ԳՆԱՃՆ ԱՌԱՅԺՄ ՄԵՂՄ ՏԵՄՊԵՐ ՈՒՆԻ

Մայրաքաղաքում և հանրապետության տարբեր շրջաններում առաջին անհրաժեշտության  պարենային մթերքների գնային տատանումները շարունակում են մնալ   Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  (ՀԾՏՄԿ ՊՀ) ուշադրության կենտրոնում։


Ըստ տնտեսական մրցակցության բաժնի կողմից դեկտեմբերի առաջին կեսին իրականացրած ուսումնասիրությունների՝ հաշվետու ժամանակահատվածում առաջին անհրաժեշտության 43 ապրանքային շուկաներում առկա 80 ապրանքատեսակներից 9-ի գները նվազել են, 14-ինը` աճել, իսկ 59 անուն պարենամթերքի գինն  անփոփոխ է մնացել։ 

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ՀՀ ԿԲ-ն հայտարարել էր, որ գնաճը բավական ցածր է մնում և 12-ամսյա գնաճը նոյեմբերի դրությամբ կազմել է 1,8 տոկոս, ինչը վկայում է, որ եթե տարվա սկզբին գնաճի արագացման կանխատեսումներ կային, ապա հետագայում դրանք դադարել են՝ պայմանավորված գնաճի զարգացումներով։ Մեր հանրապետությունում տարբեր անհատ ձեռնարկատերերի պատկանող առևտրային օբյեկտներում, ըստ ՀԾՏՄԿ ՊՀ տվյալների`  միջին գների 0,18-0,40 տոկոս կազմող նվազում նկատվել է ՙՄակֆա՚ մակարոնի՝ ՙԲջնի կլասիկ՚ հանքային ջրի, ոսպի և շաքարավազի շուկաներում։ Մրգերից էժանացել է միայն խնձորը՝ 1,41 տոկոսով։ Գնային նվազում կա նաև ՙՊրեմիում՚ և ՙՌեգուլյար՚  բենզինի և դիզվառելիքի շուկաներում (համապատասխանաբար` 1,53, 1,59, և՝ 1,53 տոկոս)։ 

Նույն ժամանակահատվածում միջին գների 0,07 և 0,33 տոկոս կազմող աճ է արձանագրվել ՙՄակֆա՚ և ՙԲաղրամյան՚ տեսակի ալյուրի շուկաներում։ Թանկացում կա նաև հնդկաձավարի (0,15%),  սպիտակ երկարահատիկ բրնձի (0,12%), ՙԴոյարուշկա՚ կարագի (0,17%), ՙՌեդդի՚ բուսական յուղի  (0,55%), ՙՆազ՚ մարգարինի ( 0,07 %), ՙԱթենք՚ նրբերշիկի  (0,15%), թարմ և սառեցրած հավի մսի (0,04-0,06%) Վարունգի (1,98%), ՙԱհմադ՚ թեյի (0,09%) շուկաներում։   Մսամթերքից թանկացել է ոչխարի միսը՝ 2,23 %-ով։ Իսկ ահա հայրենական  ՙԱրցախ-կաթի՚ արտադրության կարագը թանկացել է 4,06-ով։

Վերջերս համառ լուրեր են պտտվում ալյուրի և հացի սպասվող  թանկացումների մասին։ Հիշեցնենք, որ նախորդ տասնօրյակում մայրաքաղաքում հացարտադրությամբ զբաղվող ընկերությունները 10 տոկոսով բարձրացրել էին հացի գինը՝ պատճառաբանելով, որ հացի արտադրության մեջ շահութաբերությունը շատ ցածր տոկոս է կազմում։ Նոր գնով հացը վաճառվել է ընդամենը երկու օր. ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը   խոստացել է ուսումնասիրել հացի արտադրության ոլորտն ու քննարկել ընկերությունների դժգոհությունները՝ համապատասխան որոշում ընդունելու համար։  ՀԾՏՄԿ ՊՀ հանրային կապերի բաժնից տեղեկացանք, որ պահի դրությամբ  Հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում՝ ստուգելու հացի գնի բարձրացման հիմնավորումները։ Իսկ մինչ այդ հաց արտադրող ընկերությունները պարտավորվել են այն առաքել նախկին գնով։

Ըստ շրջաններում իրականացված դիտարկումների՝ գնային ամենամեղմ վիճակն Ասկերանում Է։ Այնտեղ ուսումնասիրված 69 ապրանքատեսակներից 25-ի գները նվազել են, 12-ի գները` աճել։ Ընդ որում՝  պատկերը մայրաքաղաքի հետ գրեթե նույնն է։ Մարտունում 71 ապրանքատեսակներից 36-ի դեպքում գնաճ է արձանագրվել։ Այստեղ գնաճ կա թե՜ տեղական և թե՜ ներկրվող կաթնամթերքի որոշ տեսակների, բանջարեղենի, տեղական օղու և գինու երկու տեսակների դեպքում։ Մարտակերտում ուսումնասիրության առարկա է դարձել 72 ապրանքատեսակ, որոնցից 23-ի դեպքում գնանկում և 30-ի դեպքում  գնաճ է արձանագրվել։ 

Ըստ Հանձնաժողովի եզրակացության՝ մայրաքաղաքում և շրջաններում արձանագրված գնային տատանումները կապված են ապրանքների ձեռքբերման գների փոփոխության և մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտների կողմից իրականացվող գնային քաղաքականության հետ։ Գնաճ արձանագրված ապրանքային շուկաներում բացակայում են գերիշխող դիրքի չարաշահման` մասնավորապես, չհիմնավորված գների կիրառման հնարավոր դեպքերը։

Հավատանք պաշտոնական տվյալներին և արձանագրենք, որ գնաճն առայժմ մեղմ տեմպեր ունի, սակայն  առջեւում Ամանորն է, և գաղտնիք չէ, որ   տոնական օրերի խառնաշփոթն ու պարենամթերքի գերպահանջարկը միշտ անվերահսկելի գնաճով են ուղեկցվում։ Թերևս այս իրողությունը հաշվի առնելով՝ ՀԾՏՄԿ ՊՀ-ն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հանձնաժողովին դիմում են բողոքներով, համաձայն որոնց՝ որոշ տնտեսվարող սուբյեկտներ կամ անհատ ձեռնարկատերեր պայմանավորվում են առանձին ապրանքատեսակների համար տնտեսական պայմանների փոփոխություններով չհիմնավորված գներ սահմանելու և կիրառելու առումով։ Հանձնաժողովը հորդորել է զերծ մնալ այդպիսի համաձայնություններից՝ տեղեկացնելով, որ ապացույցների դեպքում մասնակիցների նկատմամբ կկիրառվի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոց: 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ