comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
...ԻՆՉՊԵՍ ԼԵՌՆԵՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

...ԻՆՉՊԵՍ ԼԵՌՆԵՐԸ

Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Եղծահող համայնքը գտնվում է բերդաքաղաքից 30 կմ, իսկ Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքի կազմի մեջ ընդգրկված են Եղծահող, Կանաչ Թալա և Ծաղկաձոր բնակավայրերը։

Գյուղի դիրքը բարձրլեռնային է, ունի 4306,6 հա տարածք, համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։ Վերջերս գործընկերներով լինելով Եղծահողում` փորձեցինք ծանոթանալ տեղանքին, համայնքի կենսակերպին։ Գյուղի ամենաբարձր կետում կառուցված նորակառույց եկեղեցու մոտ տեղակայված են գյուղապետարանը, բուժկետը, իսկ արդեն գյուղամիջում` մշակույթի տունն ու դպրոցը։ Մեզ դիմավորեց Եղծահողի համայնքապետարանի քարտուղար Սամվել Գաբրիելյանը, մեր խնդրանքով ներկայացրեց գյուղի առօրյան։

Համայնքն ունի 148 բնակիչ, որոնցից 26-ը թոշակառուներ են։ Եղծահողի կազմի մեջ ընդգրկված Ծաղկաձոր գյուղն ունի չորս բնակիչ, իսկ Կանաչ Թալա համայնքը՝ 16։ Գյուղի անվանման հետ կապված պարզաբանումներ տվեց նաև 87-ամյա Նապոլեոն Առստամյանը։ Նրա պարզաբանմամբ՝ տեղանքի հին եկեղեցին կառուցվել է 1762թ. և այն նախատեսված էր շրջակա գյուղերի համար։ Աստիճանաբար եկեղեցու շուրջ հիմնվել են տներ, և բնակավայրը ստացել է Եղծահող անվանումը, այսինքն՝ եկեղեցու հող։ Խորհրդային շրջանում եկեղեցու գմբեթը քանդել են և փոխարենը 6 սենյակ կառուցել՝ ակումբի և գործավարական նշանակության աշխատասենյակների համար։ Սակայն մինչև հիմա էլ համայնքի տարեցները գյուղամիջի հին եկեղեցին են գալիս աղոթելու, մոմ վառելու և որպես սրբություն այն պահպանելու։ Իսկ գյուղի ամենաբարձրադիր կետում 2008թ. ծննդով եղծահողցի Ռուդիկ Կասյանի հովանավորությամբ կառուցվեց Սուրբ Սարգիս եկեղեցին։ Հայ Առաքելական եկեղեցու տաղավար և այլ կարևոր տոներին Շուշիից քահանա է այցելում և մատուցում պատարագ, կատարում այլ արարողություններ։ Գյուղացիներն էլ հետամուտ են նշելու կարևորագույն տոներն ու հիշարժան օրերը, հատկապես մեծ շուքով մայիսի 18-ին նշում են Բերդաձորի ազատագրման օրը։ 1991-1992թթ. նրանք ուղիղ 1 տարով բռնի տեղահանված էին գյուղից։ 1991-ին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի աջակցությամբ, ադրբեջանցիներին հաջողվել է հայաթափել ենթաշրջանի գյուղերը։ Դեռևս 1988-ից շրջապատված լինելով ադրբեջանական գյուղերով՝ Բերդաձորի ենթաշրջանի բնակավայրերը մնացել էին առանց հաղորդակցության ուղիների, կապի միջոցների։ Հակառակորդը տարբեր գյուղերում տեղակայել էր ռազմական հենակետեր և զորախմբեր, պարբերաբար հարձակվել, թալանել, հրկիզել է գյուղերը, պայթեցրել շինությունները, ահաբեկել խաղաղ բնակչությանը։ 1992-ի մայիսի 17-ին ենթաշրջանը լիովին ազատագրվեց։ Արցախյան գոյամարտում և Հայրենական մեծ պատերազմում նահատակված եղծահողցիների հիշատակին բարերար Ռ. Կասյանի ներդրումներով կառուցվել է հուշահամալիր։
Նապոլեոն Առստամյանը նշեց, որ Եղծահողում բնակչությունը հաստատվել է 1904 թվականից, իսկ դպրոցը կառուցվել է 1930թ.։ Սկզբում գյուղը փոքր էր, ուներ 28 տնտեսություն, այժմ 40 տնտեսություն ունի, բայց բնակչությունն աստիճանաբար նվազում է։ Քանի որ Նապոլեոն Առստամյանը 51 տարի Եղծահողի դպրոցում դասավանդել է քիմիա, ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներ, մեզ տեղեկացրեց, որ 1950-60թթ. դպրոցն ուներ 86 աշակերտ, ցավոք, այժմ կրթօջախն ունի ընդամենը 12 աշակերտ, գործում է 3,5 կոմպլեկտ դասարանով։ Դպրոցը հիմնովին կառուցվել է 2006թ., ունի կենտրոնացված ջեռուցում, ապահովված է անհրաժեշտ գույքով։ Աշակերտները մասնակցում են մշակութային ծրագրերի, տարբեր օլիմպիադաների, և 2016թ. Եղծահողն արժանացել է լավագույն մշակութային համայնքի կոչմանն ու մրցանակին։ Բարերար Ռ. Կասյանն իր հերթին ամեն տարի՝ մայիսին այցելում է հայրենի ծննդավայր և իր աջակցությունը ցուցաբերում համայնքին, տրամադրում դրամական օգնություն։ Նրա միջոցներով գյուղում կառուցվել է նաև հուշահամալիր, վերանորոգվել ակումբը, դպրոցին հատկացվել անհրաժեշտ գույք և այլ պարագաներ։
Եղծահող համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ։ Սակայն դժվարություններ են ունենում գյուղմթերքները շուկա արտահանելու գործում։ Գյուղի երիտասարդներից 10-12 հոգի աշխատում են մոտակա գազի լցակայաններում և հիդրոէլեկտրակայաններում։ Եղծահողի բնակիչներն ապահովված են բնակելի տարածքներով, սակայն, ինչպես նշեցին մեր զրուցակիցները, հիմնականում զբաղվածության խնդիր ունեն, որի պատճառով երիտասարդությունն աստիճանաբար լքում է բնակավայրը։ Ընդհանուր առմամբ` համայնքը գազիֆիկացված է, ապահովված է էլեկտրական հոսանքով, փողոցները լուսավորված են, ջրամատակարարման խնդիրը լուծված է։ 2018թ. մեկնարկել է գյուղի հիմնական ճանապարհի սալահատակման ծրագիրը։ Համարյա բոլոր ընտանիքներն ունեն ավտոմեքենաներ, և կտրված չեն արտաքին աշխարհից, սակայն նրանք բոլորն էլ պնդում են, որ ցանկալի կլիներ համայնքում ունենալ կաթնամթերքի վերամշակման արտադրամաս, ինչ-որ ձեռնարկություն, որպեսզի երիտասարդները մնան գյուղում, և ժողովրդագրական վիճակը բարելավվի։ Գյուղն ունի մեկ բազմազավակ ընտանիք (10 երեխա)։ Վերջին շրջանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ընդամենը 1-2 երեխայի ծնունդ։ 2019թ. հունվար ամսին գյուղում արդեն ծնվել է մեկ երեխա, և սպասում են նաև 2-րդի լույս աշխարհ գալուն։ Դա ոգևորում է տարեցներին, հուսով են, որ գյուղը կրկին կբարգավաճի։
Գյուղամիջյան ճանապարհին հանդիպելով բարեհամբյուր տիկին Սամայային, տեղեկացանք, որ նա գյուղի 1992թ. գործող միակ խանութի տերն է։ Նրա խոսքով՝ բնակիչները հիմնականում պարտքով են առևտուր անում և ստիպված սպասում են մինչև թոշակներն ու աշխատավարձերը: Երբեմն ոմանք չեն կարողանում հետ վերադարձնել պարտքը, և ինքն էլ ճարահատյալ խանութը փակում է։
Այսպիսին է Եղծահողի առօրյան, սակայն նրանք չեն վհատվում, բայց նաև ուզում են, որ գյուղը բարգավաճի, զարգանա, երիտասարդները մնան ու աշխատեն հայրենի բնօրրանում, բնակչության թիվն էլ աճի, և իրենց լեռների պես հզոր ու ամուր կառչած մնան հայրենի հողին։
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ