Logo
Print this page

ՔԱՐԻՆ ՏԱԿԻ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Շուշիի շրջանի Քարին տակ գյուղն ունի շուրջ 700 բնակիչ, որոնց բուժսպասարկումն իրականացվում է նորակառույց համայնքային կենտրոնում հատկացված հարմարավետ բուժկետում։ Այստեղ արդեն 30 տարի է՝ վարիչի պարտականություններն է կատարում Վլադիմիր Առուստամյանը։ Օրերս գործընկերներով եղանք Քարին տակում, այցելեցինք բուժկետ, ծանոթացանք առկա պայմաններին և բուժաշխատողների գործելաոճին։

 Մեր զրուցակից Վ. Առուստամյանը ներկայացրեց բուժկետի աշխատանքային առօրյան և իրականացվող բուժսպասարկման ընդհանուր ընթացակարգը։ Բուժկետի աշխատակիցները հետևում են առաջին բուժօգնության բոլոր պահանջներին, ապահովված են դեղորայքով, ախտահանիչ նյութերով, անհրաժեշտ պարագաներով։ Արդեն 3-րդ տարին է, ինչ բուժկետը գործում է հարմարավետ պայմաններում` ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Մինչ այդ այն տեղակայված էր գյուղի կիսախարխուլ, հին շինություններից մեկում, որտեղ ջուր անգամ չկար և բուժքույրն աղբյուրից էր ջուր բերում։ Այժմ առկա են մշտական տաք և սառը ջուր, սանհանգույց և այլ պայմաններ, որոնք հնարավորություն են ընձեռում լիարժեք իրականացնել բուժսպասարկումը։ Համագյուղացի բարերար Արթուր Հովհաննիսյանն էլ իր հերթին բուժկետին է նվիրել առաջին բուժօգնության ժամանակակից պայուսակ, որն ավելի է հեշտացնում տնային հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելը։ 

Ընդհանուր առմամբ, համայնքի բնակիչների նկատմամբ սահմանված է բուժվերահսկողություն։ Աշխատանքային ժամերին վարիչն ու բուժքույրն ընդունում են ամբուլատոր հիվանդներին, ցուցաբերում առաջին բուժօգնությունը, հարկ եղած դեպքում իրականացնում տնային այցեր, իսկ բարդություններով հիվանդներին ուղեգրում Շուշիի շրջանային բուժմիավորում կամ էլ Հանրապետական բժշկական կենտրոն։ Վ. Առուստամյանը պարզաբանեց, որ բոլոր պատվաստումներն իրականացվում են համաձայն ժամանակացույցի։ Այդ նպատակով Շուշիի հակահամաճարակային հիգիենիկ շրջանային կայանի մասնագետները յուրաքանչյուր 45 օրը մեկ այցելում են գյուղ` իրենց հետ բերելով պատվաստանյութերը, և, ըստ տարիքի ու պատվաստումների իրականացման օրացույցի, կատարում ներարկումներ։ Մանկապարտեզում և դպրոցում պարբերաբար ստուգվում է սանիտարահիգիենիկ վիճակը: Ներկայիս սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրականացվում է ՙհամաճարակային ֆիլտր՚։
Քանի որ ձմեռային արձակուրդներից հետո գրիպանման երևույթներով վարակի տարածման միտում կար, բուժկետի վարիչն ու բուժքույրը ժամանակին իրականացրին անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ կանխելով վարակը։ Եթե հունվարի 10-ի դրությամբ հիվանդների թիվը տատանվում էր 20-ի շրջակայքում, ապա հունվարի 23-ի դրությամբ այն հասել է 4-ի։ Գրիպանման վարակները նահանջել են, կանխվել բարդությունները։ Շուշիի շրջանային բուժմիավորման գլխավոր բժիշկ Վիգեն Խաչատրյանն էլ իր հերթին տարին 4 անգամ բժիշկ-մասնագետների հետ միասին գյուղում կազմակերպում են ՙԲաց դռների օր՚, որի շրջանակներում իրականացնում են ընդունելություններ, խորհրդատվություններ, զննումներ։
Խոսելով հիվանդությունների ընդգրկվածության մասին, Վ. Առուստամյանը նշեց, որ առաջին հորիզոնականում են սիրտանոթային հիվանդությունները, իսկ վերջերս էլ գյուղում աճել է շաքարային դիաբետով հիվանդների թիվը։ Արձանագրված 19 հիվանդներից մեկը երեխա է։ Բոլորն էլ ստանում են համապատասխան բուժօգնություն և անհրաժեշտ դեղորայք` պետպատվերի շրջանակում։
Առանձին ուշադրությամբ և հետևողականորեն են կատարվում մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բուժսպասարկման ծրագրերը։ Բուժքույրը 4 անգամ պարտադիր այցելում է մինչև մեկ ամսական երեխաներին, իսկ մյուսները, ըստ ժամանակացույցի, ստուգվում են բուժկետում և ժամանակ առ ժամանակ շրջանային մանկաբույժների կողմից ստանում խորհրդատվություններ։
Քարին տակում պարբերաբար գրանցվում են ծնունդներ։ Վերջին տարիներին գյուղում արձանագրվել է 14-15 երեխայի ծնունդ։ Միայն 2019թ. հունվար ամսում ծնվել է 3 երեխա։ Բուժկետի վարիչը տեղեկացրեց, որ 30 տարվա իր աշխատանքային գործունեության ընթացքում գյուղում երեխայի մահ չի արձանագրվում է։ Բոլոր երեխաներն էլ հիմնականում առողջ են: Ընդհանուր առմամբ, վերջին 3-4 տարիների ընթացքում մանկական ոչ մի ինֆեկցիոն հիվանդություն չի գրանցվել։ Վերահսկողություն է իրականացվում նաև մեծահասակների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում հիվանդին համապատասխան բուժհաստատություն տեղափոխելու համար դիմում են Շուշիի շտապօգնության կայանին։ Ըստ Վ. Առուստամյանի, մշտապես կապի մեջ են ոլորտի մանկաբույժների, թերապևտների և մյուս բուժաշխատողների հետ։
Բուժկետի վարիչն ու բուժքույրը պարբերաբար մասնակցում են ԱՀ ԱՆ-ի կողմից կազմակերպվող սեմինար-դասընթացների, վերապատրաստման ծրագրերի։ Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են օրվա յուրաքանչյուր ժամի համագյուղացիներին ցուցաբերել առաջին բուժօգնություն, ճիշտ ախտորոշել և հարկ եղած դեպքում ուղղորդել համապատասխան բուժհաստատություն։

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.