comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ

Պատմական մի շարք աղբյուրներում հիշատակվում է, որ բնակչությունը տեղափոխվել է Պարսկաստանի Մղավիզ քաղաքից և հանդիսանում է շրջանի ամենահին բնակավայրերից մեկը, որը շուրջ 250 տարվա վաղեմություն ունի։ Այդտեղ են ծնվել գիտության ու արվեստի հայտնի գործիչներ, որոնց թվում նաև Ամենայն Հայոց կաթողիկոսներից մեկը՝ Գարեգին Հովսեփյանը...

 Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի սպա, համայնքի ղեկավար Աշոտ Դանիելյանի խոսքով` Մաղավուզը խորհրդային տարիներին հանրապետության հզոր համայնքներից մեկն էր. գյուղն ուներ 1500 բնակիչ, որից շուրջ 300-ն ապրում էր համայնքի վարչական տարածքի մեջ մտնող Ջրաբերդ բանավանում։ Այդտեղ գործում էր հզոր գինեգործարան, այլ ձեռնարկությունների մասնաճյուղեր։ Ջրաբերդում էր նաև գյուղի Ադմիրալ Իսակովի անվան խորհտնտեսության ղեկավարության նստավայրը և աշխույժ էր կյանքը, մարդիկ այդտեղ աշխատելու էին գալիս նաև հարևան Գյուլաթաղից (Վարդաձոր), Մարտակերտից և ուրիշ համայնքներից ու մշակում շուրջ 900 հա խաղողայգի։ Այժմ գրեթե երեք անգամ կրճատվել է բնակչության թիվը։ Ջրաբերդ բանավանում տնտեսական գործունեություն գրեթե չի ծավալվում, մասնավոր մի քանի անձինք են, որոնք զբաղվում են աշնանացան ու գարնանացան մշակաբույսերի վարուցանքսով։ 

Այնուամենայնիվ, տնտեսական բնույթի ի՞նչ նախաձեռնություններ կան, որոնք հնարավոր են կյանքի կոչել։
ՙՄտահղացումներ կան,-ասում է մեր զրուցակիցը,-անշուշտ, կուսումնասիրենք դրանք, ավագանու նիստում կքննարկենք հետագա անելիքները։ Օրինակ, մեզ մոտ կարելի է ստեղծել ջերմոցային տնտեսություն, որը և աշխատատեղեր կստեղծի և կբարելավի համայնքի բնակչության կյանքի որակը, ինչպես նաև կզարգացնի տեղական շուկան։
Սոցիալապես անապահով խավ ունենք, որոնց հոգսերը պետք է մեղմել:
Համայնքում 8 անապահով ընտանիք կա, 4-ն էլ` բազմանդամ։ Նրանք բոլորը համապատասխան օգնություն են ստանում սոցիալական ծառայության տարածքային գործակալությունից, օգնում են նաև համայնքի ղեկավարությունն ու բնակիչները։ Երեք բազմազավակ ընտանիքների համար բնակարաններ են կառուցվել, մեկինն էլ ընթացքի մեջ է։
Համայնքն ունի դպրոց, ակումբ, բուժկետ, հանդիսությունների սրահ։ Կրթօջախը ղեկավարում է հմուտ մանկավարժ Վաչագան Ավանեսյանը, աշակերտները մշտապես աջակցում են համայնքի մշակութային կյանքին։ Ի ուրախություն բոլորի` 2013 թվականից սկսած երեխաների աճի դինամիկան դրական է, ներկայում դպրոց է հաճախում 116 աշակերտ, որից 15-ը` հարևան Վարնկաթաղ համայնքից։ Ինչ վերաբերում է շենքային պայմաններին, վերանորոգվել է միայն դպրոցի մի թևը։ Վերանորոգվել է նաև համայնքային ակումբի տանիքը, ներքին հարդարման աշխատանքներ դեռևս չեն կատարվել, սակայն նման պայմաններն ակումբավարին չեն խանգարում հնարավորինս արդյունավետ կատարել իր պարտականությունները։
Ինչ վերաբերում է համայնքի հանդիսությունների սրահին, ապա այն վերանորոգման մեջ է:
Համայնքն իր ծանրակշիռ ավանդն ունի Արցախյան գոյամարտում. դեռևս 1988 թվականի վերջին Գրիշա Բադալյանի կազմավորած ինքնապաշտպանական խումբը հանձնարարություն էր ստացել պաշտպանել նորաստեղծ Քաջավան գյուղը և շուրջ 7 ամիս պաշտպանեց այն, տղերքն ուղղակի հերոսներ են և հպարտ ենք, որ համայնքից շատ տղաներ մասնակցեցին շրջանի ազատագրական մարտագործողություններին։ Այսօր մարդիկ դժվարությունների են հանդիպում տնտեսության մեջ, անձնական կյանքում: Բայց դա երբեք էլ հուսահատվելու առիթ չէ: Բոլորը ձգտում են հասնել ցանկալիին, որպեսզի մեր նվիրյալների թափած արյունը խաղաղ պայմաններում իմաստ ու արժեք ունենա...

 

Հենրիխ Մանուկյան
ք. Մարտակերտ
;