comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ...
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ...

Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ, Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանակիր, հրաձգային դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, Երևանում՝ 45-րդ բանակի կազմում։

 Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հրամանատարներ են եղել գնդապետ Ս. Զաքյանը, փոխգնդապետ Ա. Սարգսյանը, գնդապետ Ա. Վասիլյանը և գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը, հետպատերազմյան տարիներին՝ գեներալ-մայորներ Ա. Կարապետյանը, Հ. Մարտիրոսյանը, Ս. Միանսարովը։ Հրատարակել է ՙԿարմիր զինվոր՚ հայերեն թերթը։ Դիվիզիան ռազմաճակատ է մեկնել 1942 թվականի օգոստոսին։

Առաջին անգամ մարտերի մեջ է մտել սեպտեմբերին, Գրոզնու մատույցներում՝ 9-րդ բանակի կազմում։ 1943 թվականին 58-րդ բանակի կազմում մասնակցել է Հյուսիսային Կովկասի, 18-րդ բանակի կազմում՝ Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել ՙԹամանյան՚ անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից 1944 թվականի ապրիլին Առանձին մերձծովյան բանակի կազմում աչքի է ընկել Կերչի ազատագրման մարտերում և պարգևատրվել Կարմիր աստղի շքանշանով։ Այնուհետև մարտնչել է Ղրիմում և Սևաստոպոլի ազատագրման համար արժանացել Կարմիր դրոշի շքանշանի, 390-րդ և 400-րդ գնդերը՝ ՙՍևաստոպոլյան՚ անվանմանը։ 1945 թվականի հունվարի 1-ին Բելառուսական ռազմաճակատի 33-րդ բանակի կազմում մարտնչել է Լեհաստանում։ Փետրվար-ապրիլին դիվիզիան պաշտպանել է Օդեր գետի ձախ ափին գրաված հենակետը, մասնակցել Բեռլինի ճակատամարտին և աչքի ընկել Օդերի Ֆրանկֆուրտի գրավման և Բեռլինի փողոցային մարտերում։ Վերջին մարտերին դիվիզիան մասնակցել է 3-րդ հարվածային բանակի կազմում։ Բեռլինի ճակատամարտում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանով։ Պատերազմի ընթացքում դիվիզիան անցել է 7250 կմ, որից 3640 կմ-ը` համառ մարտերով։

Դիվիզիայի 9 ռազմիկ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, 8-ը՝ դարձել Փառքի շքանշանի լրիվ ասպետ։ Դիվիզիայի կազմում է հերոսացել Հունան Ավետիսյանը։ 1945-ի աշնանը դիվիզիան վերադարձել է Հայաստան։ Կազմացրվել է 1956 թվականին։

Մեծ Հայրենականում հազարավոր հայ  քաջորդիներ իրենց անունը ոսկե տառերով են գրել հաղթանակների հուշամատյանում։   Փառքով ու պատվով են վերադարձել, մի զգալի մասն էլ ընկել է դեպի հաղթանակ տանող ճանապարհին։ Հայրենական պատերազմում հայ ժողովուրդը պատվով դիմացավ քննությանը։ Պատերազմի ընթացքում հայ ռազմիկներին կարելի էր հանդիպել բոլոր ռազմաճակատներում։ Իսկ  Թամանյան դիվիզիայի փայլուն հաղթանակները նոր էջ են բացել հայ ռազմարվեստի պատմության մեջ։ Տարիներն անցնում են, բայց հերոսների գործը հիշվում է, իսկ նրանց փառքը չի մարում։ 

ՙՈչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել՚ կարգախոսը ժամանակի ընթացքում փոփոխում է իր դրսևորումները,  սակայն անփոփոխ է մնում նրա էությունը։ 

ԼՂՀ պատերազմի և աշխատանքի վետերանների կազմակերպությունում այս օրերին  հաճելի եռուզեռ է։ Կազմակերպության նախագահ Սերգեյ Բարսեղյանը գրություններ է ուղարկում հանրապետության բոլոր շրջաններ`  ի հայտ բերելու և ճշտելու բոլոր այն անձանց անունները, ովքեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել են Հայկական 89-րդ Թամանյան կարմրադրոշ հրաձգային դիվիզիայում։ Առիթը Հայաստանի Հանրապետության 89-րդ Հայկական հրաձգային եռակի  շքանշանակիր, Թամանյան դիվիզիայի  վետերանների խորհրդի նախագահ Էդվարդ  Միրզոյանից ստացված նամակն է, ըստ որի` գալիք տարվա մայիս ամսին` Հաղթանակի օրվա կապակցությամբ, Ռուսաստանի Դաշնության Սևաստոպոլ  քաղաքում նախատեսվում է Թամանյան դիվիզիայի վետերանների, նրանց ընտանիքի անդամների ու հարազատների հավաք-հանդիպում։ Միջոցառման շրջանակներում, որն իրականացվելու է տեղի հայ համայնքի ու տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ, նախատեսվում են այցելություններ զոհված ազատամարտիկների շիրիմներին, տարաբնույթ  այլ միջոցառումներ։ 

Ուղևորության բոլոր ծախսերը հոգալու են միջոցառման նախաձեռնողներն ու կազմակերպիչները։ Սևաստոպոլ մեկնել ցանկացողներն անհրաժեշտ է, որ ունենան անձնագիր (ժամկետը  չանցած), համապատասխան վիզա։  Յուրաքանչյուր զոհվածի  ընտանիքից ուղևորությանը կարող են մասնակցել ընտանիքի երկու անդամ։  Եթե ցանկացողների քանակը մեծ լինի, ապա կհոգան նաև Ստեփանակերտից-Երևան տեղափոխման հարցերը։ 

Մինչ Ս. Բարսեղյանի առանձնասենյակում խոսում էինք իրադարձությանն առնչվող նախապատրաստական հարցերի շուրջ, ստացվեց առաջին արձագանքը, առաջին հայտը Մարտունու շրջանից էր։  Բոլոր նրանք, ովքեր կցանկանան  մասնակիցը լինել այդ մեծ ու աննախադեպ իրադարձությանը, ԼՂՀ պատերպազմի և աշխատանքի վետերանների հասարակական կազմակերպության  նախագահ Ս. Բարսեղյանը հորդորում ու խնդրում է դիմել ԼՂՀ ՊԱՎՀԿ  խորհրդին։  Վետերանների խորհրդի հասցեն է՝  ք. Ստեփանակերտ, Կնունյանցների փողոց, 32: Հեռախոսահամարներն են` ( 047) 94 02 56, ( 097) 24 53 93:

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ