comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ԱՖ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ
[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ԱՖ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Վերջերս ԱՀ խորհրդարանում կայացել է  Պետաիրավական և Սոցիալական ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչների և Արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի անդամների հանդիպումը:

Ներկա էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը, Արարատ Օհանջանյանը և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռոմելա Դադայանը: Հանդիպումը կազմակերպվել էր ԱՖ նախաձեռնությամբ: 

Ավելի վաղ ԱՖ նախագահ Արա Ղահրամանյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին` խնդրելով խորհրդարանում քննարկվող հարցերի  օրակարգում ներառել  ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:  Հանդիպման սկզբին Ա. Ղահրամանյանը տեղեկացրել է, որ ԱՖ կողմից  հանրապետության շրջաններում և մայրաքաղաքում կազմակերպվող հանդիպումներին մշտապես բարձրաձայնվում են աշխատողներին մտահոգող տարաբնույթ հարցեր, որոնց մեջ միշտ կարևորվում է վերոհիշյալ օրենքը վերանայելու հարցը: Նա նաև տեղեկացրել է, որ 700 արհկազմակերպություններում տեղի են ունեցել քննարկումներ, որոնց մասնակցել են 18 հազար աշխատողներ և պահանջել վերանայել վերոնշյալ օրենքը: Ֆեդերացիայի նախագահը հիշեցրել է, որ  օրենքն ընդունվել է 2011թ. հետագա տարիներին մի քանի անգամ  ենթարկվելով լրամշակման:  Ըստ բանախոսի` օրենքում տեղ գտած փոփոխություններով միշտ անտեսվել է աշխատողների շահը, իսկ վերջին անգամ, հաշվի չառնելով աշխատանքային ստաժը, հիվանդության հետ կապված անաշխատունակության դեպքում այդ օրերի դիմաց  վճարները նախատեսվել են  80 տոկոսի չափով: Արա Ղահրամանյանը նշել է նաև, որ աշխատանքային հարաբերություններում պատշաճ վերահսկողության բացակայության պայմաններում  պետական և մասնավոր հատվածի աշխատողներն իրենց հուզող խնդիրերի հետ  մնացել են միայնակ: Հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող Արհմիությունների ֆեդերացիան անում է հնարավորը` աշխատողների իրավունքները պաշտպանելու առումով, սակայն այդ գործում կարևոր է նաև աշխատողների բարձրաձայնած խնդիրներին լուծումներ տալու հարցում պետական մասնակցությունը: Խորհրդի անդամներն առաջարկեցին Օրենքի հոդված 6-ի 2-րդ կետից հանել ՙառաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում՚ բառերը իսկ 22-րդ հոդվածի 2-րդ կետում ավելացնել ՙանաշխատունակության նպաստը հատկացնել` մինչև երեք տարվա ստաժի դեպքում 80, երեքից ավելիի` 100 տոկոս՚ բառերը: Արա Ղահրամանյանը ԱԺ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ առանց այդ էլ աշխատողների աշխատավարձից գանձվող եկամտահարկն ու տարբեր սոցվճարները նկատելի գումար են կազմում հաստատագրված միջին աշխատավարձի համեմատ:  ԱՖ նախագահը նաև իր կողմից կատարված վերլուծությունն է ներկայացրել միջին աշխատավարձ ստացող, ժամանակավորապես անաշխատունակ դարձած և անաշխատունակության թերթիկ ներկայացրած քաղաքացիների առաջին մեկ օրվա վճարը վերականգնելու դեպքում այդ գումարի չափի մասին: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրեց իր նկատառումներն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ` նշելով, որ իրավաօրենսդրական նույն դաշտում գտնվող հայկական երկու պետություններում նման օրենսդրական փոփոխությունը կարող է և պետք է իրականացվի միաժամանակ և համատեղ:  Բացի այդ, ըստ հանձնաժողովի նախագահի, պետք է հաշվի առնել նաև խնդրի բարոյական և իրավական կողմը. բազմաթիվ չլուծված և օրախնդիր հարցեր ունեցող պետության համար այնքան էլ հեշտ չէ արագ լուծում տալ աշխատողների կողմից բարձրացված ցանկացած հարցի: Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանն ու փոխնախագահ Ռոմելա Դադայանը համաձայնեցին, որ բարձրացված հարցը  կարևոր ու տեղին է, այն ենթակա է քննարկման: Նրանք տեղեկացրին, որ ՀՀ-ում համապատասխան օրենքի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել, որոնք, ամենայն հավանականությամբ, կշարունակվեն նաև  նոր խորհրդարանում: Նրանք խոստացան ապագայում ԱԺ օրակարգում ընդգրկել այդ հարցը: Հանդիպման ընթացքում ԱՖ և ԱԺ ներկայացուցիչների միջև ակտիվ քննարկումներ ծավալվեցին օրախնդիր այլ հարցերի շուրջ ևս: ԱՖ խորհրդի անդամներն անդրադարձան առողջապահության, կրթության և այլ ոլորտներում նկատվող մտահոգիչ փաստերին և իրողություններին: Պայմանավորվածություն ձեռքբերվեց ապագայում հանձնաժողովների հանրային կարևորության բոլոր հարցերի քննարկումներին մասնակից անել նաև ԱՖ ներկայացուցիչներին: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ