Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ՝ ՇՈՇԱՓԵԼԻ, ԱՆԵԼԻՔՆԵՐԸ՝ ՇԱՏ

2018-ն ամփոփում է Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարը

ՙՇրջանի ցանկացած ոլորտի զարգացման նախապայմանը ենթակառուցվածքներն են, ավելի շուտ` դրանց զարգացումը։ Իմ պաշտոնավարման ամիսներին հիմնական շեշտը դրել եմ հենց ենթակառուցվածքների զարգացման վրա՚,-ամփոփելով 2018 թվականը՝ նշեց ԱՀ Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը։

Խոսելով պաշտոնավարման վեց ամիսների ընթացքում կատարված աշխատանքներից՝ մեր զրուցակիցը նախ առանձնացրեց ենթակառուցվածքների ոլորտում կատարածը. կառուցվել է 110.000 վոլտանոց ենթակայան, ինչը թույլ է տալիս ունենալ կայուն, առանց տատանումների էներգամատակարարում։ Ծայրամասային գյուղերում այդ հանգամանքն իրեն ավելի շատ էր զգացնել տալիս, հիմա այդ պրոբլեմը լուծվել է։ Վերանորոգվել են մոտ 90 կմ միջհամայնքային ճանապարհներ, դրանք վերանորոգելիս նաև բնակիչների հոգսը թեթևացնելու համար հնարավորության սահմաններում բացվել են անտառային և դեպի արոտավայրեր տանող որոշ ճանապարհներ։ Հաջորդ բարեփոխումը վերաբերում է Քարվաճառ քաղաքի ջրագծերին։ Վերանորոգվել են քաղաքը ջրով ապահովող խողովակները։ Քանի որ ջրամատակարարումն անընդհատ սպասարկում է պահանջում, 2019 թվականի հունվարի 1-ից այս ոլորտի սպասարկումը նախատեսվում է հանձնել ՙՄիջնաբերդշին՚ ՓԲԸ-ին։ Գարնանը կնորոգվեն նաև ճանապարհները հատող խողովակները, որպեսզի ջուրը փողոցներ չլցվի: Կգործի երկու ջրագիծ, որոնցից մեկը` ոռոգման համար։ Ինչպես ամենուր, Քարվաճառի բնակիչները ևս պետք է վճարեն ջրի սպասարկման, աղբահանության համար և պահանջեն պատշաճ սպասարկում։
Խոսելով կատարված այլ աշխատանքներից, Գ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ 2018-ին կոսմետիկ վերանորոգվել է Զուար համայնքի դպրոցը, վերանորոգվում են Դադիվանքի համայնքապետարանի, Ակնաբերդի մանկապարտեզի տանիքները, ֆինանսական միջոցների առկայության դեպքում կվերանորոգվի նաև մանկապարտեզի շենքն ամբողջությամբ։
Տեղադրվել է Նոր Կարաչինար համայնքի դպրոցի ջեռուցման համակարգը. դպրոցը վերանորոգվել է բարերարների կողմից։ Կարգավորվել է նաև Եղեգնուտի դպրոցի ջեռուցման համակարգը, որը սխալ տեղադրման պատճառով չէր աշխատում։
Փոխվել են Նոր Բրաջուր համայքնի դպրոցի հոսանքագծերը, Նոր Գետաշեն համայքնում կառուցվել է հետիոտնային կամուրջ։ Օրերս ավարտվել է Շահումյանի շրջանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի շենքի տանիքի վերանորոգումը, որն իրականացվում էր ՙԱրարատ՚ հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, աշխատանքները կատարել է ՙՄիջնաբերդշին՚ ՓԲԸ-ն: 2019-ին նախատեսվում է փուլ առ փուլ շարունակել Կենտրոնի շենքի վերանորոգումը։
ՙԱկնաբերդ համայնքում փոխվում են վերանորոգման կարիք ունեցող բոլոր տների տանիքները։ Ծրագրում ենք գյուղ առ գյուղ ավարտել տանիքների վերանորոգումը՚,-տեղեկացրեց Գագիկ Մարտիրոսյանը։ Շրջանում սկսվել է նաև համայնքների քարտեզագրման և տների ճշգրիտ չափագրման գործընթացը։ ՙԱյս պահին քարտեզագրվել են Ակնաբերդ, Չարեքտար համայնքներն ամբողջությամբ։ Ծրագիր կա համայնք առ համայնք քարտեզագրել ամբողջ շրջանը՚։
Խոսելով 2019 թվականի ծրագրերից՝ շրջվարչակազմի ղեկավարն իրազեկեց, որ շրջանում նախատեսվում է մեքենատրակտորային կայան կառուցել, քանի որ ՙԱրցախուղի՚ ՓԲԸ-ից մեքենաներ են տրամադրվելու ՙՄիջնաբերդշին՚ ՓԲԸ-ին։ ՙՕրերս ՀՅԴ ՙՍիմոն Զավարյան՚ կոմիտեի նվիրատվության շնորհիվ ձեռք ենք բերել կեղտամաքրման մեքենա, շրջանը վերամբարձ կռունկի կարիք ունի, դա էլ հույս ունենք բարերարների շնորհիվ ձեռք բերել, ուստի և կկարողանանք առկա խնդիրները տեղում մեր ուժերով լուծել՚։
Չարեքտար, Դադիվանք, Նոր Գետաշեն, Նոր Բրաջուր, Նոր Վերինշեն գյուղերում ջրագծերի նախագծման աշխատանքներն ավարտվել են, շինարարությունը նախատեսվում է ավարտել 2019 թվականին։ Ընթացքի մեջ է նաև Զուար գյուղի ջրամատակարարման ցանցի նախագծումը։
Նոր տարում շրջանում բնակարաններ կկառուցվեն բազմազավակ յոթ ընտանիքների համար։
Նաև համայնքների մոտ 60 կմ ներքին ճանապարհների սալապատման, համայնքներն ավերակներից մաքրելու ծրագրեր կան: Դրանց լուծումը, տեղեկացրեց Գ. Մարտիրոսյանը, շատ բանով պայմանավորված է ներդրումներով։

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
ք. Քարվաճառ