ՀԵՔԻԱԹԻՆ ԱՎԵԼՈՐԴ ՙՀԱՄԵՄՈՒՆՔՆԵՐ՚ ՊԵՏՔ ՉԵՆ

Ամանորն ու Սուրբ Ծնունդը մանկության և հեքիաթների հետ զուգորդվող տոներ են, որոնց մի առանձին ակնկալիքով ենք սպասում:


Չնայած այս պատրաստությունները բավական ժամանակ և եռանդ են խլում, այնուամենայնիվ, դրանք  մի ներքին, անբացատրելի ուրախ հոգեվիճակներ են ստեղծում ոչ միայն մանուկների, այլև մեծահասակների մոտ: Այս տոներն ամենաբարի ավանդույթներն ու սովորությունները վերհիշելու առիթ են տալիս: Հարազատներն ու ընկերները պարտավորված են զգում այցելել միմյանց, ուրախ ժամանակ անցկացնել, վերհիշել հաճելի իրադարձությունները: Հատկանշական է, որ պատրաստվելը ոչ պակաս հրճվանք է պատճառում, քան բուն տոները: Այդ իսկ պատճառով ցանկալի է դրանք սկսել մեկ ամիս առաջ` ուրախության զգացումն ինչքան հնարավոր է, երկար վայելելու համար: Նրանք, ովքեր սովորություն ունեն ամեն ինչ թողնել վերջին օրերին, սովորաբար, ուրախության և հեքիաթային տրամադրության փոխարեն, նյարդայնանում են, ավելորդ բողոքվում, տրտնջում: 

Ցավոք, վերջին ժամանակներս ՙտրամադրություն չկա՚-ն շատ է հոլովվում: Թախծի պատճառը տոնը չէ կամ մեր անիրականանալի սպասումները, այլ հին, բարի սովորություններին զուգահեռ անիմաստ բարքերին տեղ տալը: Մարդիկ, վարակվելով մասսայական իրարանցումներից, պարտավորված են զգում ճոխությամբ նշելու Ամանորը. վերջին դրամներն են ծախսում խանութի պետքական և անպետք  իրերը տուն տեղափոխելու համար: Այստեղ միայն շահում են առևտրականները: Իսկ շարքային քաղաքացին, տոներից հետո, ընկնում է ինքնամեղադրանքի գիրկը, այդպես էլ չսովորելով էականը տարբերել երկրորդականից: Կարծում եմ, պետք է հրաժարվել այն մտքից, թե, իբր, ինչպես դիմավորես Ամանորը, այնպես էլ կանցնի ողջ տարին: Եվ անգամ ամեն  տարի կրկնվող ՙֆիասկոն՚  այդպես էլ չի սթափեցնում մարդկանց: 

Նյութական ծախսերից բացի ամանորյա տոներն ուրախության ու հանգստի փոխարեն, հատկապես կանանց մոտ, գերհոգնածության ու սթրեսների պատճառ են դառնում: Հայ իրականության մեջ այս օրերին սովորություն է հյուրեր ընդունել, ու, որպես կանոն՝ տանտիկինն անընդհատ գտնվում է սեղան պատրաստելու խառնաշփոթի մեջ: Ու, ամենակարևորը, յուրաքանչյուրն իրեն պարտավորված է զգում  նոր ուտեստներով զարմացնել հյուրերին, համոզելով, որ դրանից ոչ մի տեղ չեն կարող համտեսել: Եվ եթե չի բավարարվում գովեստների արժանանալու փափագը, ապա որոշ կանայք ինքնահաստատման ու ինքնահարգանքի հետ լուրջ խնդիրներ են ունենում: Բացի այդ, շատակերության արդյունքում մարդիկ ոչ միայն  ստամոքսի գերբեռնվածություն են ձեռք  բերում, այլև հոգու դատարկություն: Հոգեբանական դիսկոմֆորտին  գումարվում են ընտանեկան  բյուջեի ճեղքվածքից առաջացած տագնապները, ֆիզիկական հոգնածությունը, որոնք կարող են մարդուն հասցնել դեպրեսիայի: 

Մի՞թե շատ ավելի տրամաբանական չէ զերծ մնալ անիմաստ  խառնաշփոթից, ժամանակն անցկացնել ավելի հետաքրքիր՝ առանց ավելորդությունների ու շքեղության, ֆիզիկապես և հոգեպես հանգստանալ: Իսկ ահա Սուրբծննդյան խորհուրդով, որպես քրիստոնյա, ավելի նպատակահարմար է մեր հնարավություններն ու սերը զոհաբերել` կարեկցելով ու օգնության ձեռք մեկնելով մեզ շրջապատողներին, սիրելիներին ու  կարիքավորներին: 

Տհաճ զգացմունքները հաղթահարելու համար, նախևառաջ, ամեն մեկը պետք է ինքն իրեն հարցնի. ինչո՞վ է պայմանավորված կոնկրետ իր թախիծը: Սա թույլ կտա համոզվել, որ դրա պատճառները շատ հաճախ չնչին են: Եթե չկան հիմնավոր պատճառներ, պետք է գիտակցել, որ ուրախությունը, երջանիկ պահերը մենք ենք ստեղծում, ու դրանց համար առիթներ, ցավոք, այնքան էլ շատ չեն լինում: 

 Եվ այսպես` ուրախության համար փորձենք ընդօրինակել երեխաներին: Նրանց ուրախության և հրճվանքի հիմնավոր պատճառներ կամ առիթներ պետք չեն: Տրամադրվելու համար բավական են միայն չնչին մանրուքներ. կոնֆետ, մանդարին, տորթ, խաղալիք, տոնածառ, լավ մուլտֆիլմ… Մանկության հեքիաթը վերադարձնելու համար կարելի է փոքրիկ առիթներ ստեղծել, չնչին նվերներ: Իսկ դրա համար պարտադիր չէ ունենալ մեծ հնարավորություններ կամ խոշոր գումար: Բավական է միայն հին ու հետաքրքիր ֆիլմերով խտասկավառակ, փոքրիկ հուշանվերներ, համակարգչային խաղեր, գրքեր և այլն: Կարելի է տոնական տրամադրություն ստեղծել  ոչ միայն տոն օրերին, այլ նախապես` մի քանի շաբաթ կամ օրեր առաջ: Պետք չէ ամեն ինչ թողնել վերջին օրվան: Այսկերպ նախ կազատվենք  ցեյտնոտից ու լարվածությունից, միաժամանակ տոնական ուրախությունը կերկարաձգենք: Նախապես զարդարելով բնակարանն ու աշխատասենյակը` կստեղծենք ուրախության լրացուցիչ աղբյուր: Հարազատների ու ընկերների համար նվերները նույնպես ցանկալի է գնել նախապես: Հարազատներից բացի, նվերներով ու փոքրիկ անակնկալներով ծանոթ ու անծանոթ կարիքավորներին, հարևան երեխաներին ուշադրության արժանացնելով` ներքին մեծ ուրախություն կապրենք, ինչը ոչ մի արտաքին հանգամանք չի կարող խլել մեզանից: Ուրիշներին պատճառած ուրախությունը ևս մեկ առիթ է վերադառնալու հեքիաթային ժամանակաշրջան` մանկություն, համոզված, որ գեղեցիկ հեքիաթն անիմաստ ՙհամեմունքների՚ կարիքն ու անհրաժեշտությունը չունի: 

 

Սոֆի ԲԱԲԱՅԱՆ

Հոգեբան