրուցասեր բնակիչների կենսահաստատ հոգս ու խոսքով: Նախ՝ դպրոցի մասին.  1997թ.  նկարիչ Էմիլ Աբրահամյանի նախագծով կառուցված միհարկանի շենքն ավելի նման է բնակելի տան, որտեղ աշխատանքներն ասես այդպես էլ ավարտին չեն հասցվել: Այն, որ դպրոցի շինարարությունն ընթացել է կոպիտ խախտումներով, զգացվել է հաջորդող տարիներին, երբ պատերի անկյուններում ճաքեր են հայտնվել, առաստաղից սկսել է թափվել շաղախը, խոնավությունից շարքից դուրս են եկել էլեկտրականության հոսքագծերը և այլն: Շենքն իր վթարայնության մասին հիշեցնում է անգամ քամու և ամենաաննշան երկրաշարժերի ժամանակ: Փայտի վառարաններով զինված դպրոցում  նաև նոր ծխնելույզների տեղադրման անհրաժեշտություն կա: 

Դպրոցը կրում է Արցախյան պատերազմում զոհված համագյուղացի Համբարձում Այվազյանի անունը: 12-ամյա դպրոցում ընդամենը 5 միացյալ դասարան է գործում: Երիտասարդ տնօրեն Կարեն Ալեքսանյանն ընդամենը մեկ տարի առաջ է ստանձնել պաշտոնը: Շենքի վթարային վիճակից բացի նա նաև աշակերտների թիվն է մտահոգիչ համարում: Միջնակարգ դպրոցն այս պահին ունի 19 աշակերտ և 11 ուսուցիչ: Քիմիայի և կենսաբանության մասնագետ չունեն, հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնողներ ևս առայժմ չկան: Պարապմունքները միացյալ դասարաններում կազմակերպելը, ուսուցիչների վկայությամբ, նկատելիորեն թուլացնում է դասապրոցեսի արդյունավետությունը: Հայոց լեզվի ուսուցչուհին էլ նկատում է, որ իրենք մեթոդներ են մշակում, որպեսզի երեխայի համար ուսումնառությունն ավելի մատչելի լինի: Դպրոցի երիտասարդ տնօրենն էլ, որպես երեք երեխայի ծնող, իր նկատառումներն է անում գյուղի ապագայի հետ կապված: ՙՈրպեսզի երիտասարդությունը մնա գյուղում, պետք է հետաքրքիր լինի նրա առօրյան, պետք է ելումուտ լինի գյուղում: Այս առումով շատ ենք կտրված աշխարհից,- ասում է նա: - Համաձայն եմ, իհարկե, մեր վարչակազմի ղեկավարի հետ, որ նախաձեռնության պակաս կա գյուղերում, սպասում ենք, որ պետությունը մեր ծննդավայրը զարգացնելու ծրագրեր առաջարկի, սակայն մեր գյուղի պարագան մի փոքր այլ է: Մեր գյուղամերձ անտառները շատ հարուստ են հատապտղով ու վայրի մրգերով, այս ուղղությամբ կարելի է ինչ-որ գործ սկսելու մասին մտածել, սակայն ամեն ինչի համար գումար է պետք, իսկ համայնքաբնակներն առանց այդ էլ սուղ հնարավորություններ ունեն՚: Դպրոցի բակում հավաքված ծնողները մեկ այլ խնդիր են բարձրաձայնում: Կրթօջախը համայնքից նկատելի հեռավորության վրա է գտնվում, անբարեկարգ ճանապարհը՝ հատկապես ձմռան ամիսներին, դժվարանցանելի է: Շրջվարչակազմի ղեկավարը խոստանում է մեքենա հատկացնել: Անուշ Ավագյանը մայրաքաղաքի հետ տրանսպորտային կապի բացակայությունից է բողոքում: ՙԱնասուն ենք պահում, պանիր, միս ենք ուզում ծախել, շուկա չկա: Ստեփանակերտ հասնելու համար մեքենա ունեցողը 15 հազարով է տանում, էլ չեմ ասում, որ ուսանող երեխաներ ունենք, որոնք անասելի չարչարանքներով են գալիս-գնում՚: Համայնքի բնակիչներին մտահոգում է նաև  կարգավորիչ ջրամբարի կառուցման հարցը, որը թույլ կտա չորային եղանակներին հաղթահարել ջրի պակասը: 

Համայնքի ղեկավար Արմեն Մկրտչյանի խոսքով՝ Խանձաձորը մինչև բռնագաղթը շուրջ 260 բնակիչ և 56 տնեսություն ուներ: Այսօր գյուղը 140 բնակիչ և 26 ընտանիք ունի: Բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու բանջարաբուծությունն է: Խանձաձորը հայտնի է հատկապես կարտոֆիլի բերքատվության բարձր ցուցանիշներով, նաև մեղվաբուծությունն է այստեղ եկամտաբեր համարվում: Համայնքային հողերը սակավ են, ըստ համայքապետի՝ այստեղ հողը ցանքատարածություն դարձնելու համար պետք է քարից մաքրելու ահռելի աշխատանք իրականացվի, իսկ ջահելները երկար տքնելու գլուխ չունեն: Համայնքում երիտասարդներ կան, ովքեր բնակարանային խնդիր ունենալով` չեն ամուսնանում: Կառավարության կողմից գյուղական համայնքներում ապրող երիտասարդ ընտանիքներին արտոնյալ վարկավորմամբ տուն կառուցելու ծրագիրը ոգևորել էր գյուղի երիտասարդությանը, սակայն այն գործում է միայն կիսակառույց տուն ունեցողների համար: Վերջին տարիներին երեք բազմազավակ ընտանիք բնակելի նորակառույց տան տեր է դարձել: Գյուղում բուժկետ է գործում, ինտերնետային կապը ևս իրողություն է, ինչը, համայնքապետի դիտարկմամբ, ավելի շատ մտահոգվելու առիթ է ու երիտասարդության ծուլության հիմնական պատճառ: Վերջին տարիներին համայնքից ոչ մի ընտանիք չի հեռացել: Իսկ 2016-ին երկու ընտանիք է եկել գյուղ՝ մշտական բնակության: Ծննդավայր վերադառնալու ցանկություն ունեցողներ այժմ էլ կան,  գյուղապետն այդ փաստն ուրախությամբ է նշում, բայց շտապում  հավելել, որ այդ հանգամանքն իր ետ նոր խնդիրներ է բերում։ ՙԱյս պահին երեք երիտասարդ ընտանիքներ են ցանկություն հայտնել հաստատվել մեր համայնքում, սակայն դարձյալ տան հարցն է նրանց հետ պահում այդ մտքից: Հենց նոր վարչակազմի ղեկավարի հետ այդ մասին էինք խոսում: Գյուղում կիսաքանդ կամ որպես ամառանոց ծառայող տներ շատ կան, ամենայն հավանականությամբ, հենց այդ տները կվերականգնվեն ու կտրամադրվեն նոր բնակիչներին: Դա ավելի լավ տարբերակ է, քանի որ և՜ համայնքն է գեղեցկանում, և՜ փլվող տների թիվն է քչանում՚: 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ