comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼԸ

Նոյեմբերի 3-ին  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ ԱՀ ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ,ՊԲ ռազմական բժշկության հիմնադիր Վալերի Երվանդի Մարությանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։

 Ներկա էին ԱՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, ՊԲ հրամկազմի ներկայացուցիչներ, Վ. Մարությանի հարազատներ, մարտական ընկերներ, հասարակայնության ներկայացուցիչներ։

Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, ՙԱրցախի ազատամարտիկների միության՚ նախագահ, Արցախի հերոս գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի երախտիքի խոսքը ներկայացրեց ՙՀայրենյաց պաշտպան՚ թերթի խմբագիր Ռ. Եսայանը. ՙԱրցախյան գոյապայքարի նվիրյալ, ռազմական բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու Վ. Մարությանն այսօր կդառնար 75 տարեկան։ Բայց նրան՝ նվիրյալ ու հայրենասեր հայորդուն, վիճակվեց այլ ճակատագիր։ Արցախյան ազատագրական պայքարում Վ. Մարությանը միշտ եղել է մարտնչող զինվորի կողքին՝ մի ձեռքին նշտար, մյուսին՝ զենք։ Նա իր մարտընկերների հետ դաշտային հոսպիտալներում սխրանքներ է գործել՝ կատարելով դժվար ու բարդ վիրահատություններ և փրկել բազում ազատամարտիկների։ Ռազմական բժիշկն ու նվիրյալ հայորդին անմնացորդ նվիրվածությամբ և մեծ պատասխանատվությամբ կատարեց իր սուրբ առաքելությունը, համառ պայքարով ու ջանքով իրականություն դարձնելով մեր ժողովրդի համար այդքան բաղձալի հաղթանակը։ Վ. Մարության բժշկի և ազատամարտիկի հայրենանվեր կերպարը, նրա կյանքի յուրաքանչյուր դրվագ նոր սերունդների համար ուսանելի և անհրաժեշտ խորհուրդներ ունեն։

Անդրադառնալով Վ. Մարությանի կյանքին ու գործունեությանը, բժիշկ Ա. Մաղաքելյանն իր ելույթում արժևորեց անձնազոհության ու նվիրվածության խորհրդանիշ դարձած վիրաբույժի վաստակն ու ծառայությունը մեր երկրի և ժողովրդի առջև։ 

Անցյալի հիշողություններով կիսվեց Մ. Մարությանի մարտական ընկեր Է. Աղաբեկյանը։ 

Հուզիչ էր ականավոր վիրաբույժի համածառայակցի՝ Լ. Աղաբեկյանի խոսքը։ 

ՊԲ բուժծառայության պետ, գնդապետ Հ. Եգորյանն իր ելույթում արժևորեց Վ. Մարությանի՝ մեր ազատ ու անկախ Արցախի կերտման հիմքում ունեցած անուրանալի վաստակը։ 

Ներկաներին իր սրտի խոսքն ասաց պապի հետքերով քայլող Մ. Մարությանը. ՙՊապիս ապրելակերպն ինձ համար ուղենիշ է, համակ օրինակ։ Այսօր, ծառայելով նրա հիմնադրած հոսպիտալում և շփվելով նրան ճանաչող մարդկանց հետ, տեսնում ու զգում եմ այն ահռելի աշխատանքը, որը ժամանակին կատարել է պապս հանուն մեր երկրի խաղաղության ամրապնդման՚։ 

 ՊԲ ՙԱսպետ՚ համույթի տղաների խրոխտ ու անզուգական կատարումները դահլիճը լցրին տոնական տրամադրությամբ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Վ. Մարությանի հեղինակությամբ ռազմադաշտային հոսպիտալներում նկարահանված կադրերից ստեղծված ՙՃերմակ ճակատ՚ տեսաֆիլմը։ 

Վ. Մարությանը ոչ միայն բարձրակարգ մասնագիտության տեր բժիշկ էր, իր կոչման երդվյալն ու նվիրյալը, այլև մեր շարժման ու պայքարի առաջամարտիկներից էր, իր ազատագրյալ հայրենիքի գաղափարախոսակիրը։

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ