comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը հունվարի 30-ին լրագրողների հետ ունեցած մամլո ասուլիսում ներկայացրեց 2018թ. ոլորտի կատարած աշխատանքները և անդրադարձավ 2019թ. գերակա խնդիրներին և ծրագրերին:

 2018թ. նախարարությունը շարունակել է սոցիալական պաշտպանության և վերաբնակեցման ոլորտի պետական քաղաքականությունը՝ կարևորելով սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացման պայմանների ստեղծումը, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող անմրցունակ խմբերի համար առաջնահերթությունների սահմանումը, կենսաթոշակային և զբաղվածության համակարգերի կատարելագործումը, հաշմանդամների, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերը, վերաբնակեցման գործընթացի ակտիվացումը: Հաշվետու ժամանակաշրջանում ԱՀ սոցիալական պաշտպանության ճշտված բյուջեն կազմել է 21մլրդ 718,7մլն դրամ, կատարողականը` 20մլրդ 857մլն դրամ: Իրականացվել են 50-ից ավելի ծրագրեր:

Անդրադառնալով Ժողովրդագրության և վերաբնակեցման հարցերին, Ս. Ավանեսյանը նշեց, որ
2018թ. 2850 երեխայի ծննդյան կապակցությամբ հատկացվել է 831,7մլն դրամի միանվագ նպաստ: 2017-ի համեմատ (2558 երեխա) նպաստառուների թիվն աճել է 292-ով, իսկ ծախսերը՝ 76,9մլն դրամով: Շարունակվել են նաև ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաների անվամբ նպատակային ժամկետային ավանդների բացման գործընթացները, ինչպես նաև 5 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նոր բնակարանների կառուցման աշխատանքները (2019թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 350 ընտանիք): Երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության ծրագրով 2018թ. ամուսնության միանվագ նպաստ է ստացել 1587 անձ (2017թ.՝1878). ընդհանուր ծախսը կազմել է 238,05 մլն դրամ: Երեխաների խնամքի և պաշտպանության N1 և N2 գիշերօթիկ հաստատություններում 2018թ. գրանցվել են առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների 4 տասնյակից ավելի երեխաներ:
2018թ. Արցախում մշտական բնակություն է հաստատել 54 ընտանիք՝ 219 մարդ, որոնցից 114-ը՝ երեխաներ: Այդ ընտանիքներին տրամադրված ֆինանսական արտոնությունները կազմել են 21,6մլն դրամ: Ուսումնասիրվել են 10 տարի ԱՀ-ում մշտապես բնակված 180 վերաբնակ ընտանիքների գործեր, որոնցից 101-ին հատկացված տները սեփականաշնորհվել են:
Վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի շրջանակներում նշված կարգավիճակ ունեցող քաղաքացիներին բնակելի տների և բնակարանների վերանորոգման նպատակով տրամադրվել է 54,7մլն դրամի շինանյութ, իսկ սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակով՝ 1մլն 850 հազ. դրամ ընդհանուր արժեքով կահույք և կենցաղային սարքեր:
Աշխատանքի և զբաղվածության մասով նախարարն իրազեկեց, որ իրականացվել են հանդիպումներ 694 գործատուների հետ, ինչի արդյունքում նրանց կողմից ներկայացվել են 703 թափուր աշխատատեղ: Աշխատանքի է տեղավորվել 140 անձ: 2018թ. որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 1587 անձ, որոնցից 1518-ը (1222՝ կանայք) ստացել են գործազուրկի կարգավիճակ: Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման համար ԱՀ 13 համայնքներում իրականացվել է 13 ծրագիր՝ 68 գործազուրկների ընդգրկմամբ: Իրականացվել են նաև մասնագիտական ուսուցման այլ դասընթացներ:
Ինչ վերաբերում է կենսաթոշակային ապահովության բնագավառին, Ս. Ավանեսյանը հավաստիացրեց, որ շարունակվել են օրենսդրության կատարելագործման, քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի պատշաճ իրականացման, ՙԷլեկտրոնային կենսաթոշակ՚ համակարգի շահագործման աշխատանքները: 2018թ. կենսաթոշակ է նշանակվել 1447 հոգու, վերահաշվարկվել է 3226 կենսաթոշակային գործ: Աշխատանքային և սոցիալական կենսաթոշակ է ստանում 22005 անձ:
Աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կազմել է 42,9 դրամ, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը՝ 18,3 դրամ:
Հաշմանդամության հարցերը ներկայացնելով, նախարարը տեղեկացրեց, որ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 8813 հաշմանդամ (2018թ. հունվարի 1-ի դրությամբ` 8854), որոնցից 402-ը` հաշմանդամ երեխա: Նրանցից 2366-ը հաշմանդամ են դարձել ԱՀ պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում (26,8 %): Առաջին անգամ փորձաքննվել է 364 անձ, որոնցից հաշմամդամ են ճանաչվել 280-ը (76.9 %): Վերափորձաքննվել է 1035 անձ: Իրականացվել է 20 արտագնա փորձաքննություն: Հաշվետու ժամանակաշրջանում հաշմանդամների համար պատրաստվել, վերանորոգվել և  հատկացվել են պրոթեզներ, հենակներ, ձեռնափայտեր, թիկնասայլակներ, լսողական սարքեր:
Պետբյուջեի միջոցների հաշվին ԱՀ-ում բնակվող սոցիալական տարբեր խմբերի պատկանող 407 քաղաքացիներ ուղեգրվել են ՀՀ-ում գործող առողջարաններ: Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել են իրականացվել սոցիալական առանձին խմբերին հատկացվող դրամական և նյութական օժանդակությունները, հիշարժան օրերի կապակցությամբ տրամադրվող միանվագ դրամական օգնությունները:
2018թ. Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամի կողմից տրամադրվել են հիպոթեքային վարկավորմամբ բնակարաններ: Բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն ծրագրով հատկացվել է 743,4մլն դրամ, ԱՀ գյուղական կամ քաղաքային, բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցության ծրագրով՝ 218,4մլն դրամ, ԱՀ զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս և Տոնաշեն համայնքներում փաստացի բնակվող անձանց կողմից օգտագործած էլեկտրական էներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության ծրագրով՝ 118,3մլն դրամ:
Առանց ծնողական խնամքի մնացած 9 անձանց հատկացված բնակարանները կահավորվել են` յուրաքանչյուրը 2,5մլն դրամի չափով:
Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, ԱՀ պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև առկա խնդիրների բացահայտման նպատակով նախարարությունը կարևորում է ոլորտում պարբերաբար իրականացվող մոնիթորինգի և վերահսկողության գործընթացները:
Ըստ նախարարի՝ 2019թ. սոցիալական պաշտպանության և վերաբնակեցման ոլորտում պետության խնդիրը լինելու է շարունակել քաղաքացիների սոցիալական իրավունքի լիարժեք և ամբողջական իրացումը, իրականացվող ծրագրերի ու մատուցվող ծառայությունների որակի, արդյունավետության և հասցեականության բարձրացումը, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, բնակչության կայուն ու արդյունավետ զբաղվածության ապահովումը, արժանապատիվ աշխատանքի պայմանների ստեղծումը, վերաբնակեցման գործընթացի ակտիվացումը և ոլորտում սոցիալական երաշխիքների զարգացումն ու ընդլայնումը: Այդ նպատակով ոլորտում կշարունակվեն կենսաթոշակային, զբաղվածության, հաշմանդամության, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերի, վերաբնակեցման բնագավառներում բարեփոխումների, սոցիալական ծառայությունների ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները, նպատակային ծրագրերը և դրանց մոնիթորինգն ու գնահատումը:
2019թ. հունվարի 1-ից կփոփոխվի ծնելիության և բազմազավակության խթանման ծրագիրը, մասնավորապես կդադարեցվի ընտանիքներում ծնված երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում ժամկետային ավանդների բացման գործընթացը, կվերանայվեն պետական նպաստների չափերի, ինչպես նաև երեխային տրվող միանվագ նպաստի հաշվարկման կարգերը:
Վերաբնակեցման և միգրացիոն քաղաքականության բնագավառում նախատեսվում է պետական քաղաքականության նոր սկզբունքների մշակում, վերաբնակեցման կազմակերպման և իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների իրավական ամրագրում:
2019թ. անփոփոխ կմնան աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը (16 000 դրամ), ինչպես նաև աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը (առաջին տասը տարվա համար` 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ), զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը՝ 16 000 դրամ, ինչպես նաև զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1 500 դրամ: 2019թ. նվազագույն կենսաթոշակը կկազմի 25 500 դրամ:
2019թ. հուլիսի 1-ից ԱՀ-ում նախատեսվում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը:
Բնակարանային պայմանների բարելավման բնագավառում կշարունակվի ՙԲնակարան վարձելու կամ ժամանակավոր կացարանով ապահովման նպատակով ֆինանսական օգնության տրամադրում՚ ծրագրով պետական աջակցությունը: Այն տրամադրվելու է առավել ծանր պայմաններում գտնվող սոցիալական առանձին խմբերին պատկանող անձանց, հանրապետությունում տարերային աղետներից տուժած քաղաքացիներին, փախստականի վկայական ստացած, ինչպես նաև բնակելի շինությունների վերակառուցման հետևանքով վարձակալական հիմունքներով բնակվող ընտանիքներին: 2019թ. Մարտունի քաղաքում, ըստ նախարարի, կկառուցվի երեխաների հատուկ խնամքի կենտրոն: 
2019թ. կհստակեցվեն համապատասխան սոցիալական խմբերին պետական աջակցության ձևերը: Վերջում Ս. Ավանեսյանը պատասխանեց լրագրողների բազմաբնույթ հարցերին, որոնք վերաբերում էին սոցիալական պաշտպանության ոլորտում գործող և նախատեսվող ծրագրերին, այդ թվում զբաղվածության բնագավառում գյուղաբնակների աջակցության ծրագրին, վերաբնակեցման խնդիրների նոր առաջադրվող մոտեցումներին, սոցիալական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերին, հիփոթեքային վարկավորմամբ բնակարանների տրամադրման և բնակվարձի փոխհատուցման խնդիրներին, ժողովրդագրության հարցերին, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին 1-սենյականոց բնակարանների տրամադրման նոր որոշումներին: Միաժամանակ լրագրողները փորձեցին ճշտել իրականացվող ծրագրերի  նպատակահարմարությունը, ինչպես նաև թափանցիկությունը:

 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ