comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԴԵՌ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԴԵՌ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ

Իր ավելի քան մեկդարյա գործունեության ընթացքում Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)  միշտ էլ առանձնացել է ազգանպաստ ձեռնարկների յուրահատկությամբ ու ժամանակի պահանջներին հարմարեցվող նոր ու ճկուն ծրագրեր գործարկելու հաջողված փորձով:

Մեր հանրապետությունում ՀԲԸՄ-ի կողմից շինարարական, կրթական, մշակութային ծրագրերի պաշտոնական մեկնարկը տրվել է 2002-ին, սակայն ամենևին էլ գաղտնիք չէ,  որ նրա չշեփորվող ներկայությունը կար դեռևս Շարժման ու Արցախյան պատերազմի դժվար տարիներին: 

Տեղեկանքի կարգով հիշեցնենք, որ Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն ոչ առևտրային հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1906թ.: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում:

ՀԲԸՄ–ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերով նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են Միության ծրագրերին: Կառույցի մասնաճյուղերն այժմ գործում են աշխարհի 22 երկրների մոտ 80 քաղաքներում: Այսօր հաշվվում են ավելի քան 22000 ՀԲԸՄ անդամ, 120 մասնաճյուղ և 27 մշակութային կենտրոն, որոնք սփռված են ողջ աշխարհով: 

Հանրապետությունում իրականացված և նախատեսվող ծրագրերի շուրջ  մենք զրուցել ենք ՀԲԸՄ արցախյան ծրագրերի պատասխանատու Սասուն Բաղդասարյանի հետ: Նա կազմակերպության ծրագրերի համակարգողն է 2004թ.-ից՝ Ստեփանակերտի գրասենյակի հիմնադրումից ի վեր: Առայժմ չի լուծվել Հայ բարեգործականի` Ստեփանակերտում կենտրոնատեղի ունենալու հարցը, որի առկայությունը թույլ կտար մեկտեղել կազմակերպության առարկայական բոլոր ձեռնարկները:  

Խոսելով ամենակարևոր և հաջողված ծրագրերից` գրասենյակի ղեկավարն առանձնացրեց  Հադրութի շրջանի Նորաշեն գյուղի վերակառուցումը, որտեղ շուրջ 30 տների և մանկապարտեզի վերակառուցումն ավարտվել է շատ կարճ ժամանակում: Հետագայում այս ձեռնարկը վերածվեց Միության կողմից Արցախի վերաբնակեցման ընդհանուր ծրագրի, որի նպատակն էր վերականգնել և վերաբնակեցնել  պատերազմի հետևանքով ավերված ու լքված հայկական գյուղերը։ Ավելի ուշ Նորաշենում կառուցվեցին նաև բուժկետ ու դպրոց: Ըստ Ս. Բաղդասարյանի՝  ներկայում ՀԲԸՄ-ի՝ հիմնականում երիտասարդ ընտանիքների համար կառուցած 35 տներում շուրջ 150 բնակիչ է ապրում։ Բացի այդ, կառույցի միջոցներով Ստեփանակերտում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար  ևս տներ են կառուցվել, վերակառուցվել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցը, վերանորոգվել Ալեք Մանուկյան փողոցը։ 

Հայկական ամենախոշոր բարեգործական կազմակերպությունն իր ողջ ուշադրությունն Արցախին էր սևեռել նաև 2016-ի ապրիլի սկզբին` Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների օրերին: ՀԲԸՄ-ն հանգանակություն է կազմակերպել սփյուռքի  կառույցների անդամների, բարեկամների միջոցով, անմիջապես օգնության ձեռք մեկնել զոհվածների ընտանիքներին, աջակցություն տրամադրել տեղահանվածներին, հոգացել նրանց մի մասի կեցության և սննդի հարցերը։ Կազմակերպության կողմից ձեռք են բերվել նաև բժշկական խնամքի, շտապօգնության սարքավորումներ։ 

Ս. Բաղդասարյանի տեղեկատվությամբ` ներկայում ՀԲԸՄ-ն Արցախում առավել շատ  կրթական ու մշակութային ծրագրերի է ձեռնամուխ: 2015թ. Ստեփանակերտում բացվեց ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ անվճար ուսում են ստանում 12-18 տարեկան հազարավոր երեխաներ։ Թերևս Միության`  համեստ ու անշահախնդիր բարեգործի կեցվածքն է պատճառը, որ Կենտրոնի կողմից ոչ այնքան հաճախ է հիշատակվում փաստը, որ ՙԹումոն՚ Ստեփանակերտում  իրականություն է դարձել և գոծում է Հայ բարեգործականի անմիջական մասնակցությամբ: 

ՙՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ ստեղծված` Ղարաբաղի կամերային նվագախումբն այսօր էլ հաջողությամբ ծավալում է իր գործունեությունը,-նշեց գրասենյակի ղեկավարը։ -Անցած տարիների ընթացքում նվագախումբը մեծապես նպաստել է դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության աճին։ Հանդիսանալով լավագույններից մեկը Հարավային Կովկասում` նվագախումբն այսօր ստանում է  արտասահմանյան հյուրախաղերի բազմաթիվ հրավերներ՚։

Հանրապետության աշխատանքային շուկան աշխուժացնելու նպատակ ունի Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ կառավարության աշխատակիցների վերապատրաստման`  2014-ին սկսված  ծրագիրը: Դասընթացները` նոր և ավելի հետևողական մոտեցմամբ շարունակվելու են գալիք տարում:   Շարունակվում է նաև ԱՀ կառավարության հետ համատեղ ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը, որն ստեղծվել է ՙՄեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային՚ ծրագրի հիմքի վրա:

Հայ բարեգործականը դեռ շատ անելիքներ ունի Արցախում: Շարունակելով իր ծրագրերը համապատասխանեցնել հանրապետության օրախնդիր հարցերին` ՀԲԸՄ-ն որոշել է նոր, երկարաժամկետ ծրագիր սկսել Արցախում: Այն այս անգամ նպատակ ունի մասնակիորեն լուծել շրջաններում ապրող կանանց զբաղվածության խնդիրն ու նպաստել արցախցի կանանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը: 

Ս. Բաղդասարյանի տեղեկատվությամբ, վերջերս կազմակերպության ղեկավարությունը հանդիպել է պետնախարար Գ. Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են մեկնարկելիք ծրագրի հետ կապված հարցեր: Պետնախարարը կարևոր ու պահանջված է համարել նման ծրագրի գործարկումը` պատրաստակամություն հայտնելով գործուն աջակցություն ցուցաբերել: 

Ըստ Ս. Բաղդասարյանի` Հայաստանի Ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի հետ համատեղ մշակված այս դասընթացի նպատակն է նպաստել կանանց ձեռնարկատիրական գիտելիքների և հմտությունների ավելացմանը: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ միայն կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման պարագայում հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել: Տնտեսական ինքնուրույնությունը կանանց կօգնի կատարելագործվել զանազան ասպարեզներում լիարժեք և հավասար մասնակցության միջոցով: ՙՀԲԸՄ կին ձեռներեցներ՚ ծրագիրը բաղկացած կլինի մի քանի  փուլից` դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ֆինանսների և ձեռնարկատիրության ոլորտի բոլոր այն հիմնադրույթներին, որոնց հայ ձեռնարկատեր կանայք պետք է տիրապետեն իրենց բիզնեսի շահութաբերությունը և կայունությունն ապահովելու համար: Այն կօգնի մասնակիցներին ձեռք բերել բազմավեկտոր մտածելակերպ, բացահայտել նոր ռազմավարություն, ինչպես նաև մշակել բիզնես-մոդել, որն անհրաժեշտ է բիզնես-գաղափարը կյանքի կոչելու և այն հաջողությամբ զարգացնելու համար: Գրասենյակի ղեկավարի խոսքով` մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել մեկ տարի տևողությամբ աջակցությունից, որն իր մեջ ներառում է ուսուցում և մենթորություն, բիզնես-խորհրդատվություն, զանազան մասնագիտական և բիզնեսի զարգացման համար արժեքավոր կապեր հաստատելու հնարավորություն։ Դասընթացի բոլոր մասնակիցներին նաև հնարավորություն կտրվի փորձել դրամաշնորհ ստանալ: Ընտրությունը կկատարվի `հիմք ընդունելով տարբեր չափանիշներ, ինչպիսիք են բիզնես-գաղափարի հետագա զարգացման հնարավորությունները, կայունությունը և սոցիալական ազդեցությունը։ 

 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ