comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԱՐՊԵՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐՊԵՏԸ

Դիլիջանի երկրագիտական թանգարանի հարևանությամբ է գտնվում ժողովրդական վարպետ-փայտագործ Աշոտ Բաբայանի տուն-արվեստանոցը։ Դիլիջանում նրան բոլորն են ճանաչում։

Եվ ոչ միայն Դիլիջանում. նրա անունը դուրս է եկել Հայաստանի սահմաններից, քանզի այստեղ ոտք դնող ամեն մի զբոսաշրջիկ անպայման այցելում է վարպետ Աշոտի ստեղծած այս գողտրիկ անկյունը, որն, իրավամբ, կարելի է անվանել ՙթանգարան՝ բաց երկնքի տակ՚։ Իսկ զբոսաշրջիկների  պակաս Դիլիջանը չունի. աշխարհի տարբեր ծագերից՝ հայ թե՜ օտարազգի, ահել թե՜ ջահել՝ գալիս են ըմբոշխնելու, վայելելու նրա հրաշակերտ բնությունն ու մաքուր օդը:  Իսկ Դիլիջանի ջո՛ւրը. ինչպես մեր բոլորիս կողմից սիրված արտիստ Մհեր Մկրտչյանն է ասում հայտնի ֆիլմում, այն երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում... 

Վարպետ Աշոտի համար հայրենի բնաշխարհը ոգեշնչման աղբյուր է։ Նրա տուն-արվեստանոցում ծառ ու ծաղկի, քար ու հողի հավերժական խորհուրդն է թագավորում։ Ա. Բաբայանի խոսքով՝ հայրենի բնության յուրաքանչյուր մասնիկ իր համար յուրահատուկ խորհուրդ ունի, փայտի ոչ մի ոստ անգամ ավելորդ չէ նրա համար. ամեն բան կենդանի է, առարկայական և ստեղծագործելու համար անսահմանափակ հնարավորություններ է բացում։ 

Ա. Բաբայանը ծնվել և մեծացել է Դիլիջանում։ Դժվարությամբ է շփվում մարդկանց հետ, հարցազրույցներ տալ չի սիրում, բայց երբ զգում է, որ դիմացինն, իրոք, հետաքրքրված է իր գործունեությամբ, պատրաստ է զրուցել, ներկայանալ, կիսվել։ Երբ իմացավ Արցախից ենք՝ հարցրեց. բա ժենգյալով հացն ո՞ւր է… 

Ա. Բաբայանի ստեղծած յուրաքանչյուր գործ յուրահատուկ իմաստ ունի, իսկ երբ ինքն է պատմում դրանցից յուրաքանչյուրի նշանակության մասին՝ պարզապես պատրաստ ես ժամերով լսել։ ՙՋինի ականջը՚ գործի մասին, օրինակ, ասում է. կարող ես դրամ գցել, ականջին շշնջալ քո ցանկությունը… իսկ իրականանալու հավանականությունը մեծ է։ Ծանոթ հեքիաթի գեղեցկուհի Վասիլիսայի տնակի մասին հեղինակն ասում է, որ այն տխուր և չամուսնացած աղջիկների համար է, որ գան, նստեն ու սպասեն սպիտակաթույր ձիերով իրենց ասպետներին։    

Վարպետ Աշոտը նաև երաժշտության իսկական գիտակ է։ Նրա տանը մշտապես ռադիոյի ձայնն է լսվում, որի հնչյուններն առանձնահատուկ ներդաշնակություն են հաղորդում միջավայրին։ Իսկ ամենից շատ նա սիրում է լսել Արթուր Մեսչյանի ստեղծագործությունները։  

Արդեն 19 տարի է՝ Ա. Բաբայանը զբաղվում է փայտագործությամբ։ ՙՈրդուս խոստացել էի՝ հենց թոռնիկ  ունենամ՝ սկսելու եմ այս գործը, և այդպես էլ արեցի,-ասում է նա։- Գաղափարներս շա՛տ-շատ են։ Էս սարքած գործերս մտահղացումներից մեկ տոկոսն էլ չեն կազմում։ Տարածքն է փոքր, ամեն ինչ իրար գլխի է, կատարածդ գործը նորմալ ցուցադրել հնարավոր չէ՚։ 

Հմուտ վարպետն իր գործերը պատրաստում է ծառերի արմատներից։ Նրա փայտե քանդակների մի մասը զարդարում է Դիլիջանի փողոցները, ինչը մեծ շուք է տալիս քաղաքին, գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը։ Նրա գործերը պահանջված են ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ 

Հրաժեշտին խոստացա Արցախից ժենգյալով հաց և տնական գինի ուղարկել իրեն։ Բայց, խոսքս չավարտած, նա իսկույն վրա տվեց՝ միայն ժենգյալով հաց, գինի չեմ խմում, ընդհանրապես չեմ օգտագործում…Հետո միայն՝ փոքր-ինչ ուշ, տաքսու վարորդի պատմածից իմացա, որ դրա համար պատճառներ կային, որ Վարպետը խոր վիշտ ունի սրտում պահած…

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ