ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ ԱՌԻԹ

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ իրականացված ՙԱրցախի գյուղական համայնքներում երիտասարդների խնդիրների ուսումնասիրություն՚ հետազոտության ամփոփ վերլուծությունը վերջերս ներկայացվեց հանրությանը։


Հետազոտության մեջ ընդգրկվել է հանրապետության գյուղական 66 համայնք, որոնք ներառում են 88 բնակավայր։ Ըստ վարչական շրջանների ուսումնասիրվել են զբաղվածության, միգրացիայի, ամուսնության, ծնելիության, հողային ռեսուրսների և այլ խնդիրներ, որոնց վերլուծությունների տվյալների օգնությամբ հնարավոր եղավ վեր հանել գյուղական համայնքների ընդհանուր նկարագիրը, բնակիչներին հուզող օրախնդիր հարցերը։ Ծրագրի կազմակերպիչները տվել են մասնագիտական եզրակացություններ, հանդես եկել առաջարկություններով։ Ընտրված համայնքների բնակչության թիվը 31457 մարդ էր, որից 16020-ը` կանայք  (50,9%), իսկ 8259¬ը` 18-35 տարեկան երիտասարդներ (26,2%)։ Հետազոտությունները մեկ անգամ ևս փաստեցին, որ հանրապետության գյուղական համայնքների երիտասարդների բազմաբնույթ խնդիրներն ուղղակիորեն ազդում են ժողովրդագրական, մասնավորապես` ծնելիության, ամուսնության, միգրացիայի ցուցանիշների վրա։ Վերջին 5 տարիներին ծնելիության թիվն Արցախում շարունակաբար նվազում է, ինչը տեղիք է տալիս մտահոգության։ 8-9 ամիս ընթացած ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները պարզեցին, որ համայնքներում մշտական բնակչության թիվը գտնվում է նվազագույն սահմանային գծում։ Անդրադառնալով ժողովրդագրական խնդրին, մասնագետները փաստեցին, որ ամուսնալուծությունների տեսակարար կշիռը սկսած 2013թ.-ից նվազել, ապա աճել է և 2017թ.-ին ունեցել գրեթե նույն մակարդակը, ինչ 2013-ին, իսկ միջին տեսակարար կշիռը կազմել է 5,9%, ինչը ցածր է ինչպես ՀՀ-ում արձանագրված ցուցանիշից, այնպես էլ մի շարք Եվրոպական և ԱՊՀ երկրներից, որտեղ այդ ցուցանիշը տատանվում է 35-60 %-ի միջակայքում: Ամուսնացած և չամուսնացած երիտասարդների թվի վերլուծությունն ըստ տարիքային խմբերի ցույց է տվել, որ համայնքների 7717 երիտասարդներից ամուսնացած է 4810-ը կամ 58,9%-ը, իսկ մնացած 3174-ը կամ երտասարդների 41,1%-ը ամուսնացած չէ: Ամուսնացածների մեջ ընդամենը 15%-ն են կազմում 18-23 տարեկանները, 38%-ը` 24-29 տարեկաններն են և 47%-ը՝ 30-35 տարեկան անձինք: Չամուսնացած երիտասարդների մեջ 15% են կազմում 30-35 տարեկանները, դա բավականին բարձր ցուցանիշ է, իսկ 18-23 տարեկանների շրջանում 27,5%-ն է ամուսնացած, 24-29 տարեկանների՝ 63,1%-ը և 30-35 տարեկանների 81,9%-ը: Փաստորեն, 30-35 տարեկաններից յուրաքանչյուր հինգից մեկը ամուսնացած չէ:Հետազոտողները, վերլուծելով 18-35 տարեկան երիտասարդների չամուսնանալու հիմնական պատճառները, եկան այն եզրակացության, որ հիմնական գործոնը սոցիալականն է՝ պայմանավորված ցածր եկամտով, բնակարանային վատ պայմաններով և կայուն աշխատանքի բացակայությամբ, որոնք միասին կազմում են 84%: Ընդհանուր առմամբ՝ նշյալ գործոնները բոլոր վարչական շրջաններում առաջնային տեղերում էին, սակայն առավել բարձր է դրանց ազդեցությունն Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի և Շուշիի համար, համապատասխանաբար կազմելով՝ 96%, 83%, 90%, 86% և 83%: 

Ամփոփելով վերլուծությունը` մասնագետներն իրենց եզրակացություն-առաջարկություններում շեշտեցին, որ պետք է կարևորել համայնքներում մշտական բնակչության թվի ավելացման գործոնը, որովհետև այն գտնվում է նվազագույն սահմանային գծում, որը չի ապահովի նույնիսկ պարզ վերատարդրությունը: 2008-ի Մեծ հարսանիքի միջոցառումներից հետո ծնելիության ցուցանիշը շարունակաբար նվազում է և մոտենում 2008թ. և դրանից առաջ գրանցված ցուցանիշին: Սա նշանակում է, որ իրականացված միջոցառումը դանդաղորեն կորցնում է իր ազդեցությունը: Անհրաժեշտ է կիրառել ամուսնության և ծնելիության խթանման նոր գործիքներ, ինչը կկրճատի ամուսնալուծությունները:

Հետազոտողներն իրենց առաջարկություններում նշեցին, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար մինչև 35 տարեկան երիտասարդների շրջանում իրականացվող ծրագրերը պետք է կրեն նաև սոցիալական բնույթ` ուղղված երիտասարդներին մատչելի բնակարանով ապահովման և զբաղվածության՝ հատկապես ինքնազբաղվածության և ձեռնարկատիրության խթանմանը: Դրանց զուգահեռ անհրաժեշտ է հաշվի առնել նաև համայնքներում խոցելի ընտանիքների՝ միայն տարեցներից կազմված և բազմազավակ ընտանիքներին ուղղված ծրագրերի արդյունավետության բարձրացումը, որոնք մի կողմից կխթանեն երեք և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսությունների թվի ավելացումը, այսինքն` բնակչության աճը, մյուս կողմից` տարեցներին կապահովեն բարեկեցիկ և արժանավայել կյանքով։

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ