ՇՈՒՐՋՕՐՅԱ ՋՈՒՐԸ ԴԱՇՈՒՇԵՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԵՐԱԶԱՆՔ ՉԷ

Վերջին տարիներին Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում խմելու ջուր օրական ստանում էին լավագույն դեպքում մեկ ժամ։ Հնամաշ ներքին ցանցում մեծ էին ջրի կորուստները, իսկ հնարավորությունները` ջրամատակարարման համակարգը փոխարինելու նորով, բացակայում էին։

1960-ական թվականներին համայնքի գլխավոր աղբյուրի կառուցմանը մասնակցած Անյա Հովսեփյանի խոսքով՝ վերջին երեք տարվա ընթացքում շուրջօրյա ջուր ունենալու մասին գյուղացիները միայն երազում էին: ՙՀիշում եմ, այդ օրերին յուրաքանչյուր ընտանիք պետք է 10-ական մետր փոս փորեր ջրագիծն անցկացնելու համար։ Այն բերել էինք Շուշի քաղաքի մատույցներից։ Հետո 1964 թվականին որոշեցինք կառուցել գյուղի հիմնական աղբյուրը։ Իսկ վերջին երեք տարվա ընթացքում, կարելի է ասել, մենք ջուր գրեթե չենք ունեցել՚,- նշել է գյուղի ութսունամյա բնակչուհին։Իսկ գյուղի հարցերի հարցը պետք էր լուծել, ինչի հույսով Դաշուշենի համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանը շարունակում էր ապավինել բարեգործական կազմակերպությունների աջակցությանը։ Դաշուշենում ջրամատակարարման նոր համակարգ կառուցելու պատրաստակամություն է հայտնել ՙՊրովանս-Հայաստան-Արցախ՚ ֆրանսիական բարեգործական կազմակերպությունը։ Ներկայանալով գյուղ՝ կազմակերպության պատվիրակները կարճ ժամանակ անց սկսեցին ֆինանսավորել ծրագիրը, որի արդյունքում գյուղի ներքին ջրային ցանցը հիմնովին վերանորոգվել է։ Համայնքի ղեկավարի գնահատմամբ՝ շինարարական աշխատանքներն իրականացվել են ռեկորդային ժամկետներում. ՙԿարող եմ ասել, որ համայնքի գերագույն խնդիրը լուծվել է կառավարության և ֆրանսահայ մեր բարեկամների աջակցությամբ։ Եվ պիտի նշեմ, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են շատ կարճ ժամանակում՝ մոտ մեկ ամսվա ընթացքում: ՙԱրմսվեգրուպ՚ շինարարական կազմակերպությունը ծրագիրը կյանքի է կոչել որակով ու ամենասեղմ ժամկետներում։ Այսօր համայնքն ամբողջությամբ ջրաֆիկացվել է, և չկա մի տուն, որտեղ չլինի մշտական խմելու ջուր՚։

Շինարարական աշխատանքների ընթացքում պարզվել է, որ Դաշուշենի ջրային պաշարները կարող են քիչ լինել։ Մտավախության հիմնական պատճառը համայնքում սեփականաշնորհված տարածքներն են, որտեղ նախատեսում են կառուցել տներ ու տնտեսություններ, այսինքն՝ գյուղի բաժանորդների թիվն այսօր գերազանցում է տների քանակին։ Այս նկատառումներից ելնելով՝ մասնագետները անհրաժեշտություն են համարել ունենալ երկրորդ ջրագիծը։ Ըստ Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ Դավիթ Ավանեսյանի՝ երկրորդ ջրագծի կառուցման և նոր բաժանորդներին ընդհանուր ցանցին միացնելու գործընթացն իրականացվել է պետական միջոցներով. ՙՇինարարական աշխատանքների սկզբնական փուլում Դաշուշենում նշված էր 50 տուն։ Ընթացքում պարզ է դարձել, որ այստեղ բաժանորդները շատ ավելի շատ են, քան նախատեսված էր նախագծում, քանի որ գյուղում կան մեծ թվով տարածքներ, որտեղ առաջիկա տարիներին կկառուցվեն տներ։ Եվ հաշվի առնելով, որ բարեգործական կազմակերպությունն արդեն ֆինանսավորել էր խոստացված գումարը, աշխատանքների մնացած մասն իրականացվել է Քաղաքաշինության նախարարության միջոցներով։ Հետո հասկացանք, որ արդեն բաժանորդների ավելացման դեպքում ջրի դեբիտը կարող է չբավարարել առկա պահանջարկն ու կառուցեցինք երկրորդ՝ չորս կիլոմետր երկարությամբ ջրագիծը՚։

Այսօր գյուղում բանջարանոցները նորից մշակված են՝ վստահ, որ կարճ ժամանակ անց բանջարեղենի տեղական շուկայում Դաշուշենի կանաչին նորից պահանջված է լինելու։ Վստահությունը նոր հիմքեր ունի, որովհետև բաց մշակության կողքին այստեղ նաև մտածում են ջերմոցային տնտեսություններ հիմնելու ուղղությամբ։ Ութսունամյա Անյա Հովսեփյանն ուրախ է, որ դաշուշենցին շուկայում իրացնելու փոխարեն ստիպված չի լինելու կանաչի գնել՝ սա իր համար նաև պատվի հարց է: Ճիշտ է, տեղադրված են ջրաչափեր, որոնք ստիպում են տնտեսել ջուրը։ Գյուղացիների խոսքով՝ ջուրն այսպես տնտեսվում է, չի օգտագործվում աննպատակ, որովհետև նախկինում, երբ ջրաչափեր չկային, շատերը ծորակը փակելու մասին չէին էլ մտածում։

Նարեկ ՍԱՀԱԿՅԱՆ