ՀԻՆ ՓՈՂՈՑ՝ ՆՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ...

Եթե ուշադիր նայելու լինենք Ստեփանակերտի փողոցների ցանկին, ապա կտեսնենք, որ դրանցից շատերը,  տարբեր հանգամանքներով պայմանավորված, անվանափոխվել են։ Փողոցներ էլ կան, որոնք ՙծնված օրից՚ նույն անունն ունեն։ Այդպիսիներից է Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի փողոցը։

Ծանոթանանք նրա պատմությանն ու խնդիրներին։ Վերջերս այս փողոցում բարեկարգման-շինարարական աշխատանքներ են ընթանում։ Տեսքի են գալիս հին ու խարխուլ տները։ Փողոցը  նոր գույն է ստանում։ Ինչպես միշտ՝ նորը միանշանակ չի ընդունվում, կա կարծիքների բախում, կան նորովի լուծման տարբերակներ, նոր մոտեցումներ ու առաջարկներ։ Թումանյան փողոցի  վերանորոգման-վերականգնողական աշխատանքները մեկնարկեցին բարեգործական հիմունքներով, այս պահին  դրանք ժամանակավորապես  դադարեցված են՝ կապված նախագծային աշխատանքների վերաճշտման հետ։ Նախագծի  էսքիզային տարբերակը քննարկվելու է նաև Ստեփանակերտի քաղաքապետարանին  կից գործող քաղաքաշինական  և ճարտարապետական  խորհրդում, որի համաձայնությունն  ստանալուց հետո կվերսկսվի վերանորոգման գործընթացը։ 

Շփվելով Թումանյան  փողոցի բնակիչների հետ, գալիս ես այն համոզման, որ անհնար է սպառել թեման, մանավանդ մեկ հոդվածի շրջանակում։ Թումանյան փողոցի թիվ 1 տան առաջին հարկում ճարտարապետ Սերգեյ Գալստյանի  գրասենյակն է, վերևի հարկում՝ բնակելի տունը։ Այն կառուցել է զրուցակցիս պապը՝ Ջալալ Գալստյանը, 1945թ.։ Սերգեյը, չնայած երիտասարդ տարիքին (ծնվել է 1981թ.), լավ գիտի հարազատ փողոցի պատմությունը։ Ստեղծման նախնական փուլում այն կոչվում էր ՙՍովպրոսպեկտ՚: Քաղաքի հին ու կենտրոնական փողոցներից է։ Փողոցը ձևավորվել է ռուսական զորամասի ՙպատվին՚։ Այսօր էլ փողոցի երկայնքով մեկընդմեջ փայտաշեն տներ կան ու` երեսպատված։ 1800-ական թվականներից էլ տներ կան, փողոցի թիվ 4 տունն էլ այդ շարքից է. այդտեղ է ապրել քաղաքի առաջին լուսանկարիչը՝ Արմենակ Դադայանը։ Փողոցի հայտնի բնակիչներից են Բաբուրովները, Օգանովները...: Սերգեյի պապիկը՝ Ջալալը, սպորտկոմիտեի նախագահ է եղել, նաև` ՙՄեխզավոդի՚ տնօրենը։

Փողոցի երկայնքով հասարակական նշանակության հայտնի օբյեկտներ շատ կային։ Սերգեյի հուշերում դեռևս  թարմ են ՙԱռուստամի  գինետուն՚-ը, ՙՄայակ՚-ը։ Փողոցը հիմնականում  կառուցված է սրբատաշ քարերից, որը բերվել է Շուշիից՝ 20-ականների կոտորածից հետո: Այդ քարերը սայլերով  տեղափոխել են ավերված Բերդաքաղաքից։ Փողոցի պատմությունը  Սերգեյը պապից  ու հորից է լսել, հիշում է նաև, որ տատիկի՝ Մարիա Ասծատուրովայի  հետ քայլել է այն խանութի կողմը, որտեղ պատերազմի և աշխատանքի վետերանների համար հազվագյուտ ապրանքներ էին վաճառվում։ Լավ հիշում է. ամեն տան առջև մեծ տափակ քարից մի նստարան էր դրված։ Տատը կանգնում, բոլորի հետ զրույց էր անում, ամեն անգամ Սերգեյը քաշում էր տատի փեշից, բայց տատն անդրդվելի էր, բոլորի հետ խոսելիք ուներ։ 

Դառնալով փողոցի ճարտարապետությանը` Սերգեյը  նկատում է. սովորական հայկական  ճարտարապետություն է, գավառական-գյուղական ոճով, կառուցված  տեղական նյութերով՝ քար, փայտ, թիթեղ, կղմինդր, տեղական աղյուս։ Փողոցն ինքը  հատուկ ճարտարապետական լուծումներով աչքի չի ընկնում, բայց որպես  հնություն, որպես քաղաքի մասին պատմող առաջին կառույցներ ունեցող, անփոխարինելի է։ Ըստ մեր զրուցակցի`  եթե այն այսօր որպես հնություն մի առանձին նշանակություն չունի, մի 50-100 տարի հետո արդեն  բացառիկ  արժեք է լինելու։ Մեր այն հարցին,  թե կապրե՞ն, կդիմանա՞ն այդքան, զրուցակցիս պատասխանը միանշանակ էր. կապրեն, իսկ դրա համար պետական մոտեցում է պետք։ Ներկայումս ընթացող բարենորոգումները բարեգործություն է. ՙՖլորենս գարդեն՚ ռեստորանի տերերը փորձել են  իրենց  հիմնարկի համար միջավայր ստեղծել։  Նրանք  բարի գործ են նախաձեռնել, բայց կա մոտեցումների խնդիր։ Մեկի համար այդ ճչան գույներն ընդունելի են (կասեն` տրամադրություն է ստեղծում), մյուսի համար` ոչ։ Ամբողջ Շվեյցարիան բազմագույն է, սակայն այնտեղ կա հարմոնիա, մեկ ուրիշի համար էլ այն դիտվում է որպես անճաշակություն։ Ճարտարապետի կարծիքով` նախագծային, տեխնիկական պայմանները պետությունը  պիտի իր ձեռքը վերցնի։  Առավել ևս այն դեպքում, երբ Թումանյան  փողոցի  վրա կան տուն-հուշարձաններ` դրանք Թումանյան 59 և 63 տներն են։ Փողոցի շուրջ աղմուկը վերջերս մեծացել է: Ի դեպ,  փողոցի բնակիչներն են ինքնագլուխ  ծավալային փոփոխություններ կատարում։ Մեդալի մյուս կողմն էլ կա. այդ մարդուն չես կարող մեղադրել, նա իր համար պայմաններ է ստեղծում (մինչև ե՞րբ նա կարող է օգտվել բակի սանհանգույցից, ընտանիքը մեծանում է, ննջարանի պակաս կա և այլն)։ Կա երկու տարբերակ՝ կա՜մ պետությունը պետք է կառուցապատի, կա՜մ աջակցի կառուցապատմանը։ Առկա է նաև սեյսմիկ անվտանգության  խնդիր։

Բացված քարերը, որոնք աչք են շոյում, ավանդական հայկական են, դրանով նաև նյութն է խնայվում։ Ազգայինի պահպանումը  բոլորիս համար նպատակ պիտի դառնա, այլապես վաղն ի ցույց դնելու, սերունդներին կտակելու ոչինչ չենք ունենա։ 

30-ական  թվականներին Ստեփանակերտն  արդեն գլխավոր պլան է ունեցել։

Իմ հարցին, թե` ինչպիսի՞ն կուզենար տեսնել իրենց փողոցը վաղը, ճարտարապետ Գալստյանն անկեղծանում է.

-Կանաչապատ...: Սիրտս  ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես են անխնա ծառահատումներ կատարում։ Սանիտարական հատման անվան տակ ոչնչացնում են դարավոր ծառերը. լորենիները Ստեփանակերտին դիմագիծ են հաղորդում, տասնամյակներ շարունակ այդ ծառերը մեր կյանքից անբաժան են եղել, ո՞ւմ են  խանգարում, չես հասկանում, աշխարհում քանի՞ քաղաք է հայտնի իր լորենիներով: Ծառահատումներն այլ խնդիրներ էլ են առաջացնում: Այն քամուց փողոցը պաշտպանող շերտ է, էլ չենք խոսում օդի մաքրության, ստվերի մասին: 

Զրուցակիցս կարծիք հայտնեց նաև բարեկարգումների վերաբերյալ։

-Գույնը միջավայրի հետ չի բռնում, սակայն այդ գույները փողոցին նոր շունչ են հաղորդել և ազդակ հանդիսացել, որ որոշ պաշտոնյաներ արթնանան։ Ճիշտ չէ, երբ գործն արդեն ավարտված է և գալիս ու ասում են`սա լավ չէ, նա լավ չէ: Որքան գիտեմ` փողոցի բարեկարգման նոր նախագիծ է պատվիրվել։ Ասում են` ուզում են փողոցը լայնացնել, հավանաբար կանաչապատման և հետիոտնի հաշվին։ Բնակիչներն էլ պիտի  զգոն լինեն,  անճաշակությունը շատ է, հաճախ տեսքին չեն  հետևում: Ամենաթողությունն է բերել դրան, հին  ՙխլամներից՚ չեն ուզում ազատվել։ Կենտրոնական  փողոց է, բոլորն էլ  ուզում են կցակառույցներ ավելացնել, և դրանից տուժում է ճարտարապետությունը։ 

Հաջորդ զրուցակիցս ՙՆարինե Ոսկանյան՚ ՍՊ ընկերության աշխատակից Լարիսա Հայրապետյանն է: 1957թ. աչքը բացել է Թումանյան փողոցում (թիվ 27 բնակարան),  մանկությունն  ու պատանեկությունը  այդ  փողոցում  են  անցել։ 

Հեռավոր օրերի հուշերը թրթռում են նրա շուրթերին, ու անցած օրերի կարոտից տամկանում են նրա աչքերը։ Եվ ինչպես ինքն է վկայում` ամեն անգամ մի առիթ, մի պատրվակ է որոնում, որ գնա ու զբոսնի փողոցի երկայնքով, հաճախ էլ թոռներին է հետը տանում, ցույց տալու իրենց հին տունը, որտեղ իր մանկութ օրերի  հեքիաթն  է հյուսվել։ Նրա հիշողություններում դեռ թարմ են կոշիկի անուն հանած խանութը, որ քաղաքում լավագույնն էր, իսկ իրենց բնակարանը խանութի ՙգլխին էր՚: Հարևանությամբ  Օսիպովներն էին բնակվում: 

Տիկին Լարիսան անկեղծանում է` երջանիկ մանկության հիշողությունները մարդուն ուղեկցում են ողջ կյանք։ Հատկապես երբ ձյուն էր գալիս, շատ էին ուրախանում. Թումանյան փողոցի սկզբնակետից՝ զինվորական ՙգարադոկ՚-ից Ղարմետաքսկոմբինատ, ինքնաշեն սահնակներով  սղում էին։ Այն ժամանակ Ստեփանակերտում այսքան ավտոմեքենաներ չկային, մանավանդ երեկոյան ժամերին փողոցի տերն ու տնօրենը թաղի երեխաներն էին։ Լ. Հայրապետյանի ընկալմամբ` իրենց թաղը Ստեփանակերտի  կենտրոնն էր, կային Լենինի փողոցը, հրապարակը, փոքրիկ պուրակ, դատարանի շենքը, ներկայիս  Ազատամարտիկների (այն ժամանակ` Կիրովի) փողոցը, ՙՆաիրի՚ հանրախանութի շենքի տեղը ֆիննական տներ էին, որտեղ զինվորականներ էին ապրում, բայց իրենց փողոցն ուրիշ էր: 

Մշակույթի և երիտասարդության  պալատի տեղը սեփական տներ էին, քիչ ներքև ՙԴվացատին՚ էր, դիմացը` գինեգործարանը, հարակից ռուսական զինմասը,  ներկայիս ՙՕլիմպի՚ տեղը ցածրահարկ սեփական տներ էին։ Իրենց փողոցի վրա էին գտնվում Շինանյութերի կոմբինատը, Ղարմետաքսկոմբինատը, կաթի և մսի կոմբինատները։ Ներկայումս դրանցից միայն կաթի արտադրությունն է գործում` ցավով նշում է զրուցակիցս ու ավելացնում. ՙՓողոցում բոլորն իրար ճանաչում էին, ջերմ ու անմիջական մթնոլորտ էր, կիսում էին կողքինի ուրախությունն ու վիշտը, հիմա ստեփանակերտցին էլ կամա~ց-կամաց փոխվում է, շատերն արդեն կողքի մուտքում չգիտեն ով է բնակվում, կա որ նույնիսկ նույն մուտքում են ապրում ու ամիսներով իրար երես չեն տեսնում՚։ Այն ժամանակ ուրիշ էր, իրենց տան դիմացը կարկանդակի ու փքաբլիթի արտադրամաս էր (Գրիգորիի  հրուշակեղենի փոքրիկ արտադրամասը), առավոտյան թա~րմ-թարմ  բաժանում էին դպրոցներին, այսօր էլ այդ հոտը ռունգերում է: Կողքին ՙԿուլտմագ էր՚, գրենական  պիտույքների խանութ, իսկ նախկին ՙՄայակի՚ ներկայիս ՙՑենտրալ՚ ռեստորանի  տեղը ՙթիվ 8՚ ճաշարանն էր: Այնտեղ հիմնականում ճաշելու էին գալիս ռուսական զորամասի զինծառայողները։ Պատշգամբներից հետևում էին նրանց ներսուդուրս անելուն, զինվորական հագուկապի հանդեպ սերը նրանց է փոխանցվել ռուս սպաներից: Թաղում հայտնի էին Քամալյանները, Օգանովները, ժողովուրդն  ասում էր`Օգանովանց մահլեն, Օգանով Համոն ու Կևերքը հարգված մարդիկ էին ոչ միայն Թումանյան փողոցում, այլև ողջ քաղաքում։ Օգանովներից ներքև՝ քաղաքում նույնպես  հայտնի Սաքոյի տունն է, որն  այսօր էլ կանգուն է, բարեկարգ ու բարետես։

Հրաժեշտից առաջ Լ. Հայրապետյանը շնորհակալության խոսքեր հղեց բոլոր նրանց, ովքեր իրենց փողոցին նոր շուք են փորձում տալ, ձգտելով պահպանել հինը, փլման ենթակա պատերը ամրացնում են, ծեփում ու ներկում։ Այո, շատ են խոսում, որ փողոցի նոր ներկված պատերը  խաթարում են հին փողոցի կոլորիտը, սակայն տիկին Լարիսան հակադարձում է. իրենց հին փողոցը վերակենդանանում է, և դա նրան դուր է գալիս, ինչի համար էլ շատ ուրախ է և շնորհակալ: Նախկին ջրափոսերն այլևս չկան, ավերակները չկան, ինչու շնորհակալ չլինել: Լ. Հայրապետյանը ներկայում ապրում է Մաշտոցի փողոցում, բայց հուշերով ու սրտով ՙԹումանյան՚ փողոցի հետ է, այն հեքիաթային օրերի հետ, որոնք անդարձ, բայց ապրող ու ապրեցնող հուշ են դարձել։

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ