ՈՐ ԵՐԿԻՐՆ ԱՆԱՌԻԿ ԼԻՆԻ, ՍԱՀՄԱՆԸ՝ ԽԱՂԱՂ

Հարցազրույց ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ

- Պարոն Շահրամանյան, կարո՞ղ եք համառոտ ներկայացնել 2018-ը ԱՀ քաղաքաշինության նախարարության համար: Ի՞նչ կարևոր ձեռքբերումներ եք ունեցել ոլորտում: 

-2018 թվականն աշխատատար և արդյունավետ տարի էր: Հարկ է նշել, որ 2017թ. կատարված շինարարական աշխատանքների ծախսը 16.2 մլրդ էր, իսկ 2018թ. այդ ծախսը հասավ 19.9 մլրդ.-ի: Բնականաբար, կատարվել են լրացուցիչ մեծածավալ աշխատանքներ: Խոշոր ձեռքբերումներից կարող ենք նշել Ստեփանակերտի թիվ 9 դպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները, Ասկերանի շրջանի Ուղտասար և Քաշաթաղի շրջանի Հայկազյան գյուղերում դպրոցների շենքերի կառուցումը: Ավարտին են հասցվել Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի դպրոցի, մանկապարտեզի, համայնքային կենտրոնի և հանդիսությունների դահլիճի կառուցման և դրանց տարածքների բարեկարգման աշխատանքները: Մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել ՊԲ առաջնագծում: Սկսվել է Ստեփանակերտի նախկին ՙՕկտյաբր՚ կինոթատրոնի տեղում մարզամշակութային համալիրի կառուցումը, որը ֆինանսավորվում է ՙՏաշիր՚ կազմակերպությունների խմբի ղեկավարության կողմից:
- Այն, ինչպես և սպասվում էր, իրոք, շատ հագեցած էր: Իսկ ի՞նչ անելիքներ եք նախանշվել 2019 թվականին:
- Նախատեսվում են աշխատանքներ քաղաքաշինական բոլոր ոլորտներում. առանձնապես մեծ ծավալի ծրագրեր կան բնակարանաշինության ոլորտում. Ստեփանակերտում սկսելու ենք բնակելի երկու նոր թաղամասերի շինաշխատանքները: Բնակիչներն այդ նորակառույցներից բնակարանները հնարավորություն կունենան ձեռք բերել հիփոթեքային ծրագրերով:
2019թ. հսկայական աշխատանքներ են նախատեսվում Չճանաչված պետությունների ֆուտբոլի կոնֆեդերացիայի 2019 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն Արցախում կազմակերպելու համար: Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտակերտում և Մարտունիում ֆուտբոլի մարզադաշտերը վերակառուցվելու են առաջնության պահանջներին համապատասխան:
Դրան զուգահեռ շարունակվելու են աշխատանքներն Աստվածամոր Սուրբ Հովանու եկեղեցու տարածքի բարեկարգման, մոմատան և սանհանգույցների կառուցման ուղղությամբ: Օբյեկտում աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019 թ. գարնանը: Ապրիլի 7-ին տեղի կունենա բացման հանդիսավոր արարողություն: Հինգ և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններ կտրամադրվեն:
-Ինչպե՞ս դիմավորեցիք Ամանորը:
- Ամանորն, ինչպես միշտ, դիմավորել եմ ընտանիքի շրջապատում: Միջնեկ որդիս շարունակում է ծառայությունը ՊԲ շարքերում: Պահպանելով ավանդույթը և մեծարելով երկրի պաշտպանությանը ծառայող յուրաքանչյուր զինվորի ու սպայի` այս տարի նույնպես նախարարության կողմից սիրով նախապատրաստված նվերներով մեկնելու ենք ՊԲ զորամասեր՝ շնորհավորելու, բարի ու անվտանգ ծառայություն մաղթելու և զինծառայողների հետ տոնը նշելու համար:
Օգտվելով ընձեռված հնարավորությունից` ջերմորեն շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Նոր Տարվա և Սուրբծննդյան տոների առթիվ, մաղթում, որ 2019 թվականը լինի հաջողության և երջանկության տարի, որ մեր երկրի սահմանն անառիկ լինի, երկիրը խաղաղ, բոլոր օջախները շեն ու առատ լինեն:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ