ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի հանդիպումը շրջվարչակազմում և այլ կառույցներում, մասնավոր հատվածում աշխատող բերձորցի և հարևան Ներքին Սուսի, Քարեգահի, Աղավնոյի գյուղական համայնքների երիտասարդների հետ ուներ և՜ 2018-ին իրականացված աշխատանքներին, և՜ նոր տարում առկա ծրագրերին ծանոթանալու միտում: Նշվեց, որ երկրի շենացման համար կարևոր է երիտասարդության դերը. երիտասարդները պետք է լավագույնս շարունակեն ավագների գործը։

 Ի դեպ, 2018թ. հոկտեմբերի 16-ին ԱՀ Նախագահի հրամանագրով Ստեփան Սարգսյանը նշանակվեց Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար, և հանդիպումը երիտասարդության հետ այս ձևաչափով առաջին անգամ էր։ Նա ծնվել է Երևանում, 90-ական թվականներին ընտանիքով տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ ստացել է կրթություն, տնտեսագետի մասնագիտություն, աշխատել բանկային համակարգում։ Զուգահեռ աշխատել է ՙՀայրենասեր՚ հասարակական կազմակերպության հիմնադրմամբ։ Նույն կազմակերպության շնորհիվ իրականացրել է բարեգործական բազում ծրագրեր։ Միայն Քաշաթաղի շրջանում կազմակերպության ուժերով կառուցվել են 6 դպրոցի շենք, Իշխանաձորում՝ մարզադաշտ, ԱՀ կառավարության և շրջվարչակազմի հետ ու աջակցությամբ իրականացվել այլ բարեգործություններ։ 2016 թվականին կնոջ՝ Նելլի-Շուշի Մարտիրոսյանի և դստեր՝ Շուշիի հետ տեղափոխվել է հայրենիք և բնակություն հաստատել Բերձորում։ Ներկայացնելով առաջիկա անելիքները՝ Ստ. Սարգսյանը տեղեկացրեց, որ 2019-ի մայիսին վերջապես կավարտվի շրջանային բուժմիավորման շենքի կառուցումը, որն սկսվել է 2011-ին։ Բերձորում կբացվի գյուղատնտեսական քոլեջ, որտեղ կրթություն կստանան նաև Սյունիքից ու Արցախի շրջաններից եկած երիտասարդները։ 2019-ին վերջնական լուծում կստանա նաև Բերձորի խմելու ջրի խնդիրը. կա պայմանավորվածություն ԱՀ քաղաքաշինության նախարարության հետ։ Նշվեց՝ Բերձորում և, ընդհանրապես` ողջ շրջանում, հրատապ է բնակարանային խնդիրը։ Այս առումով տեղեկացվեց. շուտով կավարտվի Բերձորի թիվ 2 միջնակարգ դպրոցի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքի հիմնանորոգումը։ Կա ծրագիր ավարտին հասցնելու մեկ այլ բազմաբնակարանոցի շինարարությունը։ 

Ներկա երիտասարդներն իրենց հուզող հարցերով դիմեցին շրջվարչակազմի ղեկավարին։ Առաջին հարցը վերաբերում էր երիտասարդության ժամանցի խնդիրներին։ Կարևորվեց երիտասարդական կենտրոն ունենալու հարցը։ Ստ. Սարգսյանը տեղեկացրեց, որ ՙՀայրենասեր՚ ՀԿ-ի բարեգործությամբ ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի շրջանային բաժնի համար նոր շենք է կառուցվում։ Իսկ ներկայիս շենքը կհիմնանորոգվի և կհատկացվի Բերձորի մարզադպրոցին, որտեղ կարելի է ժամանցային ծրագրեր իրականացնել: Անհրաժեշտության դեպքում երիտասարդությանը կտրամադրվի շրջվարչակազմի հանդիսությունների դահլիճը։
Անդրադառնալով բնակարանաշինության խնդրին, Ստ. Սարգսյանը նշեց, որ բազմազավակ ընտանիքների համար տուն է կառուցվում կառավարության հատկացումներով, հիփոթեքային վարկերից կարելի է օգտվել, անցյալում հատկացվել է շինանյութ։ Հույս հայտնվեց, որ շատերն իրենց միջոցներով կսկսեն տուն կառուցել, և շրջվարչակազմի կողմից կլինի աջակցություն։ Հաջորդ հարցը Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջն. դպրոց տանող ճանապարհի բարեկարգումն էր։ Ստ. Սարգսյանը տեղեկացրեց՝ ծրագրված է ճանապարհի թեք հատվածը պատել խորանարդաձև քարերով։ Նշեց նաև՝ ԱՀ քաղաքաշինության նախարարության հետ կա պայմանավորվածություն, որ 2019-ին փոխվի դպրոցի շենքի տանիքը, կարգավորվի սանհանգույցը։ Բերձորի պետական մանկապարտեզի տնօրեն Իննա Բաբայանի հարցը քաղաքում վճարովի ավտոբուսի վերաբերյալ էր։ Հարց բարձրացվեց նաև Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ երթուղու առնչությամբ։ Ստ. Սարգսյանը նշեց, որ նախատեսված է Բերձոր բերել նոր ավտոբուս, որը կաշխատի օրը մի քանի երթևեկով ու կհասնի մինչև Ներքին Սուս գյուղ։ Կարևորվեց շրջանային բուժմիավորումը մասնագետ-բժիշկներով համալրելու հարցը։ Շրջվարչակազմի ղեկավարը նշեց, որ մասնագետների խնդիր այլ բնագավառներում նույնպես կա։ Այնուամենայնիվ, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են. 2019-ից կբարձրանա բժիշկների աշխատավարձը։ Հընթացս հնչեցին այլ հարցեր, վեր հանվեցին տարաբնույթ խնդիրներ։ Եզրափակելով հանդիպումը՝ Ստ. Սարգսյանը հավաստիացրեց, որ միշտ պատրաստ է նման հանդիպումների, ինչը կնպաստի առկա խնդիրների ընթացքավորմանը:


Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր