comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

altՄարդ որքան հեռանում է իր անցյալից, արմատներից, այնքան հաճախ ցանկություն է ունենում հետ նայել ու մի տեսակ նորովի իմաստավորել, արժևորել իր ապրած օրերը, անցած ճանապարհը։ Եվ որքան էլ տարեց լինես, քո հիշողության խորխորատներում վերակենդանանում են պահեր, որոնք  պատմում են անցյալի տխուր ու թախծոտ, ուրախ ու երջանիկ օրերի ու իրադարձությունների մասին։
 Այդպիսի իրադարձություններից  էր Արցախյան շարժումը, որը թևակոխել էր իր ամենավճռական փուլը։ Այլևս  նահանջելու տեղ չկար, թեև հայ ժողովուրդը քաջ  գիտեր, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ ԽՍՀՄ իշխանությունները, կոխկրտելով միջազգային իրավունքի նորմերը, համամարդկային բոլոր արժեքները և հենց իրենց՝ խորհրդային Սահմանադրության դրույթները, Արցախյան դեմոկրատական շարժմանը հակադրեցին բռնության և բիրտ ուժի քաղաքականությունը։ Հենց դրա վառ օրինակներ հանդիսացան Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի և այլ վայրերի 1988-1990 թթ. հայերի զանգվածային ջարդերը, որի հետևանքով Ադրբեջանից բռնագաղթի  ենթարկվեցին մոտ կես միլիոն հայեր՝ կորցնելով իրենց տունն ու ունեցվածքը։ Ավելին, Լեռնային Ղարաբաղում հատուկ դրություն հաստատվեց. 1988թ. սեպտեմբերի  21-ին Ստեփանակերտում պարետային ժամ սահմանվեց. արգելվեցին  ցույցերը, գործադուլները և հանրահավաքները։ 
Ադրբեջանի  ղեկավարությունը, համագործակցելով ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի հրամանատարության հետ, նրանց ակտիվ աջակցությամբ Ղարաբաղում հայ բնակչության նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացրեց։ Թեև նրանք պետք է հատուկ դրության տարածքում պահպանեին խաղաղությունն ու անդորրը, անկողմնակալ կերպով իրականացնեին ընդհանուր վերահսկողությունը, սկսեցին հետևողականորեն ավերել ու ոչնչացնել մարզի հայկական բնակավայրերը, բռնի տեղահանության ենթարկել նրա բնակիչներին, փորձելով փոխել ԼՂԻՄ-ի ժողովրդագրական և սոցիալ-քաղաքական իրավիճակը՝ ի նպաստ ադրբեջանցիների։ Նրանք (առաջին հերթին՝ ադրբեջանական  իշխանությունները) այնքան էին լկտիացել, որ լուծարեցին մարզի օրինական ինքնավար իշխանության կառույցները, հայկական բոլոր վարչական շրջանները։ 
Վերջերս Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովը Սանկտ Պետերբուրգում ՙպատվո՚ մեդալով պարգևատրել է ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Վորոխին... 
Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Վորոխը, այն դաժան տարիներին լինելով Ֆիզուլու շրջանի  զինվորական պարետը, ակնհայտորեն մասնակցել է Հադրութի շրջանի 14 հայկական գյուղերի բնակչության բռնատեղահանմանը։ Իսկ դա մի ռազմագործողություն էր, որին զոհ էին գնացել ծերեր, կանայք  և երեխաներ։ Եվս մի քանիսի  ճակատագիրն առայսօր մնում է անհայտ։ Ահա սա է ՙպատվո՚ մեդալի գինը, որ Ալեքսանդր Վորոխը ժամանակին վճարել է Ադրբեջանին։ (Տե՜ս  ՙԱզգ՚, 19 հոկտեմբեր,  2011թ.)։ Այսպիսով, պարետային ժամ սահմանվելուց հետո անօրինականությունը, կամայականությունը, զինվորական բռնապետությունը ճնշման գործոն դարձան հայ բնակչության համար։ 
Ահա այսպիսի իրադրության պայմաններում մի օր կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար,  արժանահիշատակ Հենրիխ Անդրեյի Պողոսյանն ինձ հրավիրում է իր մոտ (այն ժամանակ  ԼՂԻՄ  հուշարձանների պահպանության ընկերության գործադիր տնօրենն էի)։ Նա ասաց, որ Հատուկ դրության պարետը ցանկություն է հայտնել իրենց ուժերով վերանորոգման ենթարկել որևէ եկեղեցի։ Նպատակահարմար են գտել նրանց ցույց տալ Գանձասարի, Դադիվանքի, Երիցմանկանց և Ամարասի վանական համալիրները՝  վերանորոգվելիք եկեղեցու ընտրությունը թողնելով իրենց հայեցողությանը։ Այդ հարցի առթիվ ես բացասական կարծիք հայտնեցի։
Պարզաբանելով, որ նրանք ցանկանում են այդպիսի մի հայանպաստ գործողությամբ  շահել հայության համակրանքը, որպեսզի մեղմացվի նրա ցասումը և հարթեցվի հայերի և բանակի օրեցօր խորացող վիհը։ Թեև Հենրիխ Անդրեևիչը նույնպես համակարծիք էր ինձ հետ, բայց ասաց, որ չի խանգարում, եթե Լեռնային Ղարաբաղի Հատուկ դրության պարետն այցելեր այդ  համալիրները, իր աչքով տեսներ ու համոզվեր այն ծավալուն տեղեկանքում բերված փաստերում (էջ 35-40), որ ներկայացրել էինք ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյին, որի մի պատճենը գտնվում էր իր մոտ։ Պայմանավորվեցինք հաջորդ օրը կուսակցության  մարզկոմի շենքի մոտից պարեկի՝ գեներալ-լեյտենանտ Կոնովալովի հետ գնալ  օդանավակայան։ 
Աշնանային արևոտ օր էր։ Պարետի, նրա քաղաքական մասի  գծով տեղակալ  գնդապետի  և երկու այլ քաղաքացիական հագուստով անձանց հետ տեղավորվեցինք  ուղղաթիռի մեջ և Ստեփանակերտի օդանավակայանից ուղևորվեցինք դեպի  Գանձասարի վանքը։ Մեր առջև բացվել էր հիասքանչ, կախարդական մի տեսարան, որը  բոլորին գամել էր ուղղաթիռի պատուհաններին։ Հայրենի բնությունը հուրհրատում էր աշնանային գույների ցոլքերով։ Բարձունքից երևում էին Խոխանաբերդը, Կաչաղակաբերդը, Ծիրանաքարը, Նատրինի բերդը, Հակոբավանքը, Ռուզանի  բերդը, Հավապտուկ վանքը, Փենջանք քարը, Դարպասները և այլ նշանավոր  բերդեր ու եկեղեցիներ, որոնք պատկանում էին Խաչենի Հասան-Ջալալյան իշխանական տոհմին։ Իսկ դիմացից ադամանդի պես լուսարձակում էր Գանձասարը, որը նայողին  ապշեցնում էր իր անկրկնելի գեղեցկությամբ ու վեհությամբ։ Տեսարանն ավելի էր գրավում մարդկանց, երբ բարձրաբերձ, անտառապատ լեռնային կածաններով դեպի անդունդների թաքստոցներն էին աճապարում ուղղաթիռի դղրդոցից խրտնած քարայծերն ու եղնիկները։  
- Այո, այս հողի, այս անկրկնելի գեղեցկության համար արժե պայքարել,- առանց  հիացմունքը թաքցնելու, ինքնաբերաբար արտաբերեց գենարալ Կոնովալովը։ 
- Հենց դա է պատճառը, որ ադրբեջանցիները չեն ուզում իրենց պապենական հողերը զիջել եկվորներին,- բարձրաձայն ասաց գնդապետը։ 
Ես այլայլված շպրտեցի այս խոսքերը. 
- Երբ խոսում է պատմությունը, այն կեղծողները պետք է պապանձվեն։ 
- Դարձյալ անմիտ զրույց, դարձյալ կրքերի բորբոքում,- միջամտեց գեներալը՝ գնդապետին ուղղորդելով դեպի ուղղաթիռի պոչամասը,- հիմա էլ օդում ենք գտնվում, այդ ի՞նչ զրույցներ են, մարդ չի հասկանում, ինչպես վարվի...
Գեներալ Կոնովալովը ներողություն հայցող հայացքով նայեց ինձ։ Քիչ անց ես նրան հասկացրի, որ շուտով վայրէջք կկատարենք եկեղեցու բակում։ Իսկ  երբ վայրէջք էինք կատարել և գնում էինք դեպի տաճարը, գեներալն ինձ հորդորեց ուշադրություն չդարձնել գնդապետի  խոսքերին, սրտիս մոտիկ չընդունել նրա մտքերը։ 
Գանձասարի եկեղեցին մանրակրկիտ զննելուց հետո գեներալը հայտնեց, որ այդպիսի  տաճարի վերանորոգումն իրենց ուժերից վեր էր։ Այդտեղից ուղղություն վերցրինք դեպի հինավուրց Դադի վանքի վանական համալիր։
- Աստղաբաշխական գումարներ կպահանջվեն գոնե մի փոքրիկ մատուռ վերանորոգելու համար,- պարզաբանում է պարետն ու ավելացնում,- իսկ որտեղի՞ց գտնել այդ գումարը։ 
Վերադարձին գեներալին հիշեցրի, որ պիտի թեքվենք նաև դեպի Երիցմանկանց վանքը, որը գտնվում է դարձյալ Թարթառի հովտում։ Նա՝ հակադարձելով ինձ, ասաց, որ ժամանակը չի հերիքում, հիմա պիտի թռչենք Ամարաս, Ստեփանակերտում էլ ժամը 16.00-ին խորհրդակցություն է հրավիրված, ինքը պիտի ներկա լինի։ 
 
 
Ջամալ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ