comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐՑԱԽԻ ԹԵՄԸ 30 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ԵՎ ԿԱՌՈՒՑԵԼ Է 90 ԵԿԵՂԵՑԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԸ 30 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳԵԼ ԵՎ ԿԱՌՈՒՑԵԼ Է 90 ԵԿԵՂԵՑԻ

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցում ամփոփվեցին 2018թ. եկեղեցաշինական ծրագրերը, անդրադարձ եղավ 2019-ի անելիքներին։

 -Սրբազա՜ն Հայր, ավանդույթի համաձայն հին ու նոր տարվա ճամփաբաժնում անդրադառնում ենք իրականացված աշխատանքներին, ամփոփում, վերլուծում և նախանշում հետագա ծրագրերը։ Ինչպիսի՞նն էր 2018-ն Արցախի թեմի համար, և ի՞նչ է նախանշվում գալիք տարում։

-2018թ.-ին շարունակվել են եկեղեցաշինական գործերը. կառուցվել, վերանորոգվել ու օծվել է 6 (Իվանյանի, Լուսաձորի, Կարմիր գյուղի, Ճանկաթաղի, Ճարտարի, Բերդաձորի) եկեղեցի։ 2019-ին կօծվեն Դաշուշենի, Շոշի, Ամուտեղի, Սարուշենի, Կարմրակուճի, Մուշկապատի եկեղեցիները, ինչպես նաև ապրիլի 7-ին՝ Աստվածածնի ավետման տոնին, Ստեփանակերտի Մայր տաճարը։ Վերանորոգման մասով պետք է նշեմ, որ աշխատանքներ ենք սկսել Դադիվանքի տարածքի 5-րդ մատուռում (չորս մատուռ արդեն վերանորոգված է)։ Ընդհանրապես, համալիրի շուրջ իրականացվել է ծավալուն աշխատանք. վերականգնվել և կահավորվել է մատաղատունը, երկհարկանի երիցատունը, դամբարանը, փոխվել են գավթի, սյունասրահի տանիքները, ամբողջովին վերանորոգվել Ս. Աստվածածին եկեղեցին։ Շուտով կօծվեն նաև Դադիվանքի նոր պատրաստված խաչերը։ Վերանորոգման մեծ աշխատանքներ են տարվել նաև Գանձասարի վանական համալիրում. վերականգնվել է գավիթը, կատարվել են սալապատման աշխատանքներ ու հին բազալտե քարերը փոխարինվել կոպտատաշ քարերով, փոխվել են ամբողջ համալիրի պատուհանները, կատարվել ջրամեկուսացման աշխատանքներ, իսկ միաբանական շենքի սեղանատան վերանորոգման հետ կառուցվել է հացատուն։ Տարածքում կազմակերպվել է նաև ծառատունկ։ Բարեկարգման ծրագրեր են կյանքի կոչվել Շուշիի Ամենափրկիչ և Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիների տարածքում։ Դրանց զուգահեռ վերանորոգվել է բերդաքաղաքում տեղակայված Թեմի քահանաների գրասենյակը։ Շարունակվում է Մարտունու շրջանի Շեխեր գյուղի նորակառույց եկեղեցու շինարարությունը, ցավոք, Մարտակերտի շրջանի Հաթերք և Ծաղկաշեն գյուղերի եկեղեցիների վերակառուցման աշխատանքները ֆինանսական խնդիրների պատճառով ընդհատված են։ Դեռևս պիտի օծվի 10-12 եկեղեցի: Ընդհանուր առմամբ, վերջին 30 տարիների ընթացքում կառուցել և վերաօծել ենք 90 վանք, մատուռ ու եկեղեցի։ Այդ աշխատանքներին զուգահեռ այս տարի նախաձեռնել ենք հրատարակել մի շարք գրքեր՝ Արցախի թեմի վերաբացման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, որը կնշվի ընթացիկ տարում։ Արդեն 6 գիրք պատրաստ է հրատարակության, ընթացքավորվում են այլ հրատարակություններ։ Ընդհանուր առմամբ՝ 30 տարվա ընթացքում Թեմում հրատարակվել է 75 գիրք, ստեղծվել 6 գրադարան։ Այս տարի ավարտեցինք Մարտունու շրջկենտրոնի եկեղեցու դիմաց երկհարկանի երիցատան վերակառուցման աշխատանքները։ Այն կլինի նաև մանկապատանեկան կենտրոն, որտեղ մատաղ սերունդը կուսումնասիրի Աստվածաշունչ, շախմատ, ձեռք կբերի համակարգչային հմտություններ։ Երիցատանը տեղակայել ենք նաև գրադարան։ Մնում է ավարտին հասցնել տարածքի բարեկարգումը։ Թեմի աշխատանքները ծավալուն են, վերակառուցման և վերանորոգման շինհարթակը` մեծ։
-Արցախում բազմաթիվ են խոնարհված եկեղեցիները, դեռևս կան կարևորագույն համալիրներ, որոնք ենթակա են վերանորոգման։
-Խոնարհված, հին և կարևոր սրբավայրեր շա՛տ-շատ ունենք, և դրանք պահանջում են ֆինանսական ահռելի ներդրումներ։ Պիտի վերանորոգենք Հոռեկա վանքը, Երիցմանկունքը, Ղևոնդյանց վանքը, Եղիշե Առաքյալի եկեղեցին, պիտի ավարտին հասցնենք Գտչավանքի, Ամարասի ու Կաքավավանքի համալիրները։ Վերջերս տեղեկացանք, որ Ավստրալիայում դրամահավաք է կազմակերպվում Երիցմանկանց եկեղեցու վերանորոգման համար, հուսով ենք, որ այդ և մեր մյուս կարևոր սրբավայրերը կվերականգնվեն։ Մենք այս տարի սկսել ենք վերանորոգել Տող գյուղի գլխավոր եկեղեցին, որի օծումից հետո բարերարը նպատակ ունի գյուղի մյուս եկեղեցիները ևս վերականգնել։ Սխտորաշենի Տնջրի ծառից 200մ ներքև տեղակայված է 2100 տարվա եկեղեցի, և ԱՄՆ-ից մի արցախցի ստանձնել է գումար հայթայթելու գործը` այն վերանորոգելու համար։ Բոլոր այդ կարևորագույն համալիրները վերանորոգելու համար անհրաժեշտ է 7-8 մլն ԱՄՆ դոլար։ Դժվար է, բայց հուսանք, որ կգտնվեն բարերարներ, ովքեր կաջակցեն այս հարցում։ Այնուամենայնիվ, պատերազմական իրավիճակում ու մեր աղքատիկ պայմաններում վերանորոգված ու կառուցված եկեղեցիների առումով Արցախի թեմն աշխարհում առաջին տեղում է, որովհետև 30 տարվա ընթացքում Թեմը, կրկնում եմ, վերանորոգեց և կառուցեց 90 եկեղեցի։
-Իսկ համայնքների, ծխական խորհուրդների ստեղծման առումով ի՞նչ ծրագրեր են նախատեսվում։
-Այս մեկ տարվա մեջ փորձել ենք բավականին աշխուժանալ, և սկսեցինք սահմանամերձ 9 գյուղերում տանել քարոզչական աշխատանքներ։ Կատարվել են մկրտություններ, նախատեսվում են նույն վայրերում ստեղծել ծխական խորհուրդներ։ Նմանատիպ աշխատանքներ իրականացվել են նաև Մարտունու շրջանի գյուղերում։
-Գաղտնիք չէ, որ հոգևորականները սակավ են. այս տարի Թեմը համալրվե՞ց նոր սպասավորներով:
-Մայր Աթոռ Սբ Էջմիածնից նշանակվել են մեկ աբեղա և երկու քահանա: Շատ չեն մեր հոգևորականները և իրենց հնարավորության սահմաններում փորձում եմ հոգևոր խնամք տանել հանրապետության տարբեր շրջաններում։ Մենք ունենք 278 համայնք և շուրջ 20 քահանա, ու ամեն մեկը 3-4 վայրերում պատարագներ է մատուցում, ինչը բավականին դժվար աշխատանք է։ Հուսով ենք, որ աստիճանաբար հոգևորականների շարքերը կհամալրվեն, և Արցախի թեմի աշխատանքներն ավելի կազմակերպված, առավել արդյունավետ կդառնան։ Այսպես` Քաշաթաղի շրջանում պարբերաբար պատարագներ են մատուցում տարեց հոգևորական Հայր Աթանեսը, Շուշիում՝ Տեր Մեսրոպը, Տեր Անդրեասը, Ստեփանակերտում` Տեր Մինասը, Տեր Առաքելը, Հադրութում՝ Տեր Մաթևոսը, Մարտունիում՝ նորանշանակ Տեր Սերովբեն, Տեր Արամը, Ամարասում՝ Հայր Գեղարդը, Դադիվանքում՝ Տեր Հովհաննեսը, Մարտակերտում՝ Տեր Բարսեղը, Ասկերանում՝ Տեր Մեսրոպը, Տեր Ներսեսը և Գանձասարում փոխառաջնորդ Սահակ Վարդապետը։ Ցավոք, մեր ուժերը քիչ են, բայց պիտի ուժ գտնենք աշխուժացնելու երիտասարդական կազմակերպությունների հետ աշխատանքները։ Դա բավականին բարդ գործ է, բայց հնարավորության սահմաններում կփորձենք սատարել պետությանը և տարեցտարի կառուցվող մանկապատանեկան կենտրոններում հոգևոր դաստիարակություն և հայրենասիրություն սերմանել։
Մենք փոքր ազգ ենք, մի փոքր ընտանիք, սակայն մարտահրավերները` օվկիանոս, ու դրանց կարող ենք դիմագրավել Աստծո օգնությամբ և միաբան լինելով, ուստի պետք է սիրենք, օգնենք իրար ու մեր հույսը միշտ Աստծո ու մեզ վրա դնենք։


Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ