comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՊԱՀԱՆՋՎԱԾ Է

Հունվարի վերջին օրը ԱՀ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Գալստյանը հրավիրել էր մամուլի ասուլիս` ներկայացնելու վերջին երկու տարում իրականացված աշխատանքները։ Ասուլիսին ներկա էր Փաստաբանների պալատի նախագահ Օլգա Ալթունյանը։

 Նշելով, որ կառույցն առաջին անգամ էր նման ձևաչափով հանդիպում ԶԼՄ-ների հետ, Օ. Ալթունյանը նախ անդրադարձել է Փաստաբանների պալատի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող գրասենյակի հիմնական գործառույթներին ու նպատակներին։ Կառույցն ստեղծվել է հանրապետության սոցիալապես անապահով խավերին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով։ Փաստաբանները, ովքեր ստանձնում են այդ աշխատանքը, կոչվում են հանրային պաշտպաններ և վարձատրվում են պետական բյուջեից` օրենքով սահմանված չափով և կարգով։ Անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կարգավորվում է ՙՓաստաբանության մասին՚ ԼՂՀ օրենքի 42-րդ հոդվածով։ Մինչ 2006-2017թթ.Հանրային պաշտպանի գրասենյակում ընդգրկված փաստաբանների կողմից անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերվում էր հիմնականում քրեական գործերով, քաղաքացիական գործերից հանրային պաշտպանի իրավունք ունեին միայն ալիմենտ բռնագանձելու կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջներով դիմողները։ Արդեն երկու տարի է՝ հանրային պաշտպաններն անվճար իրավաբանական օգնություն են տրամադրում քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով։ Այդ ծառայությունից հնարավորություն ունեն օգտվել որոշակի կարգավիճակ ունեցող անձինք, ովքեր իրենց անվճարունակությունը հաստատող հավաստի փաստեր են ներկայացնում. այդ շարքում են ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, դատապարտյալները, Հայրենական մեծ պատերազմի և ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները, գործազուրկները, միայնակ բնակվող կենսաթոշակառուները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք, փախստականները, ԱՀ-ում ժամանակավոր ապաստան ստացածները։ Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է խորհրդատվություն, հայցադիմումների, դիմումների և դատավարական փաստաթղթերի կազմում, ինչպես նաև ներկայացուցչություն կամ պաշտպանություն դատական նիստերի ընթացքում։ Ըստ Գրասենյակի ղեկավար Ալ. Գալստյանի՝ անվճար իրավաբանական օգնություն չի նախատեսվում ձեռնարկատիրական բնույթի և նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարի պահանջով գործերի դեպքում։ 

Գրասենյակի աշխատանքներում ընդգրկված 25 փաստաբաններից 20-ը զբաղվում է քրեական, 5-ը՝ քաղաքացիական գործերով։ Նախ ներկայացնելով 2017թ. արդյունքները՝ Ալ, Գալստյանը նշեց, որ այդ ընթացքում իրավաբանական օգնություն է տրամադրվել 810 քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող 861 անձանց։ Քաղաքացիական գործերով օգնություն է ցուցաբերվել 165 քաղաքացու։ 2018թ.Գրասենյակ դիմողների թիվը նկատելիորեն աճել է. հաշվետու տարում մինչդատական և դատական վարույթներով հանրային պաշտպանները մասնակցություն են ունեցել 932 քրեկան գործերի, ընդ որում՝ 42 անձանց նկատմամբ վարույթը կարճվել է նախաքննության, 26-ի նկատմամբ՝ դատաքննության ընթացքում։ 160 անձանց նկատմամբ նշանակվել է պայմանական պատիժ, իսկ երեք անձ արդարացման դատավճռի է արժանացել։ Գրասենյակի պատասխանատուն նաև նշեց, որ ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների և քննչական մեկուսարանի կալանավորների դիմումներով այցելություններ են կատարվել, ցուցաբերվել է իրավաբանական օգնություն՝ խորհրդատվություն, անհրաժեշտ իրավաբանական բնույթի փաստաթղթեր, կազմելով նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ։
Նախորդ տարում քաղաքացիական տարբեր բնույթի գործերով անվճար իրավաբանական ծառայություն է մատուցվել 175 քաղաքացու։ Ցուցաբերված օգնությունից 33-ին տրվել են բանավոր խորհրդատվություններ, իսկ մնացած 142-ից 112-ի մասով կազմվել են հայցադիմումներ և դիմումներ, 2-ի մասով՝ վերաքննիչ բողոքներ, 26 մասնակցություն դատական նիստերում՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, 2 մասնակցություն դատական նիստերում՝ վերաքննիչ դատարանում։ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է 9 գործ։ Վերոնշյալ 175 անձանցից 9-ի գործերը վերաբերում են ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված/մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, 8-ը՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին, 9-ը՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցներին, 1-ը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի, 139-ը՝ անվճարունակ անձանց։ Ընդհանուր առմամբ` տարվա ընթացքում ստացվել է 180 քաղաքացիական գործերով դիմում, սակայն հետագայում 7 դիմումատուներ տարբեր պատճառներով հրաժարվել են իրենց մտադրությունից, երկու դեպքում առկա էր ամուսնալուծության և ալիմենտ բռնագանձելու պահանջ, իսկ 3 դիմողներ հետագայում պարզապես չեն ներկայացել իրավաբանական օգնություն ստանալու համար։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ալ. Գալստյանը նշեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակը պահանջված կառույց է, և նրա կազմում ընդգրկված փաստաբանները մատուցում են որակյալ ծառայություններ՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելով իրենց վստահորդներին։ Նա նաև շեշտեց, որ որևէ պետական մարմին չի կարող միջամտել հանրային պաշտպանների գործունեությանը՝ վստահեցնելով, որ Գրասենյակը ապագայում ևս լինելու է հետևողական, որպեսզի յուրաքանչյուր գործով առավել արդյունավետ ու որակյալ պաշտպանություն իրականացվի։
Փաստաբանների պալատի նախագահ Օ. Ալթունյանը հավելեց, որ կառույցն առաջնային խնդիր է դիտարկում նաև հանրության իրավագիտակցության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Փաստաբանները պարբերաբար հանդիպումներ են կազմակերպում ավագ դպրոցների աշակերտների, բուհերի ուսանողների և զինծառայողների հետ։
Հանրային պաշտպանները պարբերաբար վերապատրաստման դասընթացների են մասնակցում։ Շարունակական է համագործակցությունը ՀՀ փաստաբանների պալատի և փաստաբանական դպրոցի հետ, մեր փաստաբաններին հնարավորություն է ընձեռվել հեռավար կարգով անցնել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, դիմորդները նաև կարողանում են ՀՀ փաստաբանական դպրոցում ուսում ստանալ։
Վերջում Օ. Ալթունյանը տեղեկացրել է, որ 2018թ. նոյեմբերին Մոսկվայում կազմակերպված՝ ՙՄարդու իրավունքների պաշտպանությունը չճանաչված պետություններում՚ խորագրով կոնֆերանսին Արցախը ներկայացրել է Փաստաբանների պալատի անդամ Էրիկ Բեգլարյանը, ում ելույթը դրական արձագանքներ է ստացել գիտաժողովի աշխատանքներին մասնակցող տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից։

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ