ԲԱՐՁՐ ՊԱՀԵԼ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԱ Է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Նոյեմբերի 26-ը Արցախում նշվում է որպես դատախազության աշխատողի մասնագիտական օր։ Տոնի այս հատկանշումը կապված է 1924թ. նոյեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղի մարզային դատախազության ստեղծման հետ։ 

 Մասնագիտական օրվա կապակցությամբ ԱՀ դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի հանդիսավոր նիստին ներկա էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը։

Տոնի առթիվ համակարգի աշխատողներին առաջինը շնորհավորեց ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը։ Նրա խոսքով՝ մասնագիտական տոների ցանկում դատախազության օրվա նշումը վկայությունն է այն իրողության, որ երկրի իշխանությունները կարևորում են օրենքի գերակայության ապահովումը հանրապետությունում՝ այս համատեքստում ընդգծելով դատախազական աշխատանքի դերն ու նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում։ ՙԴատաիրավական բնագավառում և, մասնավորապես, դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները որակական նոր սանդղակի վրա են դրել իրավակարգի ամրապնդմանն ուղղված մեր ջանքերը,- ասաց ԱՀ գլխավոր դատախազը։- Մասնագիտական տոնի նշումը համակարգի անցած բովանդակալից ճանապարհի արժևորումն է, և հավաքվելով՝ մենք վերստին շեշտում ենք մեր հաստատակամությունը՝ յուրաքանչյուրիս անձնական ներդրումով բարձր պահել դատախազության հեղինակությունը՚։ 

Դատախազության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը։ Ուղերձը ներկայացրեց ավագ դատախազ Իրինա Մուսայելյանը։

Գործընկերներին շնորհավորել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Շնորհավորանքի խոսքը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը։ Ա. Հարությունյանը միաժամանակ ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի հրամանները՝ ԱՀ դատախազության մի խումբ աշխատակիցների պարգևատրելու մասին։ 

Մասնագիտական տոնի առթիվ անակնկալներ ուներ ԱՀ գլխավոր դատախազը։ Ա. Մոսիյանի  հրամաններով համակարգի մի խումբ աշխատողներ ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար արժանացան պարգևների, պատվավոր կոչումների և խրախուսանքի։ Դրամական պարգևով խրախուսվել է դատախազության աշխատակազմը։ 

Շնորհավորական ուղերձներ են հղել նաև հանրապետության ուժային կառույցների ղեկավարները։ Իսկ ԱՀ ոստիկանապետի հրամանով դատախազության մի խումբ աշխատակիցներ արժանացան պարգևների, որոնք հանձնեց Գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանը։

Շնորհակալաբար ընդունելով դատախազության աշխատակիցներին հղված բարեմաղթանքները, Ա. Մոսիյանը հավաստիացրեց, որ տրված գնահատականները խթանիչ  գործոն կդառնան հետագա գործունեության և այդ շրջանակում գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության համար։

Կոլեգիայի նիստում տեղի ունեցավ ԱՀ գլխավոր դատախազության Հատուկ քննչական բաժնի քննիչ Դավիթ Դալլաքյանի և Մարտակերտի շրջանի դատախազության նորանշանակ դատախազ Վահրամ Ավանեսյանի երդման արարողությունը։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ