Ի ՀԵՃՈՒԿՍ ԲՈԼՈՐ ԱՐՀԱՎԻՐՔՆԵՐԻ

1988թ. դեկտեմբերի 7, տեղական ժամանակով ժամը 11-ն անց 41 րոպե… Աշխարհասասան աղետը ցնցեց Հայաստան աշխարհը. անսպասելի երկրաշարժը վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց հանրապետության հյուսիսային մասը։

Ցավից տնքաց Հայոց բիբլիական հողը… Ավերվեցին հայոց դասական ոստանները՝ Գյումրին, Կիրովականը, Սպիտակը, Ստեփանավանը, բազմաթիվ գյուղեր ու ավաններ։ Զոհվեցին տասնյակ հազարավոր մարդիկ և Հայաստանը դարձավ բաց գերեզմանոց՝ բաց երկնքի տակ։

-Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին ու ծառայություններին։ Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո։ Երկրաշարժի առաջին իսկ րոպեներից անձնուրաց աշխատում էր ազգաբնակչությունը։ Սակայն նրանց փորձի և շատ հաճախ ծայրահեղ իրավիճակներում գործելու տարրական գիտելիքների պակասը բացասաբար էին անդրադառնում փրկարարական աշխատանքների արդյունավետության վրա, երբեմն պատճառ դառնում անտեղի զոհերի։ Խիստ զգացվում էր անհրաժեշտ փրկարարական տեխնիկայի պակասը։ Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվել է ավելի քան 45 հազար մարդ։

Հայոց աշխարհը վշտի մեջ էր, բոլորինն էր ցավն ու ողբը։ Աղետի գույժն անցավ երկրե երկիր և ազգերի աշխարհաշեն միտքը հանկարծ ցոլաց... Հայ ազգի վիշտը կիսում էին նախկին հզոր տերության մեջ ապրող բոլոր-բոլոր ժողովուրդները։ Աշխարհի տարբեր ծագերից կարեկցանքի ու օգնության ձեռքեր էին մեկնված Հայաստանին ու հայ ժողովրդին։ Մեզ բաժին հասած ցավից մարդկությունը կարծես հասկացավ, որ Երկիր մոլորակը մի տուն է, և նրանում ապրող ժողովուրդները՝ մի ընտանիք։ Հասկացավ, որ մեկի ցավը բոլորինն է, և ոտքի ելավ ու կանգնեց հայ ժողովրդի կողքին։

Իր առասպելական ուժով ազգը հերթական անգամ դիմացավ  արհավիրքին։ Քանդվածը վերաշինվեց, մոխրակույտերից ու փլատակներից նորից վեր խոյացան ավերված գյուղերն ու քաղաքները: 

Ու նորից դեկտեմբերի 7։ Դեպի Ստեփանակերտի հուշահամալիր ձգվող ճանապարհի լուռ ու բազմամարդ երթը մեկ անգամ ևս վկայում է, որ երեսուն տարի առաջ Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի պատճառած վերքերը չեն սպիացել: Արհավիրքի զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների և տարբեր ուսումնական հաստատությունների, հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների անդամներ, զինծառայողներ։  

Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար ժամը 11-ին հուշահամալիր այցելեցին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, Պաշտպանության բանակի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հոգևորականներ։

Աղետի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին (հեղինակ՝ քանդակագործ Արմեն Հակոբյան) ծաղկեպսակներ դրվեցին ԱՀ իշխանությունների, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի, քաղաքապետարանի և տարբեր գերատեսչությունների կողմից։

Մեկ րոպե լռությամբ հարգվեց անմեղ զոհերի հիշատակը։

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։  

Ի՞նչ են հուշում մեզ անցյալի դառը դասերը։  Ո՞րն է օրվա խորհուրդը։ Այս և նման հարցերի շուրջ  իրենց մտորումները մեզ հետ կիսեցին հիշատակի արարողության մասնակիցները։   

Աշոտ ՂՈՒԼՅԱՆ, ԱՀ ԱԺ նախագահ.

-Այս օրերին ինձ մոտ մի միտք էր թևածում, այն, որ բոլոր կարևոր պահերին, հատկապես այն ժամանակ, երբ ազգային մոբիլիզացիա է պահանջվում, մենք կարողանում ենք բոլորս միասին լինել, համախմբվել։ Հիշում եմ 1988-ի այն դաժան օրերը, երբ Արցախում ծանր էր իրավիճակը, բայց արցախահայությունը չնայելով շրջափակմանն ու բոլոր տեսակի սահմանափակումներին, առանձին ջոկատներ կազմած ձգտում էր ամեն կերպ հասնել Հայաստան և օգնության ձեռք մեկնել աղետից տուժածներին։ Եվ հենց միասնականությունն է օրվա խորհուրդը, որը հիմք է հանդիսացել մեր բոլոր հաջողությունների համար, հնարավորություն ընձեռել մեզ՝ հաղթահարելու բոլոր տեսակի մարտահրավերները։ Մեզ հաջողվել է այս երեսուն տարիներին հյուսել ազգային միասնության մեր բանաձևը՝ համախմբվածությունը, ինչը՝ որպես օրվա ամենակարևոր խորհուրդ, փորձում ենք սերունդներին փոխանցել նաև նմանատիպ արարողություններով։ Վստահ եմ՝՝ այդ բանաձևը կշարունակի մեզ ուղեկցել ապագա տարիներին։

Ասլան ԳՐԻԳՈՐՅԱՆ, փրկարար.

-Հիրավի, ծանր է հիշել 1988-ի այդ օրը։ Այն ժամանակ ես ղեկավարում էի իմ հիմնադրած տուրիստական ակումբը, և լսելով, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հյուսիսում, իսկույն հավաքեցի տղաներին՝ շուրջ 25 հոգի, և շտապեցինք օգնության։ Արցախից տարբեր ջոկատներ էլ կային, բոլորս հավաքվեցինք ներկայիս Վերածննդի՝ այն ժամանակ Լենինի հրապարակում, բավականին տեխնիկա ևս հավաքագրեցինք և կազմակերպված ճանապարհվեցինք։ Ադրբեջանի սահմանում մեզ կանգնեցրին, և չնայած մեր խնդրանքներին ու թախանձանքին՝ չէին ուզում թողնել, որ գնանք։ Այդպես մի քանի ժամ պահելուց հետո՝ ի վերջո բաց թողեցին։ Սպիտակը՝ որպես քաղաք, այլևս չկար… Եվ մենք գնացինք Գյումրի… Վրաններ սարքեցինք և իսկույն անցանք փրկարարական աշխատանքներին։ Գիշերն ու ցերեկը չէինք տարբերում՝ աշխատում էինք օրնիբուն, առանց որևէ բան ուտելու, առանց քնելու։ Միայն երեք օրից հետո զգացինք, որ ուժասպառ ենք եղել…Բայց ինչպե՞ս հանգստանաս, երբ չորս կողմդ ճիչ է ու ավեր, երբ գալիս, մոտենում են քեզ և օգնություն աղաչում…Քսանից ավելի օր մնացինք և բազմաթիվ կյանքեր փրկեցինք, դիակներ հանեցինք փլատակներից… Ահավոր էր…

Անահիտ ՊՈՂՈՍՅԱՆ, հ. 7 հիմնական դպրոցի տնօրեն.

- Հայոց մեծ եղեռնից հետո ամենից մեծ ու ահավոր ողբերգությունը՝ մեր ազգի համար, 1988-ի երկրաշարժն էր։ Բնական աղետը խարխլեց, տակնուվրա արեց հայոց տունը։ Չնայած երեսուն տարի է մեզ բաժանում երկրաշարժից, բայց չսպիացած վերքը դեռ զգացնել է տալիս։ Դեկտեմբերի 7-ը մեր ազգի համար մնաց որպես սգո խորհրդանիշ։ Անշուշտ, բնական աղետներին դժվար է նախապատրաստվել, բայց, կարծում եմ, մենք պետք է ճիշտ դասեր քաղենք Սպիտակի երկրաշարժից, հատկապես իրավասու համակարգում խնդիրները ճիշտ լուծելու պարագայում շատ ավելի պատրաստ կլինենք բնության մարտահրավերներին։,     

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ