comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՄԵՆԱՏԵՍԱՐԺԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՎԱՅՐԵՐԻՑ ՄԵԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՄԵՆԱՏԵՍԱՐԺԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՎԱՅՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Ասկերանի բերդը նախորդ դարի սկզբում էլ շարունակել է մեծ դեր ունենալ Արցախի պաշտպանական համակարգում:

Մեր օրերում արդեն կարեւորվում են նրա պատմական արժեքն ու զբոսաշրջային ներուժը: Հուշարձանն ավելի քան 300 տարվա պատմություն ունի, սակայն անխնամ էր, անհրապույր, զբոսաշրջիկների այցելությունների համար՝ ոչ հարմար: Ազատամարտի տարիներին նաեւ մասնակի վնասներ էին հասցրել արկակոծումները. պարիսպներին եւ աշտարակներին ճեղքեր էին ավելացել, անգամ փլվածքներ կային: Վերականգնման ծրագիրն սկսվեց 2016թ.-ին: 2017-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի աջակողմյան հատվածն արդեն բաց էր զբոսաշրջիկների համար: Պարսպի այդ հատվածը ոչ միայն վերականգնվել, վերանորոգվել էր, այլեւ զբոսաշրջիկների այցերի համար ավելի հարմարավետ էր դարձել, հրակնատների վերանորոգված հարթակները համալրվել էին մետաղե բազրիքներով եւ աստիճաններով:

2018-ին մեկնարկեց վերականգնման աշխատանքների երկրորդ փուլը: Շինարարներին տեսնելու համար պետք է ճանապարհից դուրս գալ, հաղթահարել փոքրիկ վերելքն ու մոտենալ Մայրաբերդի մատույցներին: ՙՄայրաբերդի տարածքն ենք վերանորոգում՝ չորս աշտարակներն ու դրանք միմյանց կապող պարիսպները,- մանրամասնում է աշխատանքներն իրականացնող ՙԳարդեն՚ ՍՊԸ աշխղեկ Արման Գաբրիելյանը:- Աշխատանքների մեծ մասը, կարելի է ասել, ավարտել ենք: Հույս ունենք՝ կկարողանանք սահմանված ժամկետներում տեղավորվել՚:

Մայրաբերդի` դեռ չնորոգված հատվածները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե հուշարձանն ինչ վիճակում էր մինչեւ աշխատանքների մեկնարկը: Վերականգնված հատվածներում պատկերը միանգամայն այլ է: ՙՎերեւի հատվածն է մնում վերականգնենք` պատերի վերին մասը: Թեքահարթակներն ենք ամրացրել: Դրանք ամբողջությամբ սալապատվելու են՚,- իրազեկում է վերականգնող վարպետներից Հարութ Սարգսյանը: Խորհրդային տարիներին ավելացված կցակառույցները քանդվել են: Պարսպի ճեղքերն են փակվում, քանդված հատվածները վերականգնվում: Շաղախի համար ոչ միայն ցեմենտ, այլեւ կիր է օգտագործվում: Որպես շինանյութ էլ ծառայում են պարիսպներից թափված եւ շրջակա տարածքից հավաքված քարերը: 

Մայրաբերդի վերականգնված հատվածը Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի աջ կողմում է: Վերականգնվող հատվածը վերեւում է` շրջապատված չորս աշտարակներով: Երկու հատվածները կապող կիսավեր պարսպաշարը հուշում է, որ վերականգնման առնվազն մեկ փուլ դեռ առջեւում է: Պատկան մարմնում հաստատում են՝ վերականգնողական ծրագիրը շարունակվելու է: ՙԵրրորդ փուլում` 2018-2020թթ., նախատեսում ենք վերականգնել միջնաբերդից աջ ու ահյակ ձգվող պարսպաշարերը: Նաեւ լրացուցիչ հնարավորություններ կլինեն այցելուների համար՚,- մանրամասնում է Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը: Այս պահին դեռ չեն շտապում գնահատել՝ ինչ արդյունք է ապահովել Ասկերանի բերդի ճանապարհամերձ հատվածի վերանորոգումը: ՙԱյս դեպքում դիտարկումը միայն մոտավոր է: Տեսնում ենք, որ, այո՜, այցելուներն ավելանում են: Սակայն այս փուլում նույնիսկ չենք էլ ակնկալում, թե այս վիճակում հուշարձանը կարող է զբոսաշրջիկին, ասենք, կես ժամից ավելի պահել,- նշում է Արտակ Գրիգորյանը:- Գալիս են, շրջում վերանորոգված հատվածներով, գուցե նաեւ լուսանկարվում եւ շարունակում իրենց ճանապարհը՚: Հուշարձանի զբոսաշրջային ներուժը լիարժեք օգտագործելու ծրագրերը վերականգնման երրորդ փուլի մի մասն են դառնալու: Վերականգնողական աշխատանքներին զուգահեռ նախատեսվում է Ասկերանի բերդի տարածքում զբոսաշրջիկների համար լրացուցիչ հետաքրքրություններ ապահովել, ասենք՝ հուշանվերների վաճառքի կետ կամ մեկ այլ հնարավորություն: Նաեւ կամուրջներ են նախատեսվում, որոնք Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի վրայով կկապեն բերդի աջակողմյան ու ձախակողմյան հատվածները: Իսկ Միջնաբերդում թանգարան է գործելու: Թե ինչ ուղղվածության՝ դեռ քննարկումների փուլում է: Ասկերանի բերդի վերականգնումն առայժմ բացառապես պետական բյուջեի հատկացումներով է իրականացվում: Պատասխանատուները հույս ունեն երրորդ փուլի համար նաեւ մասնավոր հատվածից միջոցներ ներգրավել:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ