ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԱՎԵԼԻ ՄԱՏՉԵԼԻ, ԱՎԵԼԻ ՈՐԱԿՅԱԼ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 11-ին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը` մամուլի ասուլիսում ԶԼՄ¬ների ներկայացուցիչներին նախարարը տեղեկացրեց 2018թ. ընթացքում ոլորտում կատարված աշխատանքները, նախանշեց հետագա անելիքները։ 

 Գերատեսչությունն իր գործունեությունը 2018-ին իրականացրել է 19 բուժհիմնարկների միջոցով, որոնցից 7-ը շրջանային բուժմիավորումներ են։ Ա. Բաղրյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս տարվա հունվար ամսից վերակազմակերպման տարբերակով Հանրապետական բժշկական կենտրոնին (ՀԲԿ) է միացվել ուռուցքաբանական դիսպանսերը, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը՝ ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորմանը։ Այս բուժհաստատությունների միավորման ընթացքում հաստիքների կրճատում չի եղել, սակայն նախատեսվել է բարձրացնել բուժսպասարկման մատչելիությունն ու որակը, առկա ներուժի արդյունավետ օգտագործումը և նպատակային ֆինանսավորումը։ Ա. Բաղրյանի պարզաբանմամբ՝ ինֆեկցիոն հիվանդանոցը տարիներ շարունակ աշխատում էր թերակատարումներով, և ՀԲԿ¬ին միավորվելու պարագայում կլուծվեն ֆինանսական խնդիրները, սպասարկումն էլ կլինի ավելի մատչելի, կկարգավորվի 24-ժամյա հերթապահությունների հարցը ու արդեն հիվանդանոցի 3 բժշկի փոխարեն բուժօգնությանը կընդգրկվեն ՙԱրևիկ՚¬ի մյուս բուժաշխատողները։ Ընդհանուր առմամբ՝ համակարգում գործում են 5 տեղամասային հիվանդանոց, 20 գյուղական բժշկական ամբուլատորիա և 205 բուժակ¬մանկաբարձական կետ։ Բուժհիմնարկներոււմ աշխատում են 328 բժիշկ, 1370 բուժքույր, 924 ադմինիստրատիվ և այլ աշխատողներ։ Բուժհաստատությունների մահճակալային ֆոնդը 707 է։ ԱՀ առողջապահության ոլորտի 2018թ. կատարողականը կազմել է 5 952, 8մլն դրամ։ Բյուջեն կատարվել է 96,7%-ով։ 

2018-ին գերատեսչությունն ուշադրության կենտրոնում է պահել բնակչության առողջության առաջնային, մոր և մանկան առողջության պահպանման, ծննդօգնության մակարդակի, բուժսպասարկման որակի ու մատչելիության բարձրացման, բոլոր բուժհաստատություններն անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով համալրելու, դեղորայքի ու հարակից մի շարք այլ խնդիրները։ Դրանց զուգահեռ համակարգը համալրվել են բժշկական նոր կադրերով. և հանրապետության տարբեր բուժհիմնարկներում աշխատանքի է ընդունվել 19 բժիշկ։ Այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժիշկների ֆինանսական աջակցության ցուցաբերման ծրագրից անցած տարի օգտվել է 36 բժիշկ և համապատասխանաբար ստացել 36մլն դրամի ֆինանսական աջակցություն։ 2019-ին նախատեսվում է ֆինանսապես խրախուսել պետպատվերի շրջանակներում ուսումնառած երիտասարդ այն բժիշկներին, ովքեր կաշխատեն շրջանային բուժմիավորումներում։ Ոլորտի բոլոր բուժհաստատությունները նեղ մասնագետներով համալրելու նպատակով նախարարության միջնորդությամբ կլինիկական օրդինատուրա է ընդունվել 17 բժիշկ՝ հետդիպլոմային մասնագիտացում անցնելու համար։ Կլինիկական օրդինատուրան ավարտած 6 մասնագետ արդեն աշխատում է առողջապահության համակարգում։ Ինչ վերաբերում է բժիշկների մասնագիտական որակի շարունակական բարձրացմանը, ըստ Ա. Բաղրյանի, այն հետևողական աշխատանքների և տարբեր կառույցների հետ ունեցած համագործակցության արդյունք է. տեղի մասնագետները վերապատրաստվում են ՀՀ ու արտերկրի կլինիկաներում։ 2018-ին վերապատրաստվել է 50 բժիշկ, որոնցից 43-ը ՀՀ¬ում, իսկ 7-ը՝ արտերկրում (2-ը՝ Ֆրանսիայում, 5-ը՝ ՌԴ¬ում)։ Բացի դրանից, ԱՀ առողջապահության նախարարությունը ջանում է տեղում նույնպես կազմակերպել մասնագիտական զարգացման անհրաժեշտ սեմինար-դասընթացներ առաջնային օղակի բժիշկների և բուժքույրերի համար։

Նախարարության կողմից անցած տարի բժշկական ծառայություններ իրականացնելու համար տրվել է 19 լիցենիզիա։ Դրան զուգահեռ դիտարկումներ են իրականացվել հանրապետության լիցենզավորված ստոմատոլոգիական գործունեություն իրականացնող կլինիկաներում և կաբինետներում։ Ա. Բաղրյանը նշեց, որ ստոմկլինիկաների ավելի քան 90%¬ը մասնավոր են։ Դիտարկումների արդյունքում ի հայտ եկած թերությունները քննարկվել են նախարարությունում, և տնտեսվարող այդ սուբյեկտներին տրվել են հանձնարարականներ` դրանք սեղմ ժամկետում վերացնելու համար։ Բացի դրանից, մասնավոր կլինիկաների մասնագետները վերապատրաստման խնդիրներ ունեին, ուստի նախարարությունն իր հերթին փորձեց աջակցել և, համաձայն պայմանավորվածության, ընթացիկ տարում Երևանի Մ. Հերացու անվան պետական բԺշկական համալսարանի աջակցությամբ կկազմակերպվեն արտագնա վերապատրաստման դասընթացներ Արցախում գործող լիցենզավորված ստոմկաբինետների մասնագետների համար։
Որպես 2018թ. ոլորտի կարևոր ձեռքբերում նախարարն առանձնացրեց մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդրումը և նոր համակարգչային շերտագրիչի ներկրումը։ Փոփոխություն է կատարվել նաև հազվադեպ հիվանդություններով տառապող մինչև 18 տարեկան անձանց դրամական օգնության տրամադրման որոշման մեջ. գումարի չափը 50%¬ի փոխարեն դարձել է 100%, որը, սակայն, չպետք է գերազանցի 2 մլն դրամը։ 2018թ. հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19 հազ. 200 մարդ։ ԱՀ բուժհիմնարկներում արձանագրվել է 510 հազ. ամբուլատոր հաճախում, 2017թ.՝ 500 հազարի դիմաց։ Հիվանդությունների վաղ հայտնաբերման ուղղությամբ իրականացվել են մի շարք ծրագրեր և հետազոտություններ։ Ընդհանուր առմամբ՝ տարվա ընթացքում կատարվել է 295 209 լաբորատոր գործիքային հետազոտություն և 32 219 դժվարամատչելի հետազոտություն։ Այդ առումով աշխատանքներ են տարվել անգիոգրաֆիկ բուժծառայությունում նվազեցնել ստենտների գները և արդյունքում հնարավորություն է ընձեռվել դրանք ձեռք բերել սահմանված գնից 70 հազ. դրամով էժան։ Իսկ մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի հետազոտություններից ԱՀ քաղաքացիները, անկախ սոցիալական պատկանելիությունից, կօգտվեն համավճարի սկզբունքով՝ 50 %-ը քաղաքացու կողմից վճարովի և 50%-ը պետպատվեր հարաբերակցությամբ։ 2018թ. արդեն կատարվել է 79 հետազոտություն։
Տարվա ընթացքում ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ, խորհրդատվություններ և վիրահատություններ։ Որոշ միջամտություններ Արցախում իրականացվել են առաջին անգամ։ Դրանց շարքում նախարարն առանձնացրեց ԱՄՆ ՙAdbentist Health Glendale՚ բժշկական կենտրոնի 65 մասնագետների աննախադեպ այցը, որի շրջանակներում, բացի լայնածավալ հետազոտություններից և վիրահատական միջամտություններից, նրանք նվիրաբերել են շուրջ 300 հազ. ԱՄՆ դոլարի արժողությամբ բԺշկական պարագաներ և դեղորայք։ Ուռուցքաբանական դիսպանսերի նոր շենքը սարքավորումներով համալրելու առումով մեծ աջակցություն է ցուցաբերել ֆրանսիական ՙՀայ¬մեդ՚ բժշկական մարդասիրական ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ¬ռեանիմատոլոգ Ժան Միշել Էրքերյանը։ Տարվա ընթացքում պետբյուջեից փոխհատուցվել են որոշ հիվանդություններով տառապող հիվանդների բուժման, ուղեգրման և այլ ծախսեր, տրամադրվել անվճար դեղորայք:
2018-ին հանրապետության բուժհիմնարկներում ծնվել է 2187 նորածին, որից 1818-ը՝ Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, մյուսները՝ շրջանային բուժմիավորումներում։ 2018-ին նվազել են մահացության դեպքերը. գրանցվել է 1039 մահ, որից 71-ը հիվանդանոցային, մինչդեռ 2017-ին արձանագրվել էր 1150 մահ, որից 228-ը հիվանդանոցային։ Մահացությունների հիմնական պատճառը չարորակ նորագոյացություններն են և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները։ Վերին շնչուղիների և գրիպի համաճարակաբանական վիճակը հանրապետությունում հանգիստ է, կատարվում են ամենօրյա դիտարկումներ։ Այս և այլ հարցերին անդրադառնալուց հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին։
ԶԼՄ¬ների ներկայացուցիչներն անդրադարձան առանձին հետազոտությունների վճարներին, դրանք այս կամ այն կերպ նվազեցնելու խնդրին։ Նախարարը հավաստիացրեց, որ աշխատանքներ են տարվում անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու և ինչ¬որ տեղ վճարները նվազեցնելու համար։ Ընդհանուր առմամբ, լրագրողների հարցերը վերաբերում էին շրջանային բուժհիվանդանոցների շենքային պայմաններին, ոլորտը նեղ մասնագետներով համալրելու հարցին, անվճար դեղորայքի տրամադրման հասանելիությանը, վճարովի և անվճար ծառայությունների որակին, համաճարակաբանական վիճակի կայուն պահպանմանը, մասնավոր ստոմկլինիկաների աջակցությանը, այն դեպքում, երբ պետպատվերի շրջանակներում ամենամեծ չափաբաժինը ՙԴենտաքս¬դենտալ՚ կլինիկայինն է։ Շահառուներն իրենք պետք է որոշեն, թե որ կլինիկայում են ուզում ստանալ այդ ծառայությունը։՝ Նախարարը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ ևս տարվում են աշխատանքներ, և էլեկտրոնային համակարգի ներդրմամբ հնարավորություն կընձեռվի անհրաժեշտ գումարը փոխանցել այն ստոմծառայությանը, որին դիմում է հաճախորդը։ Այս և մի շարք այլ հարցեր ընթացքավորման փուլում են։ Բացի դրանից, լրագրողները փորձեցին ճշտել վերջերս սոցցանցերում տարածված այն տեղեկությունների մասին, ըստ որոնց` ամանորի տոներին ՀԲԿ¬ում բացակայել են հերթապահ բժիշկները և անհրաժեշտ բուժսպասարկում չեն մատուցել հիվանդներին։ Նախարարը հերքեց այդ տեղեկությունը և իրազեկեց, որ, ինչպես և նախատեսել էին, նախատոնական օրերին կազմվել էր հերթապահությունների ցուցակ և բոլոր բուժաշխատողներն էլ իրենց տեղերում էին։ Իսկ եթե նման խնդիրներ կամ բողոքներ ծագեն, քաղաքացիները կարող են անվճար զանգահարել 30-03 կարճ համարով։ Ամեն դեպքում Ա. Բաղրյանը հավաստիացրեց, որ 2019-ին շարունակելու են զարգացնել ոլորտը, միաժամանակ կապ հաստատելով զանգվածային լրատվամիջոցների և հասարակության հետ։

 

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ