comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԶՈՐԳԵ ՓՈՂՈՑԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ
[ARM]     [RUS]     [ENG]

ԶՈՐԳԵ ՓՈՂՈՑԻ ՎԵՐԱՆՎԱՆՄԱՆ ԱՌԱՋԱՐԿ

Օրերս Ստեփանակերտի ավագանու նիստի ժամանակ որոշ փողոցներ անվանափոխելու հարց բարձրացվեց, որին ի պատասխան քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով քաղաքապետարանին կից Ստեփանակերտի տեղանունների և վերանվանման հանձնաժողովի նախագահն է, ասաց, որ հարցը լուծելի է և մեծ ծախսեր չպահանջող, ուղղակի առաջարկության հետ մեկտեղ տեղին կլինի ներկայացնել նաև տվյալ փողոցի բնակչության կարծիքը:

Եվ քանի որ Զորգե փողոցի վերանվանման հարցը վաղուց էր ծառացած, որոշեցինք ծանոթանալ նույն այդ փողոցի բնակչության կարծիքին:

Հանդիպեցինք թաղկոմ Սերգեյ Մանասյանին, ում աջակցությամբ հարցում կատարեցինք բնակչության մի մասի շրջանում: Մեծամասնության պատասխանը կանխագուշակելի էր՝ մարդիկ այնքան են մտահոգված կենցաղային խնդիրներով, որ այդ հարցումը զարմանք էր առաջացնում: Հարցման փոխարեն առաջարկեցին բարեկարգել ճանապարհները, մասնավորապես՝ խոսքը գնում էր ասֆալտապատման մասին, քանի որ, երթուղային մայրուղուց բացի, մնացածը հիշեցնում է գյուղական ցեխոտ ճանապարհներ: Իսկ կոյուղու բացակայությունը... Պարզվում է, որ ձորի սկզբում անցկացված է կոլեկտոր, որից կեղտաջրերը հոսում են ձորի միջով, առաջացնում գարշահոտություն, ամռանն էլ ճանճերի, զանազան միջատների բազմազանությունից չեն կարողանում պատուհան բացել: Նման խնդիրների առկայությունը հասկանալի է դարձնում մարդկանց անտարբերությունը փողոցի վերանվանման խնդրին:
Այնուամենայնիվ, երիտասարդ սերունդը դրական արձագանքեց հեռանկարային այդ փոփոխությանը: Գտնվեցին նաև մարդիկ, որոնց համար Զորգե փողոցի անունն ասոցացվում է մանկության օրերի հետ:
Տեղեկացնենք, որ ի տարբերություն ձորի ՙբերանին՚ ապրողներին, մայրուղու վերևի մասում (բարձունքում) ապրող բնակչության կենցաղային խնդիրները համեմատաբար բարելավված են: Հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ Զորգե փողոցում է ապրում ԱՀ ԱԺ պատգամավոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Գագիկ Բաղունցը, ում հետ էլ զրուցեցինք բարձրացված հարցի շուրջ:
ՙԵս էությամբ պահպանողական եմ: Չեմ սիրում չմտածված փոփոխությունները: Ձգտում եմ հասկանալ այն ժամանակվա դրդապատճառները, երբ որոշվում էր այս կամ այն հասարակական վայրը կոչել որևէ գնահատված մարդու անունով: Եվ քանի որ խոսքը գնում է Զորգե փողոցի մասին, կարող եմ մի քանի տեղեկություն հայտնել այդ երևելի հետախույզի մասին: Ռիխարդ Զորգեն ծնվել է 1895թ., Բաքվում, հրեական ընտանիքում: Նրա հայրը գերմանացի ճարտարագետ էր, ով զբաղվում էր նավթի արդյունահանմամբ: Երեք տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվում է Գերմանիա, որտեղ և կրթություն է ստանում՝ լրագրողի, հետախույզ-դիվանագետի մասնագիտությամբ: Ընդգրկվում է ԽՍՀՄ գլխավոր հետախուզական վարչությունում: 1933-1941թթ. աշխատում է Ճապոնիայում: Բացառիկ ծառայություններ է կատարել ԽՍՀՄ-ի համար: Մասնավորապես՝ Ստալինին զգուշացրել էր Գերմանիայի հարձակման մասին: Ճապոնական արդարադատության կողմից մահապատժի է ենթարկվել 1944թ: 1964թ. հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման: ԽՍՀՄ-ը մեր պատմության մի հատվածն է և այդ հատվածում ընդունել ենք որպես հայրենիք, որի համար մեծ զոհաբերությունների ենք գնացել՚,- մտքերով կիսվում էր մտավորականը:
Սովետական Միության` մեր պատմության վրա ունեցած բացասական դերակատարության մասին հակադարձս ուղղեցի մտավորականին, որի հետ նա համաձայնեց, բայց ընդգծեց, որ այդ իրողությունը չպիտի ազդի այդ ժամանակ հերոսացած անձերի համբավի վրա, քանի որ նրանք գործում էին հանուն հայրենիքի: ՙՀամաձայնեք, որ չենք կարող մոռանալ հայազգի մարշալների, Նելսոն Ստեփանյանի և շատ-շատերի ներդրումը: Ի վերջո, մեր քաղաքը կրում է Ստ. Շահումյանի անունը, որը գործում էր Լենինի հետ մեկտեղ՚,-ընդգծեց նա: ՙԵվ այդ տեսակետից ելնելով, ինչպե՞ս եք ընդունում Զորգե փողոցի վերանվանման հնարավորությանը՚,-կրկին հարցս ուղղեցի պատգամավորին: Նա ասաց, որ, հաշվի առնելով զրույցի բովանդակությունը, պետք է մտածել անունների ցանկի մասին:
Առաջարկեցի Վաչագան Բարեպաշտի անունը, որը նա մեծ խանդավառությամբ ընդունեց: ՙԴա այն անունն է, որն ամբողջովին արժեհամակարգ է և որի գործունեության մասին գրեթե չի խոսվում: Չի խոսվում անգամ 6-րդ դարում նրա հեղինակած Սահմանադրության մասին, որի գրագետ ներկայացումն աշխարհին մեծ համբավ կբերի Արցախին՝ որպես դեռևս վաղ միջնադարում քաղաքակրթության զարգացման համար հզոր գործիքակազմ մշակող ու կիրառող երկիր՚,-ողջունեց Գագիկ Բաղունցը:

Էմմա ԲԱԼԱՅԱՆ